Բարի գործեր, որոնք թույլ չեն տալիս մարդկանց Երկինք մտնել. Դեյվիդ Ուիլքերսոն

Հավատում եք, թե՝ ոչ, բայց բարեպաշտ մարդկանցից շատերը՝ ներգրավված բարեգործական գործունեության մեջ, չեն մտնի Երկինք:

Ավելին, շատերը, իրենց քրիստոնյա համարող և վստահ, թե իրենք երկնքի ճանապարհին են, կհայտնվեն ոչ երկնքի դռների առջև, թեկուզ որ իրականում նրանք չեն տրվում նողկալի մեղքերի և չեն անում վատ քայլեր:

Քրիստոնյաները, որոնց մասին ես խոսում եմ, չեն օգտագործում ոչ ոգելից խմիչք, ոչ թմրադեղեր: Նրանք խաղամոլ չեն: Տարված չեն պոռնոգրաֆիայով և խաբեությամբ չեն զբաղվում: Նրանք չար ու անաստված մարդկանց շարքին չեն դասվում:

Նրանցից շատերին կարելի է տեսնել կիրակնօրյա ծառայություններին եկեղեցում: Իրենց ազատ ժամանակը գրեթե ամբողջությամբ նրանք անցկացնում են հարազատների ու ընկերների շրջանում: Այդ մարդիկ կարևորում են ընտանիքն ու ընտանեկան հարաբերությունները:

Այս ամենը որոշների համար կհնչի վիրավորական: Ամեն դեպքում՝ ես սա ասում եմ տագնապով ու սիրող հոգատարությամբ նրանց հանդեպ, ովքեր գտնվելով Հիսուս Քրիստոսի եկեղեցում՝ չեն տեսնում, որ իրականում իրենք ուղղորդվում են ուղիղ դեպի կործանում:

Այդ մարդիկ այնքան են տարված իրենց օգտակար գործունեությամբ, որ բառացիորեն ժամանակ չեն գտնում ավելի հոգևոր բնույթ ունեցող արժեքների համար: Նրանք քրտինք թափելու աստիճան չարչարվում են իրենց բիզնեսի աճի համար, աշխատավայրում առաջ գնալու, ընտանիքի ապահովման համար, բայց նրանց ուշադրությունը բոլորովին էլ գլխավորի վրա չէ:

Աստվածաշունչն ասում է. «Առաջ Աստծո արքայությունը և նրա արդարությունը խնդրեցեք» (Մաթևոս 6.33): Սա Քրիստոսի խոսքն է, և այն մեզ ոչ թե առաջարկվում է, այլ պատվիրվում: Հիսուսը խոստանում է. «Եթե դուք առաջին հերթին որոնեք Տիրոջը, ապա Նա Ինքը հոգ կտանի այն ամենի մասին, ինչի համար դուք վազվզում ու չարչարվում եք: Իսկ դուք պետք է կենտրոնացնեք Նրա վրա ձեր ողջ ուշադրությունը»:

Հասկացեք՝ Աստված երբեք չի պահանջել, թե մենք վաճառենք մեր տները, հողերը և ամբողջ ունեցվածքը: Նա երբեք չի ասել, թե մենք թողնենք մեր աշխատանքը, առանձնանանք միայնության մեջ՝ մտորելով Աստվածաշնչի մասին: (Ճիշտ է մեկ անգամ մի երիտասարդի Նա այդպես ասաց, բայց միայն այն պատճառով, որովհետև այդ տղայի համար իր ունեցվածքը կուռք էր դարձել: Աստված չի ասել, թե բոլորը պետք է այդպես վարվեն):

Ես առիթ ունեցել եմ լսելու մարդկանցից, թե «Աստված ինձ ասել է՝ թողնել ամուսնուս/կնոջս, երեխաներիս և նվիրել ինձ ծառայությանը»: Նման մարդկանց ես ուղիղ դեմքին ասում եմ. «Աստված նման բան ձեզ չի ասել: Դրանք կամ ձեր անձնական մտքերն են, կամ էլ սատանայինը: Տերը չի զբաղվում ընտանիքներ քանդելով»:

Նման բան երբեք Աստված ձեզ չի խնդրի: Բայց Նա ուզում է լինել ձեր կյանքի կենտրոնում, որի շուրջ կպտտվի մնացած ամեն բան: Նա պահանջում է, որ Իր հետաքրքրությունները, Իր եկեղեցին, Իր գործերը լինեն ձեր առաջնահերթությունները: Նա միանշանակ պետք է լինի գլխավորն ու կենտրոնականը ձեզ համար:

Մեծ վիրավորանք կարող է քրիստոնյան հասցնել Տիրոջը, եթե Նրան երկրորդական դեր և ուշադրություն հատկացնի: Դա նույն բանն է, թե հարվածել Նրա դեմքին:

Ես ուզում եմ աստվածաշնչյան 3 նախազգուշացման մասին խոսել, որոնց վրա արժե կենտրոնացնել մեր ուշադրությունը.

  1. Ուշադիր եղեք, թե ինչ էր ասում Հիսուսը Նոյի ու Ղովտի օրերի մասին:

«Եվ ինչպես եղավ Նոյի օրերում, այնպես էլ կլինի մարդի Որդու օրերումը։ Ուտում էին և խմում էին՝ կին էին առնում՝ և մարդի էին գնում, մինչև այն օրը, որ Նոյը մտավ տապանը, և ջրհեղեղն եկավ և ամենքին կորցրեց։ Նմանապես էլ՝ ինչպես Ղովտի օրերումն եղավ. ուտում էին, խմում էին, առնում էին՝ ծախում էին, տնկում էին՝ շինում էին։ Եվ այն օրը, որ Ղովտը Սոդոմիցը դուրս եկավ, կրակ և ծծումբ տեղաց երկնքիցը և ամենքին կորցրեց։ Նույն կերպովն էլ կլինի այն օրումը, որ մարդի Որդին կհայտնվի» (Ղուկաս 17.26-30):

Ուշադիր կարդացեք, թե ինչով էին մարդիկ զբաղված կործանումից առաջ. նրանք ուտում էին, խմում էին, ամուսնանում էին: Այստեղ ոչ մի մեղքի մասին խոսք չկա: Սրանք բոլորը բարի օրինական գործեր էին: Բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ տարված լինելով այս բարի ու օրինական գործերով, դրանք ծրագրելով ու կատարելով՝ մարդիկ մոռացել էին Աստծո մասին, կյանքի աղբյուրի մասին: Այդպես էլ մենք ենք այսօր, այնքան ենք տարված լավ ու բարի գործերով, որ ժամանակ չենք տրամադրում կարևորագույնի՝ Աստծո հետ շփման ու Նրա Խոսքի ուսումնասիրման համար: Ամեն ինչ ասես ճիշտ է, հրաշալի, միայն թե Աստված առաջին տեղում չէ: Իսկ Նա հենց միայն դա էլ ուզում է:

  1. Նայեք մարդուն, ով մեծ խնջույք կազմակերպեց, բայց հրավիրվածներն անտեսեցին այն (Ղուկաս 14.16-24):

Հիսուսը հրավիրում է յուրաքանչյուրին՝ Ավետարանի փրկության ուրախությանը մասնակցելու: Պարզ ասած՝ Տերը հրավիրում է մեզ Իր հետ շփվելու: Իրականում Հիսուսը կատարեց ամենը, որպեսզի մենք ունենանք լիարժեք բավարարվածություն այս կյանքում: Սակայն ինչպես առակն է ցույց տալիս, երբ եկավ խնջույքի ժամանակը, հրավիրվածները չեկան: Խնջույքի տերը հույս ուներ, որ նրանք կթողնեին իրենց բոլոր կարևոր գործերը և կմիանային ուրախության ու փրկության տոնին, բայց ոչ ոք չեկավ:

Նրանք բոլորը զբաղված էին նորից բարի ու օրինավոր գործերով: Մեկը չեկավ, որովհետև կինն էր տանը սպասում, մեկը ագարակ էր առել ու պետք է գնար տեսնելու: Չէ՞ որ սրանք մեղքեր չեն: Ամբողջ խնդիրն այն է, որ նրանց կենտրոնացումը իրենց անձնականի վրա էր, ոչ թե Աստծո: Չկա ամուսնությունից ավելի օրինավոր մի բան: Աստվածաշունչն է ասում.  «Ամուսնուհի գտնողը բարիք է գտել և Տերիցը շնորհք ստացել» (Առակաց 18.22):

Բայց, կրկնում եմ, հարցն այստեղ ամուսնության մեջ չէ: Այդ մարդը մեղավոր էր նրանում, որ իր ընտանիքին առաջին տեղում էր դրել Աստծո փոխարեն: Չէ՞ որ այդ մարդը, վերջիվերջո, կարող էր գալ խնջույքին իր կնոջ հետ միասին:

  1. Դռան հետևում կմնան նաև շատերը , ովքեր հարս եկեղեցու մեջ էին և ունեին Փեսայի՝ Գառնուկի հետ Ուխտի ընթացք (Մաթևոս 25.1-13):

Մաթևոսի 25-րդ գլխում Հիսուսը պատմում է տասը կույսերի մասին առակը: Քանզի այդ տասը կույսերն իրենցից ներկայացնում են եկեղեցին, արդյոք դա նշանակո՞ւմ է, թե միայն քրիստոնյաների կեսը կմտնի Փեսայի հետ հարսանեկան խնջույքին: Ես դա չգիտեմ, փոխարենը մի բան գիտեմ. ավելի լավ է հնազանդվել այն խոսքին, որ այստեղ ասում է Հիսուսը:

Նայեք՝ հինգ հիմար կույսերը հենց որ լցրեցին իրենց լապտերները յուղով, անմիջապես եկան ու թակեցին դուռը՝ ներս մտնելու համար՝ ասելով. «Տեր, Տեր, բաց մեզ»: Բայց ի՞նչ պատասխան ենք մենք լսում:

Նա նրանց չհարցրեց, թե ուր էին գնացել և ինչու էին բացակայում: Նա չհանդիմանեց նրանց այն բանի համար, որ յուղը չէր բավականացել: Նա նույնիսկ չհիշատակեց իր խոսքում այն մասին, որ նրանք ուշացել էին: Նա պարզապես ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, Ես չեմ ճանաչում ձեզ»։ Հենց սրանում է կայանում գլխավոր թեման այս առակի:

Սիրելիներ, արդյոք դուք մտերի՞մ եք Հիսուսի հետ ձեր ծածուկ սենյակում, ինչպես որ եկեղեցում եք մոտիկ: Զրուցո՞ւմ եք արդյոք դուք Նրա հետ, երբ գնում եք աշխատանքի, երբ մետրո եք նստում կամ ավտոբուս: Երբ եկեղեցու ծառայությունը սկսվում է, արդյոք դուք արդեն այնտե՞ղ եք լինում: Երբ գա ժամանակը, արդյոք Հիսուսը կընդունի՞, կճանաչի՞ ձեզ: