Ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու. հովիվ Արթուր Սիմոնյան

Ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու. հովիվ Արթուր Սիմոնյան«Բայց եթե Տիրոջը ծառայություն անելը ձեզ անհաճո է, ընտրեցեք այսօր ձեզ համար, թե որն եք պաշտելու. գետի այն կողմին ձեր հայրերի պաշտած աստվածնե՞րը, թե՞ ամորհացիների աստվածները, որոնց երկրի մեջ դուք բնակվում եք. բայց ես և իմ տունը Եհովային ենք պաշտելու» (Հեսու 24.15):

Հեսուն հրաշալի խոսքեր հռչակեց. «…Ես և իմ տունը Եհովային ենք պաշտելու»: Ժամանակ առ ժամանակ սրտումս մեծ ցանկություն է առաջանում՝ հատուկ հավաքույթներ կազմակերպելու տղամարդկանց համար, որպեսզի տղամարդիկ հավաքվեն մեկտեղ, երկրպագեն և պաշտեն Տիրոջը:

Շատ անգամ, երբ խոսվում է Տիրոջը ծառայելու մասին, տղամարդիկ սկսում են երկմտել՝ ծառայե՞ն, թե՞ ոչ: Հեսուն մեզ համար լավ օրինակ է. նա տղամարդուն վայել հայտարարություն արեց՝ պատասխանատվություն վերցնելով ոչ միայն իր, այլև իր ընտանիքի և ժողովրդի հոգևոր վիճակի համար:

Ես հավատում եմ, որ բարձրանում է տղամարդկանց նոր սերունդ, ովքեր ոչ թե իրենց ընտանիքի անդամներին կհարցնեն՝ ուզում եք փրկվել, թե ոչ, այլ համարձակորեն կհռչակեն. «…Ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու»:

Պատկերացրեք, թե ձեր ընտանիքով մի նավի մեջ եք, որն սկսում է խորտակվել: Ինչպե՞ս կվարվեք: Մի՞թե ձեր կանանց և երեխաներին կհարցնեք՝ ուզում եք փրկվել, թե ոչ: Համոզված եմ, որ, առանց մեկ վայրկյան կորցնելու, նրանց փրկարար բաճկոններ կհագցնեք:

Նմանապես, ոչ ոք իր հիվանդ երեխային չի հարցնի՝ ուզում ես դեղ խմել, թե ոչ, այլ ամեն ինչ կանի, որ նա անհրաժեշտ բուժում ստանա: Ճիշտ այդպես էլ պետք է համարձակ որոշում կայացնեք ձեր ընտանիքի անդամների հոգևոր փրկության հարցում:

Հեսուն ժողովրդին ասում էր. «Բայց եթե Տիրոջը ծառայություն անելը ձեզ անհաճո է, ընտրեցե՛ք այսօր…»: Շատերի համար ավելի հաճելի է հեռուստացույցի առջև նստելը կամ դատարկաբանությամբ զբաղվելը, քան Տիրոջը ծառայություն անելը: Սակայն հավատացած եմ, որ այսօրվա խոսքը կարդալով՝ դուք կգիտակցեք Տիրոջը ծառայելու կարևորությունը, և Հեսուի նման կհռչակեք. «…Ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու»:

Սիրելինե՛ր, կյանքը կարճ է: Մենք ապրում ենք վերջին օրերում, և շատ քիչ ժամանակ է մնացել Տիրոջը ծառայելու համար: Եկե՛ք փրկօղակ նետենք կործանվող մարդկանց, որպեսզի նրանք էլ փրկվելու և Տիրոջը ծառայելու հնարավորություն ունենան:

Աստվածաշունչն ասում է, որ վերջում անպայման կտեսնենք Տիրոջը ծառայողի և չծառայողի տարբերությունը: Ամե՛ն: