Առաջին անգամ Սահմանադրությամբ ամրագրվում է՝ ամուսնությունը կարող է գրանցվել միայն կնոջ ու տղամարդու միջև

Կառավարության այսօրվա նիստում  ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց  Ընտանեկան օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, ինչը պայմանավորված է նոր Սահմանադրությամբ։ Նոր Սահմանադրությունը նոր կարգավորումներ է տալիս, մասնավորապես` ամուսնության մասով:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ առաջին անգամ Հայաստանում օրենքով ամրագրվել է, որ կարող են ամուսնանալ միայն կինն ու տղամարդը: Վարչապետը հարցրեց. «Մինչ այդ ամրագրված չէ՞ր դա»։  Դավիթ Հարությունյանը նշեց, որ մինչ այժմ այս դրույթը ենթադրաբար էր գործում, այժմ՝ արդեն կամրագրվի օրենքով:

Նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում, մասնավորապես`

  1. համապատասխանեցնել Սահմանադրության կարգավորումներին,
  2. համապատասխանեցնել օրենսդրությունը միջազգային չափանիշներին՝ իրականացնելով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները,
  3. փոփոխություն է կատարվել ծնողական իրավունքներից զրկելու կարգում, որպեսզի ընդլայնվի ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնող անձանց շրջանակը,
  4. լրացում է նախատեսվել գտնված (ընկեցիկ) երեխաների հայտնաբերման դեպքերի համար, որի արդյունքում երեխային հայտնաբերելուց հետո 3 ամիս շարունակ ոստիկանությունը փնտրում է երեխայի ծնողներին և վերջիններիս չհայտնաբերման պարագայում միայն թույլատրում տվյալ երեխայի որդեգրումը,
  5. սահմանվել է, որ ամուսիններից յուրաքանչյուրը պետք է համաձայնություն տա երեխա որդեգրելու համար,
  6. երեխայի շահը պահպանելու նպատակով սահմանվել է որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողություն,
  7. ամրագրել երեխայի շահի առաջնայնությունը երեխային դաստիարակության համար խնամատար ընտանիք հանձնելիս,
  8. «երեխային տեղավորելու» եզրույթը փոխարինվել է «երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու» եզրույթով,
  9. Նախագծով ընդլայնվել է սեփական կարծիքն արտահայտելու երեխայի իրավունքը՝ հնարավորություն է տրվել նաև 10 տարին չլրացած երեխայի կարծիքը հաշվի առնել, ըստ վերջինիս տարիքի և հասունության մակարդակի,
  10. նախագծով հստակեցվում է ծնողական իրավունքներից զրկելու հիմքերը, մասնավորապես՝ սահմանվում են ժամկետներ, որոնց լրանալուց հետո իրավասու անձիք կարող են դիմել անձին ծնողական իրավունքներից զրկելու համար,
  11. նախագծով փոփոխություն է կրել նաև «որդեգրում» հասկացությունը,
  12. սահմանվել է որդեգրել ցանկացող անձանց տարիքային վերին շեմ, հաշվի առնելով բացառիկ դեպքերը,
  13. օրենսգրքի 123-րդ հոդվածով հստակեցվել է երեխայի որդեգրման պետական գրանցման գործընթացում առկա խնդիրները՝ երեխայի ազգանվան գրառման հետ կապված,
  14. նախատեսվել են խնամատար ընտանիքի տեսակները և երեխային հանձնելու հիմքերը, դրանց առանձնահատկությունները, խնամատարության տևողությունը,
  15. խնամատարությունը նախատեսվել է ոչ միայն ծնողական իրավունքներից զրկված լինելու դեպքում, այլ նաև փաստացի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար, մասնավորապես՝ հաշվի առնելով դեպքի հրատապությունն ու այլ առանձնահատկություններ:

Այս նորմերը, ըստ Դավիթ Հարությունյանի, նախորդ Սահմանադրության մեջ չեն եղել. «Քանի որ այս օրենքով սահմանել ենք մի շարք նոր պարտավորություններ, բնականաբար, նախատեսել ենք նաև սանկցիաներ: Դրանք  վարչական  և քրեական պատասխանատվություն են՝ կապված տարբեր նորմերի խախտման հետ»:

Աղբյուր՝ 1tvblog.blogspot.am