«Ես կարող եմ օգնել նրան հիմա». դեպք Սմիթ Վիգլսվորտի ծառայությունից

Սմիթ Վիգլսվորտի տանից ոչ հեռու ապրում էր Միտչել անունով մի մարդ: Վիգլսվորտը հաճախ էր զրուցում նրա հետ հոգու փրկության մասին, բայց ամեն բան անարդյունք էր: Միտչելը ամենահամառն էր բոլորից, ում Վիգլսվորտը երբևէ հանդիպել էր: Երբ ավետարանիչը մեկ օր իմանում է, որ Միտչելը հիվանդացել է, շատ է անհանգստանում և որոշում է այցելել նրան, սակայն ոչ մի կերպ չի կարողանում ազատվել գործերից՝ հիվանդին այցելելու համար:

Եվ մի երեկո փողոցում ավետարանելուց հետո տուն վերադառնալով՝ Վիգլսվորտը հայտնաբերում է, որ կինը տանը չէ:

Իմանալով, որ նա գնացել է Միտչելի տուն, ինքը նույնպես ուղևորվում է այնտեղ: Աստիճաններով բարձրանալիս հանդիպում է տխուր տիկին Միտչելին:

– Ի՞նչ է պատահել,- հարցնում է նա:

– Իմ ամուսինը մահացել է:

Վիգլսվորտը սենյակ է մտնում և մոտենում անկողնուն, որտեղ Միտչելն էր պառկած: Անկողնու մոտ կանգնած տիկին Վիգլսվորտն ասում է:

– Պետք չէ՛, Սմի՛թ: Նա մահացել է:

– Ես ոչինչ չէի կարող անել նրա համար, քանի դեռ նա կենդանի էր. նա ուղղակի չէր հավատում,- պատասխանում է Վիգլսվորտը:- Բայց ես կարող եմ օգնել նրան հիմա:

– Պետք չէ՛, Սմի՛թ: Արդեն չափազանց ուշ է,- պնդում է կինը:

Չնայած կնոջ բոլոր փորձերին՝ ոչինչ չէր կարող հետ պահել Վիգլսվորտին իր որոշումից: Նա աղոթում է, և երբ անում է դա, կյանքը վերադառնում է մեռած մարմնի մեջ:

Դրանից հետո Միտչելն ապրում է երկար տարիներ:

Անհնարինի հանդեպ հավատքը ստիպեց Վիգլսվորտին վճռական քայլի դիմել, Աստված էլ պատասխանեց նրա հավատքին:

Ալբերտ Խիբերտի «Սմիթ Վիգլսվորտը. Նրա զորության գաղտնիքը» գրքից