Ամեն շունչ ունեցող թող օրհնի Տիրոջը…

Օրհնեցե՛ք. սա կոչ է, որ անցնում է ամեն սաղմոսով՝ հասնելով վերջին՝ 150-րդ սաղմոսում իր գագաթնակետին: Այստեղ հաճախականությունը վերածվում է անդադար կրկնողության.

«Օրհնեցեք…  Օրհնեցեք…  Օրհնեցեք…  Օրհնեցեք…  Օրհնեցեք…Ամեն շունչ թող օրհնի…» (Սաղմոս 150):

Այստեղ փառաբանությունը պարզապես երգ չէ, բառ կամ թեմա, այլ ստեղծագործության հոգին և հոգու ստեղծագործությունը, կյանքի երաժշտությունը և երաժշտության հոգին:

Այստեղ հնչում են ոչ միայն շեփորը, տավիղն ու քնարը, թմբուկը, թելավոր նվագարանները և սրինգն ու ծնծղան: Այստեղ ողջ աշխարհն է դառնում երաժշտական գործիք, որ փառաբանում է Աստծուն:

Սաղմոսերգուն թվարկում է լավագույն գործիքները, բայց դա իրեն քիչ է թվում: Նա հիշում է սրբարանն ու երկինքը, բայց այդ բարձունքներն էլ քիչ են: Սաղմոսի հեղինակը ցանկանում է, որ այդ փառաբանությունը գրավի ողջ վերևն ու ներքևը, հրեշտակներին ու մարդկանց, թագավորներին ու ծառաներին, գազաններին ու թռչուններին:

«Ամեն շունչ ունեցողը թող օրհնի Տիրոջը». կոչ է անում սաղմոսի հեղինակը:

Մի՞թե շնչելն ու օրհնելը նույն բանը չեն: Մի՞թե մենք Աստծուն գոհություն չենք արտաշնչում: Մի՞թե մենք չեն շնչում Նրա կյանքը, Նրա հոգին:

Միայն երբ մենք միանում ենք Աստծո տիեզերական փառաբանությանը, մենք կյանքի ենք վերադառնում: Առանց դրա մենք նման ենք երեխաների, ովքեր մրցակցում են շունչը պահելու մեջ, կամ մեծահասակների, ովքեր դադարել են խոսել միմյանց հետ և խոսքերի փոխարեն ծուխ են բաց թողնում, նման սմարթֆոնների «ստրուկների», ովքեր մոռացել են բառերը:

Երբ մենք արտաշնչում ենք փառաբանության առաջին խոսքերը, մենք հետ ենք ստանում կյանքի հոգին: Օրհնում, շնչում ու ապրում ենք:

Սաղմոսները կանչում են մեզ ապրելու, ապրելու իրական ու լիարժեք կյանքով, որում ամեն բան հնչում է երգչախմբով, որում մենք միայնակ չենք, այլ միաբան՝ ամեն «շունչ ունեցողի» հետ, որում Աստված այնքան մոտ է, որ դառնում է մեր շունչը, խոսքը և երգը:

Միխայիլ Չերենկով