Կարևոր որոշում, որ կփոխի ձեր կյանքը

hԴու հնարավորություն ունես կյանքդ փոխելու՝ կայացնելով մեկ պարզ որոշում: Այդ ընտրությունը լիովին համապատասխան է քո ուժերին, իսկ Աստծո ուժերին կատարելապես համապատասխան է քեզ զորություն տալը՝ այդ զոհն իրականացնելու համար:

Ճիշտ իրականացված ծոմն ու աղոթքը կփոխեն քո գոյության ընթացքը, կամրապնդեն քո հոգևոր աշխարհը և այս երկրի վրա քո կյանքը համապատասխան կդարձնեն Աստծո տեսիլքին: Մենք գիտենք սա, որովհետև մեր դեպքում սա գործեց: Դու չես կարող վիճել անձնական փորձառության հետ, դա փաստ է, և այն անհավանականորեն գրավիչ է:

Ես ու իմ ընկերուհին արձագանքեցինք Աստծո կոչին՝ մտնելու ամենշաբաթյա համատեղ ծոմի ու աղոթքի մեջ: Մենք հարմար օր ընտրեցինք և որոշեցինք ծոմ պահել կերակուրից, բայց դուք, գուցե, հայտնություն ստանաք մեկ այլ բանից ծոմ վերցնելու:

Մենք շատ պարզ էինք մտածում՝ մտնելով հոգևոր այդ կարգ ու կանոնի մեջ: Մենք գիտեինք մի պարզ հավասարում՝ «Աղոթք+Ծոմ=Հարցերի արագ լուծում», և եղավ հենց այնպես, ինչպես մենք ակնկալում էինք:

Որքա՜ն գթասիրտ է Աստված: Նա ցանկանում է լավագույնը մեզ համար՝ բարեփոխում, որը մեզ Իր Որդուն կերպարանակից կդարձնի: Ի ուրախություն մեզ՝ Նա շարունակում է կատարելագործել ու փոխել մեղսալից ու կոտրված տեղերը մեր կյանքում՝ Իր հավատարիմ ներմամբ ու թանկարժեք հրահանգներով: Ինչպիսի՞ն է արդյունքը: Մենք շարունակելու ենք ծոմ պահել ու աղոթել, որ դարձնենք դրանք մեր կենսակերպի մի մասը, քանի դեռ Աստված մեզ տուն չի տարել: Ինչո՞ւ: Եթե առնվազն մեկ անգամ մոտեցել ես Աստծուն, դու այլևս երբեք չես նահանջի ու չես կանգնի նույն տեղում:

Եկեք այժմ անդրադառնանք հինգ կետերին, որոնք կարող են փոխել մեր կյանքը, եթե մենք ծոմ ենք պահում ու աղոթում ենք.

  1. Ծոմն ու աղոթքը կարող են օգնել մեզ լսել Աստծուն:

«Կանչիր ինձ և ես քեզ պիտի պատասխանեմ և ես քեզ պիտի մեծամեծ և անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չգիտես» (Երեմիա 33.3):

Ձեզնից նրանք, ովքեր իրապես գիտեն Հիսուսին, մի՞թե կարող են ընդդիմանալ այս կոչին: Դուք հրավիրված եք «կանչելու» Նրան աղոթքով: Եթե ցնականում եք ավելի խորը մտերմություն ունենալ Աստծո հետ, ապա մենք խորհուրդ ենք տալիս ժամանակ գտնել այդ զոհի համար, որով դուք որոնելու եք Նրան, ինչպես երբեք նախկինում:

  1. Ծոմն ու աղոթքը կարող են ջրի երես հանել մեր թաքնված մեղքերը:

«Որովհետև իմ աչքերը նրանց բոլոր ճանապարհների վրա է. նրանք ծածուկ չեն իմ երեսի առաջին, և գաղտնի չէ նրանց անօրենությունը իմ աչքերի առաջին» (Երեմիա 16.17):

Աստված կարող է տեսնել մեր մեղքերը, ինչպես լույս տվող նեոնային ցուցանակներ: Ոչինչ թաքնված չէ Նրա հայացքից: Մենք բացահայտել ենք, որ հաճախ ավելի դժվար է խոստովանելը մեր գաղտնի մեղքերը, քան թե ակնհայտները, հատկապես, երբ դրանցում ներառված են մեր շարժառիթներն ու վերաբերմունքը:

Երբ աղոթում ու ծոմ ենք պահում, Աստված մեղմորեն շշնջում է մեր մտքին, թե իրականում ինչ էինք մտածում, երբ մեղք էինք գործում, որոնք էին մեր իրական մտադրությունները: Եվ ասես խավարչտին սենյակում լույս միացնեն՝ մենք սկսում ենք տեսնել ամեն ինչ: Չնայած, որ իրական ես-ի բացահայտումը ստիպում է ամաչել Նրա առջև, մեզ սիրող Փրկիչը Ինքն է բարձրացնում մեր երեսը, որ նայենք Իր ներող աչքերին: Երբ ապաշխարում ենք, դրա հետ միասին անհետանում է նաև թաքնվելու ցանկությունը, և գալիս է փառաբանությունն ու գոհությունն առ Աստված:

  1. Ծոմն ու աղոթքը կարող են ամրապնդել մեր մտերմությունն Աստծո հետ:

«Քո Տեր Աստվածը քո միջումը զորավոր է, նա փրկում է, նա պիտի ուրախանա քեզ վրա զվարճությամբ, նա պիտի լռի իր սիրովը և պիտի ցնծա քեզ վրա խնդալով» (Սոփոնիա 3.17):

Որքան շատ եք ճանաչում Աստծուն, այնքան ավելի եք փափագում լինել Նրա հետ: Ծոմն ու աղոթքը Աստծո ներկայության քաղցի առաջացման հիասքանչ նախապայման են:

  1. Ծոմն ու աղոթքը կարող են սովորեցնել մեզ աղոթել ճշմարիտ շարժառիթներով:

«Խնդրում եք և չեք առնում, որովհետև չար կերպով եք խնդրում, որ ձեր ցանկություններումը վատնեք» (Հակոբոս 4.3):

Դուք այլևս չեք աղոթի՝ սխալ շարժառիթներից դրդված, այլ կբարեխոսեք Աստծուն գոհաբանությամբ լի սրտով, փառաբանությամբ ու տեսիլքով:

  1. Ծոմն ու աղոթքը շինություն են տալիս մեր հավատքին:

«Բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել. որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա, և թե իրեն խնդրողներին վարձահատույց կլինի» (Եբրայեցիս 11.6):

Աստված ասում է, որ պատասխանում է մեր աղոթքներին: Մինչ մենք ծոմ էինք պահում, Աստված ամրապնդում էր մեր հավատքը՝ պատասխանելով «այո» մեր ամենաանհավանական խնդրանքներին: Նա նաև շինում էր մեր հավատքը՝ օգնելով վստահել Իրեն, երբ ասում էր մեզ «ոչ»: Ինչպիսին էլ լիներ Նրա պատասխանը, մենք գիտակցում էինք, որ կարող ենք վստահել ու հավատալ, որ Աստված ավելի լավ գիտի ամեն բան:

Մենք ճանաչեցինք Աստծուն, ինչպես երբեք նախկինում: Նրա շնորհը զարմացնում էր մեզ, քանզի Նա կանչել էր մեզ այդ զոհաբերող հարաբերությունների մեջ, որտեղ մենք ձեռք բերեցինք ավելին, քան տվել էինք: Աստված փոխեց մեր կյանքը ծոմով ու աղոթքով: Արդյոք դուք պատրա՞ստ եք, որ Նա փոխի նաև ձեր կյանքը:

Սյուզան Նիլս և Վենդի Լիթլ