«Հոգևոր լինել և վարակել հոգևորությամբ». այսօր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրն է: Ներկայացնում ենք հատվածներ մամուլում հանրությանը երբեմնի ներկայացված նրա հարցազրույցներից և խոսքերից:

«Ամենից կարևորը երազելու ունակությունը և ապրելու ոգևորությունը պահպանելն է: Ապրել, որովհետև չես կարող չապրել: Հոգևոր լինել և վարակել հոգևորությամբ՝ անկախ դոլարի կուրսից»:

«Հարկավոր է գիտակցել և ոչ միայն ապրել զգացումներով, այլև միացնել բանականությունը, փառք տալ Տիրոջը, որ ապրում ենք այս դրախտավայրում, որի անունն է Հայաստան աշխարհ: Եվ լինել ուշադիր մեկ ուրիշ մարդու նկատմամբ: Երբ մենք ուրիշ մարդու «բշտում ենք», մոռանում ենք, որ նա էլ մեզ նման մարդ է: Իրավունք չունես հաշվի չառնել կամ քամահրանքով նայել նրան»:

«Ես կարծում եմ՝ կյանքն անվերջանալի բան է. նույնիսկ մահով չի վերջանում մեր կյանքը»:

«Իրական ստեղծագործությունը ծնվում է քո մտքի մութ տարածքի մեջ լույսեր վառելու պահին: Դու կարող ես ամենատխուր պահին արարել լույսը և կարող ես շատ ուրախ պահի լինել մելամաղձոտ մեղեդու հետ»:

«Աշխարհի բոլոր գաղտնիքները մեր ներսում են: Մեր ներսում պետք է փնտրենք շատ հարցերի պատասխաններ»:

«Ես միշտ մի բան եմ ասում` եթե դու տաղանդավոր ես, դու քո երկրի հարստությունն ես, եթե անտաղանդ ես` դա միայն քո խնդիրն է»:

«Մենք ապրում ենք շատ դժվարին, բայց և շատ հետաքրքիր ժամանակներում: Ես կցանկանայի ամեն ինչ ռեալ տեսնել, բայց յուրաքանչյուր գնահատական, անշուշտ, սուբյեկտիվ է: Մենք ապրում ենք մեծ վերափոխումների շրջանում, և հնի ու նորի միջև բախումներ կան: Ես ինքս մտքերով քայլում եմ նոր իրականության մեջ, բայց ապրում եմ հին սովորույթներով: Հասարակությունն ունի անանց արժեքներ, որոնք են` սերը, ընտանիքը, հայրենիքը, բարյացակամությունը և այլն, և այլն: Մշակույթը այս արժեքներն են, որոնք այսօր կարիք ունեն ոչ թե օգնության, այլ որ յուրաքանչյուր մարդ կարողանա իր մեջ արթնացնել դրանց նկատմամբ զգոնությունը»:

«Եթե ես ուզում եմ ստեղծագործել, դա դեռ չի նշանակում, որ ես դիպլոմավորված ստեղծագործող եմ: Ժամանակն է որոշում, թե ով ինչ հետք է թողնում իր հողի վրա»:

«Շնորհակալ եմ բոլոր վատ բաներին, քանի որ նրանք ինձ տանում են դեպի լավ բաները»:

«Երկրի առաջընթացի համար բոլոր ոլորտներում կարևորում եմ հոգևոր առաջընթացը»: