Լավ առաջնորդ դառնալու 3 խորհուրդ

Ամեն մարդ այս կամ այն չափով առաջնորդ է: Իսկ ինչպես դառնալ լավ առաջնորդ, ով կոգեշնչի ու առաջ կտանի. ահա մի քանի խորհուրդ՝ առաջնորդության մեջ հաջողության հասած մարդկանցից:

  1. Ստեղծիր որակյալ թիմ և ոգեշնչիր նրանց հաջողության հասնել:

«Որակը ձգտում է որակի: Առաջնորդության մեջ առաջին քայլը՝ համոզվելն է, որ դու ունես լավ թիմ, և որ նրանք գիտեն, որ դու հավատում ես իրենց ուժերին: Շատ հաճախ առաջնորդները սեփական անվստահության պատճառով իրենց շրջապատում են պակաս օժտված մարդկանցով, որպեսզի իրենց աստղը ավելի պայծառ վառվի: Առաջնորդության առաջնահերթությունները սկսվում են տաղանդավոր, որակավորված ու ստեղծագործական թիմի ստեղծումից, որը պահպանում է ընդհանուր տեսիլքը ու դրա հետևից շարժվում». Էդ Ստետցեր՝ Բիլլի Գրեհեմի Կենտրոնի գործադիր տնօրեն:

«Հիսուսը գիտեր մարդկային սիրտը (Հովհաննես 2.17) և կոչ էր անում մեզ իմաստությամբ գնահատել շրջապատողներին: Առաջնորդները պետք է հասկանան, թե ինչ գործ է հարմար ամեն մարդու: Լավ առաջնորդների մոտ զարգացած է ներքին զգացողությունը: Նրանք զգում են մարդկանց, ովքեր ամեն բան լսում են, բայց չեն փոխվում ու չեն սովորում: Նրանք կարող են տեսնել ներուժ ամեն նորեկի մեջ» Ջոն Փայփեր:

  1. Փոխանցիր իշխանությունը:

«Սա մեծ կարևորություն ունի թիմի հաջողության ու առողջության համար: Տաղանդավոր ու կարող մարդկանց առկայությունը թիմում նշանակում է, որ նրանց կարելի է վստահել պատասխանատվության ու լիազորությունների մի մասը:

Ըստ էության՝ խոսքը ձեր պարտավորությունների որոշակի մասը մեկ ուրիշին հանձնարարարելու մասին է, ինչը ձեզ թույլ է տալիս կենտրոնանալու ավելի առաջնահերթ նպատակների վրա: Իսկ դա էլ կարևոր գործիք է՝ թիմի անդամներին սովորեցնելու առաջնորդել». Էդ Ստետցեր՝ Բիլլի Գրեհեմի Կենտրոնի գործադիր տնօրեն:

  1. Լուծիր քննադատության հարցերը:

«Եթե քննադատությունը մեզ հունից հանում է, մենք երբեք չենք կարողանա դառնալ հոգևոր առաջնորդ: Սա չի նշանակում, որ մենք պետք է դառնանք մարդիկ, ովքեր չեն զգում ցավ ու նեղվածություն, բայց ցավը չպետք է զրկի մեզ գործելու կարողությունից: Պողոսի հետ միասին մենք կարող ենք ասել. «Ամեն բանի մեջ նեղված ենք, բայց չենք ճնշված. կարոտ ենք, բայց չենք տարակուսել» (Բ Կորնթացիս 4.8):

Իհարկե, առաջնորդը պետք է սովորի հաղթահարել նեղվածությունը, որովհետև դա անխուսափելիորեն հանդիպելու է իր ճանապարհին: Քննադատությունը սատանայի սիրելի զենքերից է, որով նա սիրում է հունից հանել քրիստոնյա առաջնորդներին:

Ցանկանում եմ նշել, սակայն, որ առաջնորդները պետք է ուշադրություն դարձնեն կոնստրուկտիվ քննադատությանը և ընդունեն արդարացված քննադատությունը: Կատարյալ մարդիկ չկան, և Ջոնաթան Էդվարդսը մի անգամ ասել է, որ իր համար դա որոշակի հոգևոր կարգապահություն է՝ փնտրել ճշմարտության սերմը յուրաքանչյուր քննադատական նկատողության մեջ, որ հնչում է իր հասցեին, նախքան այդ քննադատությունն անտեսելը». Ջոն Փայփեր: