Ինչու «անթերին» միշտ «լավագույնը» չէ. Լիզա Բիվեր

Շատ տարիներ առաջ, երբ ես ու Ջոնը հանդիպում էինք, եկավ այն պահը, երբ մենք սկսեցինք մտածել ամուսնության մասին և երազում էինք կառուցել համատեղ կյանք:

Մենք մեկ անգամ կանգնած էինք ոսկերչական խանութի մոտ և հիանում էինք ցուցափեղկում ցուցադրված նշանադրության  մատանիների ադամանդների տարատեսակ կտրվածքներով ու չափերով: Ես ուշադրություն դարձրեցի մի քանիսին, որ ինձ էին դուր եկել, որոնք ավելի մեծ ու գեղեցիկ էին, քան այն մատանիները, որ Ջոնի ուշադրությունն էին գրավել:

Վերջապես Ջոնը դադարեց ակնարկել և ուղիղ հարցրեց. «Որո՞նք են քեզ ավելի դուր գալիս՝ կես կարատ քաշո՞վ, թե՞ մեկ կարատ քաշով ադամանդները: Ըստ իս՝ մեկ կարատ չափով ադամանդը չափազանց մեծ է»:

Ես, սակայն, կասկած անգամ չունեի. «Ինձ ավելի դուր են գալիս մեկ կարատ քաշով ադամանդները»:

Մենք մտանք խանութ, ու նայելով մեկ կարատանոց մատանիների գներին՝ ես հասկացա, որ Ջոնը խնդրի առաջ կանգնեց: Դրանք ավելի շատ արժեին, քան նա ենթադրում էր: Ես հասկացա, որ իմ նախընտրություններում ես արտահայտվեցի ավելի, քան անհրաժեշտ էր: Հենց այնտեղ ես ասացի նրան, որ ինձ դուր կգա ցանկացած քար, որն ինքը ինձ կնվիրի, և առաջարկեցի միասին չընտրել դրանք: Ես իսկապես ուզում էի, որ դա անակնկալ լիներ:

Այդ երեկո Ջոնը որոշում կայացրեց: Նա չէր կարող գնել ինձ համար մեկ կարատ քաշով ադամանդ և միանգամից ծրագիր մշակեց: Իհարկե, նա կարող էր ավելի էժան այլընտրանքային տարբերակ ընտրել, ինչպես օրինակ՝ ֆիանիտ՝ արհեստական քար, որ ստեղծվել է ադամանդ հիշեցնելու համար: Բայց ժամանակի հետ այն սկսում է դրսևորել իր իսկական էությունը:

Եվ չնայած դրսից դրանք կատարյալ տեսք ունեն, ժամանակի հետ դրանց տարբերությունը նկատելի է դառնում: Քանի որ դրանք զուրկ են իսկական ադամանդի ամրությունից, հետևաբար՝ հեշտ են քերծվում և կորցնում փայլը: Ջոնը վճռական էր տրամադրված: Նա գնեց ինձ համար բնօրինակն ու իսկականը՝ անկախ գնից:

Զոհերի ու ամեն հնարավոր ճանապարհներով գումար հավաքելու ամիսներից հետո, այդ թվում՝ հասարակ ու էժան սնունդի հաշվին, այդ պահը եկավ: Իմ ծնունդին նա ինձ առաջարկություն արեց. հավանաբար, որովհետև նա այլևս նվերի գումար չուներ ծնունդիս համար: Նա շատ հուզված էր այդ մատանին ինձ նվիրելիս, իսկ ես ցնցված էի: Ավելի ուշ մենք գնացինք նրա տուն, և նա ինձ ցույց տվեց ադամանդի գինը: Այդ երաշխավորված փաստաթուղթը ցույց էր տալիս դրա կարատը, կտրվածքը, գույնն ու մաքրությունը:

Ադամանդը իսկական էր: Եվ այսպես, ես ունեի իսկական ադամանդ, բայց այն փաստը, որ այն իրական էր, չէր նշանակում, որ այն չուներ թերություններ: Իրականում՝ ընդհակառակը: Իսկական ադամանդը հազվադեպ է գնահատվում՝ որպես «անթերի»: Ադամանդների մեծամասնությունը թերություններ ունեն, որոնք էլ ապացույցն են այդ քարի իսկության: Ջոնը ցույց տվեց ինձ իմ ադամանդի թերությունները, որոնք ասես քարի ծայրերին ածխածնային ստվերներ լինեին:

Ինչու եմ ես սա այժմ պատմում: Սա կարող է լավ լուր լինել ձեզ համար. իրական ու իսկական լինելու համար մեզ պարտադիր չէ անթերի լինել: Մեր բացթողումները հաստատում են մեր իսկական լինելը: Իրականում, եթե մենք ձևացնում ենք, թե կատարյալ ենք, փաստացիորեն մենք ցույց ենք տալիս մեր կեղծ լինելը:

Դուք կարող եք ձևացնել, թե անթերի մարդ եք և աշխարհին մատուցեք ձեր վերամշակման ենթարկված տարբերակը: Սոցցանցերի մերօրյա աշխարհում սա մեծ գայթակղություն է, և շատերը այդպես էլ վարվում են: Բայց իմաստուն չէր լինի ձեր կողմից այդպես վարվելը:

Ոչ ոք կատարյալ չէ, Աստծուց բացի, այդ պատճառով խորը շունչ քաշեք, թուլացեք և թույլ տվեք Նրան լինելու Մեկը, Ով կլրացնի ձեր կյանքի բացթողումները: Երբ դուք ձեզ անլիարժեք եք զգում, Նա ավելի քան լիարժեք է: Երբ դուք պակաս եք զգում, Նա ավելի քան բավական է: Երբ հողը գնում է ձեր ոտքերի տակից, Նրա շնորհը հուսալի է, ինչպես արևածագը: Նա ավելի քան հավատարիմ է ձեր բացթողումների միջոցով Իրեն արտահայտելու մեջ, այդ պատճառով չարժե թաքցնել դրանք:

Աստված ասում է Պողոս առաքյալին.

«Եվ նա ինձ ասաց. բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարվում» (Բ Կորնթացիս 12.9):

Նույն խոսքում, Պողոսը շարունակում է՝ ասելով.

«Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններովը կպարծենամ, որ Քրիստոսի զորությունը բնակվի ինձանում»:

Ճշմարիտ հավատքը չի ջանում իր բոլոր բացթողումներն ու տկարությունները թաքցնել: Ընդհակառակը, այն հասկանում է, որ մեր թերություններն իրենցից ներկայացնում են հենց այն, ինչ ընտրում է Աստված՝ մեզ և մեր միջոցով Իրեն հայտնելու:

Այդ պատճառով դադարեք թաքնվել աշխարհից: Խիզախություն ունեցեք լինելու մեկը, ով որ կաք իրականում: Աշխարհում, որը լի է կերպարներով, որոնք զգուշորեն մշակել են իրենց դերը, դիմակը դեն գցեք և հիշեք, որ իրական արժեքը նրանում չէ, որ ուրիշները ձեզ կատարյալ տեսնեն, այլ նրանում, որ նրանք տեսնեն Աստծո շնորհը, որը դրսևորվում է ձեր անկատարության միջոցով: