Եկեղեցի ենք գնում ոչ թե մարդկանց, այլ Աստծո համար

father and son in way to church«Այլևս չեմ գնալու Մաքդոնալդս». վերջերս հենց այս վերնագրով հոդված կարդացի ամերիկացի մի հովվի թվիթերյան էջում: Չնայած բավականին սադրիչ վերնագրին՝ ես որոշեցի կարդալ ու իմանալ, թե ինչն էր բարկացրել այդ հովվին:

Հովիվը գրում էր, որ Մաքդոլնալդսն իր ամենասիրելի ռեստորաններից մեկն է եղել տարիներ շարունակ. «Իհարկե՛, գիտենք, որ այդ սնունդը չարաշահել չի կարելի, բայց ես միշտ սիրել եմ այդտեղի սպասարկումն ու մաքրությունը: Սակայն օրերս կատարված դեպքից հետո ամեն բան փոխվեց: Երբեք կյանքում, ոչ մի հանգամանքներում, ես չեմ գնա այնտեղ»:

Ես մի փոքր ցնցված էի. ի՞նչն էր այդքան զայրացրել այդ հովվին, ու ի՞նչ էր կատարվել այնտեղ:

Նա շարունակում էր. «Երեկ, երբ մտա սրճարան ու պատվիրեցի այն, ինչ սովորաբար պատվիրում եմ, ինձ իմ սիրելի խաղողի հյութի փոխարեն մատուցեցին նարնջի հյութ: Ես մոտեցա մենեջերին ու հարցրեցի, թե ինչու իմ պատվերը չեն կատարել պատշաճ կերպով: Մենեջերը պատասխանեց. «Ցավում եմ, բայց մենք փոխել ենք կերակրացանկը ու այժմ խաղողի հյութի փոխարեն նարնջի հյութ ենք մատուցում»: Այս միջադեպն ինձ զայրացրեց, և ես որոշում եմ կայացրել այլևս երբեք չգնալ այնտեղ, չնայած, որ ինձ դուր են գալիս արագ սպասարկումը, մաքրությունը, կերակուրի որակը, սիրալիր աշխատակազմը և այլն: Երբե՛ք»:

Հավանաբար, հիմա դուք մտածում եք, թե ինչ հիմարություն է այդպես մտածելը, ինչպե՞ս կարելի է մի փոքրիկ տարօրինակ պատճառով նման որոշում կայացնել:

Ահա հենց սրա մասին էլ ուզում եմ խոսել: Շատ մարդիկ տարիներով եկեղեցի են հաճախում, և նրանց ամեն ինչ դուր է գալիս. եղբայրական հոգատարությունը, երկրպագությունը, օծված քարոզը: Բայց երբեմն ինչ-որ մանրուք, ասենք՝ նրան չեն նկատել ու չեն բարևել, նրանց դուր չի գալիս ու միանգամից ճակատագրական որոշում են կայացնում. թողնել եկեղեցին:

Այս խնդիրը շատ արդիական է այսօր հոգևոր աշխարհում: Մեկ անգամ ինձ մի մարդ մոտեցավ ու ասաց.

– Նախկինում ես եկեղեցի էի հաճախում, բայց որոշ դեպքերից հետո դադարեցի հաճախել:

Բնականաբար, ես հարցրեցի, թե՝ ինչու:

– Դե, պատճառն այն էր, որ մարդիկ այնտեղ կեղծավոր էին, երեսպաշտ,- նյարդայնացած պատասխանեց նա:

Ես ասացի.

– Իսկ դու հիմա սովորո՞ւմ ես:

– Այո՛, ամենալավ համալսարանում:

– Իսկ եթե իմանաս, որ ձեր դեկանը երեսպաշտի մեկն է, կթողնե՞ս ուսումդ:

– Չե՛մ կարծում, բայց ի՞նչ կապ ունի այստեղ դեկանը,- պատասխանեց նա:

– Կդադարե՞ս հաճախել քո ամենասիրելի խանութը, եթե իմանաս, որ այնտեղի աշխատողները կեղծավոր մարդիկ են,- շարունակեցի ես:

– Ախր խանութ են գնում գնումներ կատարելու համար, և ի՞նչ նշանակություն ունի, թե ինչպիսին են վաճառողներն ու այլ աշխատողները,- շարունակում էր զարմանալ նա:

– Ահա այստեղ էլ դու բռնվեցիր: Քո որոշումը՝ ուսումը շարունակելու և խանութ գնալու, լիովին տրամաբանական է: Բայց չգիտես ինչու, երբ գործը հասնում է եկեղեցուն, դու միանգամից փիլիսոփայում ու եզրակացություններ ես անում այն հիմքի վրա, թե այս կամ այն բանն ես լսել մեկի մասին:

Շատ մարդիկ այսօր շեղվել են չնչին պատճառներով ու այլ մանրուքներով և դադարել են եկեղեցի հաճախել: Առաջինը, ինչ մենք պետք է հիշենք, դա սա է. մենք եկեղեցի ենք գնում ոչ թե մարդկանց, այլ Աստծո համար: Հասկանալի է, որ մարդիկ կատարյալ չեն, և եկեղեցում կատարվում են տարբեր տեսակի փոփոխություններ, որոնք միշտ չէ, որ մեզ դուր են գալիս, բայց դա չպետք է ազդի առ Աստված ունեցած մեր հավատքի վրա:

Ռոման Սավոչկա