Հղիություն՝ լեյկեմիայի փոխարեն. վկայություն

Հղիություն՝ լեյկեմիայի փոխարեն. վկայությունԵս խնդիրներ ունեի՝ կապված արյանս հետ: Ինձ շատ վատ էի զգում, շատ թույլ էի: Անընդհատ հոգնածություն էի զգում, վախենում էի մենակ լինել փողոցում, քանի որ հաճախ աչքերիս առջև սևանում էր: Չունեի ոչ մի ուրախություն: Չէի ցանկանում ոչ ոքի տեսնել, դեպրեսիա էր սկսվել ինձ մոտ: Բժիշկն ինձ զննելով՝ հետևության եկավ, որ ինձ մոտ լեյկեմիա է: Հաստատ իմանալու համար, սակայն, պետք էր պունկցիա անել: Եվ ասաց, որ դրա համար ուղիղ մեկ ամիս հետո այցելեմ իրեն:

Այդ մեկ ամսվա ընթացքում ինձ հրավիրեցին եկեղեցի: Ես վաղուց էի փնտրում Աստծուն, բայց այդպես ստացվեց, որ Նա Ինքը գտավ ինձ: Գնացի ծառայության, լսեցի Խոսքը, Աստված Իր մեծ սիրով հպվեց սրտիս, և ես ապաշխարեցի:

Այդ օրվանից իմ կյանքում ամեն բան սկսեց փոխվել դեպի լավը: Ես աղոթում էի, որ Աստված հաներ ինձ այդ ծանր վիճակից, բուժեր թե՛ իմ զգացմունքներն ու մտքերը, թե՛ իմ մարմինը: Եվ օրեցօր ուժերս ասես վերականգնվում էին:

Երբ մեկ ամիս անց գնացի բժշկի մոտ, հավատում էի, որ արյանս հետ ամեն բան կարգին է: Հիվանդանոցի ճանապարհին անընդհատ աղոթում էի, որ Աստված թույլ չտա «պունկցիա» անել, գործը չհասնի դրան: Վերջապես անալիզներ վերցրեցին, պարզվեց, որ արյանս բաղադրությունը դեռևս նորմալ չէ: Շատ զարմացա, քանի որ ինքնազգացողությունս բավականին լավ էր: Բժիշկն ասաց, որ առավոտյան անհրաժեշտ իրերով նորից գամ իր մոտ, որպեսզի «պունկցիա» անեն՝ ամեն դեպքում: Եվ երբ շրջվեցի, որ գնամ, հանկարծ նա կանգնեցրեց ինձ ու ավելացրեց, որ ես դեռ շատ երիտասարդ եմ, թող մի քանի ամիս էլ անցնի, հետո կանեն: Վեց ամիս հետո պետք է նորից գայի նրա մոտ, բայց վատ զգալու դեպքում՝ ավելի շուտ:

Ես այնքան երջանիկ էի: Հավատում էի, որ Աստված կբժշկի մինչև վերջ, ու էլ կարիք չեմ ունենա նորից բժշկի դիմելու:

Կես տարի անց ես արյան անալիզներ հանձնեցի արդեն բժիշկ-գինեկոլոգի մոտ: Նա ասաց, որ արյանս հետ ամեն բան կարգավորված է, ավելին՝ ես հղի եմ մեր երկրորդ երեխայով: Արդեն մի քանի տարի էր, ինչ մենք ցանկանում էինք երկրորդ երեխան ունենալ, բայց չէր ստացվում: Եվ ահա Աստված օրհնեց մեր ընտանիքը:

Ես ամբողջ սրտով շնորհակալ եմ մեր հրաշագործ Աստծուն. Նա ոչ միայն բուժեց ինձ կատարելապես, այլև պարգևեց երկրորդ զավակին:

Օլգա Վ.