Մենք ինքներս հեռացանք Նրանից, և Նա հարգեց մեր որոշումը. Ջոշ Մաք-Դաուել

35 տարեկանից փոքր այսօրվա երիտասարդ սերունդը ոչինչ չգիտի մի աշխարհի մասին, որտեղ պարտականությունները սեփական ես-ից առաջ են դրվում: Այս սերնդի համար անձնականը միշտ առաջինն է՝ թիվ մեկ առաքելությամբ՝ ինքդ քեզ լավ զգա: Նախորդ սերունդների համար պարտականությունն ու պատասխանատվությունը դուրս էին մղում անձնական ցանկություններն ու կարիքները: Առաքինություն էր համարվում սեփական ցանկություններն ավելի մեծ բարիքի համար զոհաբերելը: Այսօրվա երիտասարդ սերնդի համար այն գրեթե ճիշտ չէ:

Եղիր ինքդ քեզ նման, հավատա ինքդ քեզ, դրսևորիր ինքդ քեզ: Քեզ, քեզ, քեզ: Ամեն բան քեզ համար: Դու տեսնո՞ւմ ես այսօրվա եսակենտրոնության և Ադամի ու Եվայի մեղքի միջև եղած կապը: Դա, ըստ էության, նույն մեղքն է՝ մերժել Աստծո սերն ու առաջնորդությունն ի նպաստ սեփական ցանկություններին հետևելու և սեփական ուղին ունենալու: Այսօրվա երիտասարդությունը մեզ համար վառ օրինակ է, թե ինչ է նշանակում օտարանալ այն Աստծուց, Ով սիրո, կյանքի և երջանկության միակ աղբյուրն է:

Բայց մեծ հարցը սա է՝ ինչպե՞ս գտնել Աստծուն վերադառնալու ճանապարհը: Մենք ինքներս հեռացանք Նրանից, և Նա հարգեց մեր որոշումը՝ մեզ թողնելով մենակ, կյանքի աղբյուրից կտրված և անգլուխ հավի նման թպրտալով, որ ոչ ուղղություն ունի, ոչ էլ հույս: Եվ մենք դատապարտված ենք մնալ այդ հուսահատ վիճակում, քանի դեռ Աստված Ինքը դուռ չի բացել մեզ համար՝ հետ վերադառնալու Նրա մոտ:

Քանի որ մենք Նրա կատարյալ արդարադատության ներքո ենք, և քանի որ Նա չափազանց սուրբ է, որպեսզի հանդուրժի մեղքն Իր ներկայությամբ, ինչպե՞ս կարող ենք մենք, որ մեղքից կախյալություն ունենք, հնարավորություն ունենալ հետ վերադառնալու Նրա բարի շնորհների մեջ: Մենք չենք կարող, եթե Նա ճանապարհ չպատրաստի: Առանց Նրա ցած իջնելու և մեր ճակատագրական դիլեման լուծելու, մենք դատապարտված ենք:

Բայց, փառք Աստծուն, որ Նա հենց դա է արել: Նա ներքև է իջել մեզ մոտ և մի ճանապարհ է տվել մեզ՝ հաղթահարելու մեղքից կախյալությունն ու փրկվելու դատաստանից: Մնում է մեզ որոշում կայացնել և ընտրել կյանքը, ինչը հնարավոր է միայն Նրա հետ, Նրանով և Նրա մեջ: