Յոթ մեղք, որ քանդում է եկեղեցին. Հայտնություն գիրք

Յոթ մեղք, որ քանդում է եկեղեցին. Հայտնություն գիրքԱստվածաշնչի Հայտնություն գրքում գրված է յոթ եկեղեցիների և այն մեղքերի ու տկարությունների մասին, որ կային այդ եկեղեցիներում:

Հետաքրքիր է, որ այսօր էլ այդ յոթ մեղքերը կարելի է հանդիպել մերօրյա եկեղեցում:

Այսպիսով, դրանք են՝

Հավատքը կրոն դարձնելը.

«Բայց քեզ դեմ այս ունեմ, որ քո առաջին սերը թողել ես։ Արդ հիշիր, թե որտեղից վայր ընկար, և զղջա, և առաջին գործերն արա. ապա թե ոչ՝ կգամ շուտով քեզ մոտ, և քո ճրագակալը կշարժեմ իր տեղիցը, եթե չապաշխարես։ Բայց այս բանն ունես, որ Նիկողայոսյանների գործերն ատում ես, որոնք ես էլ եմ ատում։ Ով որ ականջ ունի, թող լսի ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ հաղթում է՝ նրան կյանքի ծառիցն ուտել կտամ, որ Աստծո դրախտի մեջ է» (Հայտնություն 2.4-7):

Եփեսոսի եկեղեցին «թողել էր իր առաջին սերը»: Այս եկեղեցում կար վարդապետություն, ամեն ինչ իր տեղում էր, բայց նրանք կորցրել էին իրենց սերը, ձգտումը դեպի Աստված: Երբ եկեղեցին Եփեսոսում նոր էր հիմնադրվել, այստեղ հավատացյալները արթնություն էին վերապրում՝ մարդիկ մկրտվում էին, բժշկվում, օրհնում Տիրոջը: Սակայն սերը, ձգտումը դեպի Աստված նվազում է՝ իր տեղը զիջելով  կրոնին, ավանդապաշտությանն ու պարտականությանը:

Վախը.

«Բնավ մի՛ վախեցիր այն բաներից, որ կրելու ես. ահա բանսարկուն ձեզանից բանտի մեջ է գցելու, որ փորձվեք, և նեղություն կունենաք տասն օր. հավատարիմ եղիր մինչև ի մահ, և կյանքի պսակը կտամ քեզ։ Ով որ ականջ ունի թող լսի ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. ով որ հաղթում է, երկրորդ մահից չի վնասվի»  (Հայտնություն 2.10-11):

Զմյուռնիայի եկեղեցին հալածանքների միջով էր անցնում, և շատ հավատացյալներ չարչարանքներ էին կրում: Այս փաստը օգտագործելով՝ սատանան փորձում էր վախ առաջացնել նրանց սրտերում՝ վերջիններիս Աստծուց հեռացնելու համար: Սիմոն-Պետրոսն այն գիշեր, երբ Հիսուսին ձերբակալել էին, նստել էր իր հակառակորդների մոտ՝ իր շուրջը կատարվածից վախեցած:

Փոխզիջումը.

«Եվ Պերգամոնի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում սրած երկսայրի սուրն ունեցողը: Բայց քեզ դեմ մի քիչ բաներ ունեմ. Որ այդտեղ Բաղաամի վարդապետությունը պահողներ ունես, որ Բաղակին սովորեցրեց, գայթակղություն դնել Իսրայելի որդկանց առաջին,  որ նրանք կուռքի մատաղ ուտեն և պոռնկություն անեն։ Այսպես դու էլ Նիկողայոսեանների վարդապետությունը պահողներ ունես, որ ես ատում եմ։ Ապաշխարիր, ապա թե ոչ՝ շուտով քեզ մոտ կգամ, և կպատերազմեմ նորանց հետ իմ բերանի սրովը։ Ով որ ականջ ունի թող լսի ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. Ով որ յաղթում է այն թաքցրած մանանայիցն ուտել կտամ նորան. Եվ սպիտակ խիճ կտամ նրան. և այն խիճի վրա մի նոր անուն գրված, որ ոչ ոք չգիտի, բացի նա որ առնում է» (Հայտնություն 2.12, 14-17):

Հայտնություն գրքում հիշատակված Պերգամոնը Ասիայի յոթ եկեղեցիներից մեկն էր: Այստեղ մարդիկ օձի տեսքով կուռքի էին պաշտում, որին փրկիչ էին անվանում: Այստեղ պահպանվել էր հունական քաղաքակրթությունը, հետևաբար կային նաև շատ այլ  տաճարներ՝ նվիրված այլ կուռքերի: Այս եկեղեցին այնքան էր թուլացել, որ չէր փորձում պայքարել մեղքի դեմ, ինչը գնալով աճում էր եկեղեցում:

Հեզաբելի մեղքը.

«Եվ Թիվատիրայի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Աստուծո Որդին, որի աչքերը կրակի բոցի պես են, և նրա ոտները կարմրած պղնձի նման։ Գիտեմ քո գործերը, և սերը, և քո ծառայությունը, և հավատքը, և քո համբերությունը, և քո գործերը, և որ վերջիններն ավելի են, քան թե առաջինը։ Բայց քեզ դեմ մի քիչ բաներ ունեմ. Որ Հեզաբել կնկանը թույլ ես տալիս, որ իրան մարգարեուհի է ասում, և իմ ծառաներին սովորեցնում և մոլորեցնում է, որ պոռնկություն անեն և կուռքի մատաղ ուտեն» (Հայտնություն 2.18-20, 26):

Հեզաբելի մասին հիշատակված է Երրորդ Թագավորաց գրքում: Նա Աքաաբ թագավորի կինն էր և Բահաղ կուռքի հետևորդը: Աքաաբի ամուսնությունն այդ կնոջ հետ Աստված մեղք է համարում:

Հեզաբելը չար, իշխող և խաբեբա կին էր. նույն ոգին գործում էր եկեղեցիներում, ինչպես հիշատակում է Հայտնություն գիրքը, և կա մինչև հիմա: Այժմ էլ կարող ենք հանդիպել մարդկանց, ովքեր ցանկանում են իշխել, կառավարել և կործանման տանել Աստծուն ծառայող մարդկանց:

Ավանդապաշտությունը.

«Եվ Սարդեսի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Աստուծո յոթը Հոգիները և յոթն աստղեր ունեցողը. Գիտեմ քո գործերը, որ անուն ունես, թե կենդանի ես, բայց մեռած ես։ Արթուն եղիր, և հաստատիր մնացածներին, որ մեռնելու մոտ են. Որովհետև քո գործերը կատարյալ չգտա Աստուծո առաջին։ Արդ հիշիր, թե ինչպես ընդունեցիր և լսեցիր. Եվ պահիր և ապաշխարիր. ապա թե չարթնանաս՝ ես կգամ քեզ վերա գողի պես. Եվ չես իմանա, թե որ ժամում քեզ մոտ կգամ։ Բայց մի քանի անձինք ունես Սարդեսի մեջն էլ, որ իրանց հանդերձները չկեղտոտեցրին. Եվ նրանք սպիտակներով ման կգան ինձ հետ, որովհետև արժանի են։ Ով որ յաղթում է, նա սպիտակ հանդերձներ կհագնի. Եվ նրա անունը կյանքի գրքիցը չեմ ջնջի. Եվ կդավանեմ նրա անունն իմ Հոր առաջին և նրա հրեշտակների առաջին։ Ով որ ականջ ունի թող լսի ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին» (Հայտնություն 3.1-6):

Այս ուղերձը վերաբերում է Սարդեսի եկեղեցուն, որը լավ համբավ ուներ: Ինչ վերաբերում է Սարդես քաղաքին, այն հարուստ քաղաք էր, սակայն լի էր կռապաշտությամբ: Այս եկեղեցին արտաքուստ լավ համբավ ուներ, սակայն Աստված Իր խոսքում գրում է, որ գիտի նրա գործերը, որ մեռած են և, որ այն կրոնի հետևից է գնացել՝ կորցնելով Աստծո Հոգին: Այս եկեղեցին կարիք ուներ Աստծո առաջնորդության և ամբողջ սրտով Աստծուն ծառայելու:

Թերարժեքությունը.

«Եվ Փիլադելփիայի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Սուրբը՝ Ճշմարիտը, որ Դավիթի բանալիներն ունի. որ բանում է և ոչ ով չի փակում, և փակում է և ոչ ով չի բանում։ Գիտեմ քո գործերը. ահա քո առաջին մի բացված դուռ դրի, և նրան ոչ ով կարող չէ փակել, որովհետև քիչ զորություն ունես, և իմ խոսքը պահեցիր, և իմ անունը չուրացար» (Հայտնություն 3.7-8):

Ֆիլադելֆիայի եկեղեցին այս խնդիրն ուներ: Այսօր շատ եկեղեցիներում կա թերարժեքության զգացում, ինչն էլ շատ անգամ հետ է պահում Աստծո գործի մեջ առաջանալուց: Հայտնություն 3-րդ գլխում գրված է.« Որովհետև իմ համբերության Խոսքը պահեցիր,  Ես էլ քեզ կպահեմ այն փորձության ժամիցը,  որ գալու է այս աշխարհի վրա, որ փորձի երկրի երեսի վրա բնակվողներին»:

Ֆիլադելֆիայի եկեղեցին հզորանում է այս խոսքից, և պատմությունից հայտնի է, որ գրեթե 1400 տարի այս քաղաքը քրիստոնյա քաղաք է համարվել՝ չնայած մահմեդականների ճնշումներին:

Հպարտությունը.

«Եվ Լավոդիկեի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում Ամենը, հավատարիմ և ճշմարիտ Վկան, Աստուծո արարածների Սկիզբը։ Գիտեմ քո գործերը, որ ոչ ցուրտ ես և ոչ տաք. Օ՛, թե ցուրտ լինեիր կամ տաք։ Ուրեմն որովհետև գաղջ ես, և ոչ տաք, և ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ իմ բերանիցը։ Որովհետև ասում ես, թե Ես հարուստ եմ և մեծացա, և ոչ բանի կարոտ չեմ: Բայց չգիտես, թե դու թշվառ, և ողորմելի, և աղքատ, և կուր, և մերկ ես» (Հայտնություն 3.14-17,21):

Այս ուղերձը վերաբերում էր Լավոդիկեի եկեղեցուն: Այս քաղաքը շատ հարուստ էր, սակայն հպարտությամբ լի: Հայտնության գրքում Հիսուս այս եկեղեցուն գոլ է անվանում, իսկ նրա հարստությունը՝ ողորմելի:

Ռոն Ֆիլիպս

Հ.Գ. Երբ կարդացիր այս տկարությունների ու մեղքերի մասին, մինչ կվերագրես դրանք քո կամ մեկ ուրիշի եկեղեցուն, նայի՛ր ինքդ քո անձին, չէ՞ որ դու ևս եկեղեցի ես, Հիսուս Քրիստոսի մարմնի մի մասնիկը…