Դուք երկրպագո՞ւմ եք, թե՞ անհանգստանում. Ջոյս Մայեր

«Եվ Եհովան ասաց Մովսեսին. քեզ համար մի կիզող օձ շինիր և նրան դիր մի ձողի վրա. և կլինի՝ ամեն ով որ կծվի, թող նրան մտիկ տա՝ և կապրի» (Թվոց 21.8):

Մենք այստեղ կարդում ենք իսրայելացիների մասին, ովքեր այն ժամանակ ապրելով անապատում՝ մահանում էին օձերի խայթոցներից, որոնք հայտնվել էին նրանց իսկ մեղքերի պատճառով: Մովսեսը ծնկի իջավ Տիրոջ առջև և երկրպագեց Նրան: Խնդրի լուծման համար նա չգնաց ուրիշ որևէ մեկի մոտ, այլ առանց հապաղելու՝ դիմեց Տիրոջը: Նա նույնիսկ չփորձեց ինքնուրույն ելք գտնել:

Կարդալով Աստվածաշունչը՝ ես տեսա, որ մարդիկ դժվարին իրավիճակների հանդիպելիս՝ երկրպագում էին Աստծուն, համենայն դեպս՝ գոնե նրանք, ովքեր հաջողակ էին: Նրանք չէին անհանգստանում, նրանք երկրպագում էին:

Այսօր ես ցանկանում եմ հարցնել ձեզ. ի՞նչ ես դու անում նման դեպքերում՝ երկրպագո՞ւմ ես, թե՞ անհանգստանում: Մովսեսը հարցրեց Աստծուն՝ ինչպես լուծել այդ թունավոր օձերի հարցը: Նա չկառուցեց իր ծրագրերն այդ հարցը լուծելու համար, որպեսզի հետո խնդրեր Աստծո օրհնությունը՝ դրանք ի կատար ածելու: Չփորձեց ինքնուրույն գտնել պատասխան, չանհանգստացավ, այլ երկրպագեց, ինչի արդյունքում էլ ստացավ պատասխան Տիրոջից:

Հայտնի է, որ պղնձե օձը, որ Մովսեսը պատրաստեց ու դրեց ձողի վրա, խորհրդապատկերն է խաչյալ Քրիստոսի: Եվ օձից խայթված ամեն մեկը, երբ նայում էր այդ պղնձե օձին, միանգամից առողջանում էր: Նույն ելքը ծանր իրավիճակներից, նույն ուղերձը այսօր էլ է գործում. «Նայի՛ր Խաչին ու ապրիր»:

Նայեք Հիսուսին, այլ ոչ թե ինքներդ ձեզ, նայեք, թե ինչ է Նա արել, այլ ոչ թե՝ ինչ եք դուք արել: Ինչպիսին էլ լինի ձեր խնդիրը, դրա պատասխանը Աստծուն վստահելու մեջ է և Նրան երկրպագելու, այլ ոչ՝ անհանգստանալու:

Երկրպագեք Աստծուն, խոնարհվեք Նրա առջև, քանի որ Նա ողորմած է, և Նրա բարությունն ու ողորմությունը կլցնեն ձեր կյանքը: