Դևերը լողալ չգիտեն. Դեյվիդ Ուիլքերսոն

Այս քարոզի վերնագիրը կատակ չէ, ինքս էլ հումորիստ չեմ: Ես գտնում եմ, որ Աստվածաշունչը շատ պարզ է ասում դևերի այդ հատկանիշի մասին. նրանք լողալ չգիտեն, որովհետև նրանք ատում են ջուրը:

«Եվ երբ որ պիղծ ոգին դուրս է գալիս մարդից, անջուր տեղերում ման է գալիս՝ հանգիստ խնդրելով, և չի գտնում» (Մաթևոս 12.43): Պիղծ ոգիները կամ դևերը թափառում են չոր վայրերով, որտեղ ջուր չկա: Հանգիստը, որ փնտրում են նրանք, մարմինն է՝ բնակվելու համար, այն մարմինը, որը չոր է՝ առանց որևէ ջրի:

Աստվածաշունչը տալիս է սրա շատ պարզ պատկերը Մարկոսի Ավետարանի 5-րդ գլխում: Հիսուսը մոտենում է Գադարացիների երկրի մի բնակչի, ով բռնված էր դևերի լեգեոնով՝ մոտ 2 հազար: Երբ դևերը տեսնում են Հիսուսին, նրանց գլխավորող դևն աղաղակում է.

«Քեզ ի՞նչ բան կա ինձ հետ, Հիսուս՝ բարձրյալ Աստծո Որդի. Աստծով երդում եմ տալիս քեզ, մի տանջիր ինձ» (Մարկոս 5.7):

Դևերը խնդրում են Հիսուսին՝ իրենց ուղարկել խոզերի երամակի մեջ, որ արածում էր սարի մոտ: Ես մտածում եմ, որ պիղծ ոգիները մտադրված էին այդ երամակին քշել մի անապատային չոր վայր, որտեղ նրանք կկարողանային գտնել մարդկային այլ մարմիններ՝ բնակվելու համար:

Հիսուսը թույլատրում է նրանց տեղափոխվել խոզերի մեջ, բայց հետո Խոսքն ասում է. «Եվ երամակն այն գահավեժ տեղիցը ծովի մեջ վազեց. և երկու հազարի չափ էին. և ծովումը խեղդվում էին» (Մարկոս 5.13):

Ես հաճախ զարմանում էի, թե ինչո՞ւ Հիսուսը թույլ տվեց այդ դևերին մտնել խոզերի մեջ: Ինչո՞ւ նա չուղարկեց նրանց դրսի խավարի մեջ, որտեղ նրանք էլ երբեք չէին կարող անհանգստացնել այլ մարդկանց:

Բանը նրանումն է, որ Հիսուսը երբեք ոչինչ չէր ասում և անում առանց որևէ ուժեղ հոգևոր ճշմարտության՝ այդ ամենի հետևում կանգնած: Ես հավատում եմ, որ այս իրադարձությունը ունի մեծագույն հոգևոր նշանակություն մեզ համար այսօր:

Ամբողջ Աստվածաշնչում` էջ առ էջ, ջուրը հանդիսանում է Սուրբ Հոգու նախատիպը:

Հիսուսն Ինքը ասաց. «Ինձ հավատացողը, ինչպես գիրքն ասում է, նրա փորիցը կենդանի ջրերի գետեր կբխեն։ Սա ասաց այն Հոգու համար, որ ընդունելու էին նրա հավատացողները» (Հովհաննես 7.38-39):

Սուրբ Հոգին հենց կենդանի ջուրն է: Այն իջնում է անձրևի նման (վաղ անձրևի և վերջին անձրևի): Այն թափվում է ծարաված հավատացյալների վրա: Եվ Նրա կյանքը հեղեղում է ամբողջ երկիրը՝ ինչպես անապատում գտնված աղբյուր:

Երբ ես ասում եմ, որ դևերը չեն սիրում ջուր, ես նկատի ունեմ Սուրբ Հոգուն: Յուրաքանչյուր դժոխային ոգի գիտի, որ ջուրն Աստվածաշնչում խորհրդանշում է Սուրբ Հոգուն: Եվ նրանք գիտեն, որ քանզի Հիսուսը հիմա Հոր հետ է երկնքում, ուրեմն իրենց մեծագույն թշնամին երկրի վրա Սուրբ Հոգին է, և նրանք պետք է փախչեն այն վայրից, որտեղ Նա բնակվում է:

Նրանք չեն կարող տանել Սուրբ Հոգու հոսքը ձեր ներսում, եկեղեցում կամ աշխարհում: Եվ ծովը, որում խոզերը ուղարկվեցին, նույնպես հանդիսանում էր Սուրբ Հոգու խորհրդանիշը:

Սա պետք է ծառայի՝ որպես առարկայական դաս բոլոր հաջորդող սերունդների համար: