ԱՄՆ-ում բացվում է աշխարհի խոշորագույն Աստվածաշնչյան թանգարանը

Այսօր Վաշինգտոնում բացվում է պատմության մեջ ամենամեծ ժողովրդականություն վայելող Գրքի՝ Աստվածաշնչի, խոշորագույն թանգարանը աշխարհում:

Նոր թանգարանը կվերստեղծի աստվածաշնչյան պատմությունն այնպես, ինչպես նախկինում  երբեք արված չի եղել: Նրանում կարելի է տեսնել Սուրբ Երկրի գտածո իրեր և ցուցադրանմուշներ, այգի հենց այն բույսերով, որոնք հիշատակվում են Աստվածաշնչում և այդ դարաշրջանի մթերք: Այս ամենը կլրացնեն ժամանակակից տեխնոլոգիաները.   տեղեկացնում է invictory.com-ը:

«Այս թանգարանը բոլորի համար է, անգամ եթե դուք աթեիստ եք»,- նշում է Աստվածաշնչի թանգարանի վերահսկիչ խորհրդի նախագահ Սթիվ Գրինը:

Աստվածաշնչի թանգարանի գաղափարը նրանում է կայանում, որ տա հնարավորություն այցելուներին լիովին մտնելու աստվածաշնչյան դարաշրջան:

Այցելուները կարող են գալ թանգարան՝ մի նոր բան իմանալու Աստվածաշնչի մասին, կամ երեխաներին ծանոթացնելու հռչակավոր գրքի հետ, կամ պարզապես զվարճանքի համար:

Քերի Սամմերսը՝ Աստվածաշնչի թանգարանի նախագահը, նշում է, որ այն կդառնա աշխարհի կրթա-լուսավորական հաստատություններից ամենատեխնոլոգիականն ու ժողովրդականը:

Թանգարանում նաև կարելի է տեսնել ձեռքով նկարազարդված Վերածննդի դարաշրջանի մագաղաթե թերթեր, Հակոբոս թագավորի Աստվածաշնչի տարատեսակ նմուշներ, որոնք տպագրվել են առաջին տպագրական մեքենաներով:

Պատմության մեջ լիովին խորասուզվելու համար այցելուներին առաջարկվում է մտնել Քրիստոսի ծնունդի ժամանակների վերստեղծված գյուղը:

Աստվածաշնչի թանգարանի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 40 հազար քառ. մ: Նրանում կլինի 12 թատրոն, 384 պլազմային էկրան, 93 պրոեկտոր, ինտերակտիվ շփման և այլ բազում բարձր տեխնոլոգիաների ու սարքավորումների 83 դահլիճ, որոնք պետք է իրական հեղափոխություն մտցնեն Աստվածաշնչի ճանաչողության և ուսումնասիրության մեթոդներում:

Թանգարանի մուտքն անվճար է: Թանգարանի պաշտոնական կայքում նույնպես տրվում է հնարավորություն՝ կատարելու վիրտուալ շրջագայություն Աստվածաշնչի թանգարանով: