Պողոսի ընկերները. ընկերներ, ում պետք է գնահատել

Պողոսը շատ ընկերներ ուներ: Կողոսացիների ուղերձում՝ 4-րդ գլխում, նա խոսում է այն մասին, թե ինչպես էր Աստված օգտագործում իրենց՝ Բարի լուրի տարածման գործում: Ես համարում եմ, որ լավագույն մոտեցումը ընկերության սահմանման, հաստատման ու պահպանման համար կարելի է ստանալ Պողոս առաքյալի օրինակից, ոչ թե մեր սիրելի սոցիալական ցանցերից: Ահա այն որակները, որոնք ունեին Պողոսի ընկերները:

Հուսալի ընկեր՝ Արիստարքոս (Գործք Առաքելոց 27)

Նա ընկեր է, ով կողքիդ է և՛ լավ, և՛ վատ ժամանակներում: Նման ընկերները կանցնեն ձեզ հետ ամենամութ գիշերներով և ամենաարևոտ օրերով՝ ցուցաբերելով ուրախություն, հավատարմություն ու պատրաստակամություն՝ միշտ ձեռք մեկնելու: Արիստարքոսը Պողոսի հետ էր և՛ նավաբեկությունների, և՛ խռովությունների, և՛ բանտերի ժամանակ:

Ընկեր, ում հետ տարաձայնություններ ունես՝ Մարկոս

Նա ընկեր է, ում հետ դու որոշակի տարաձայնություններ ունես: Բայց նաև ունես որոշում՝ մի կողմ դնելու տարաձայնությունները, որպեսզի միմյանց օգնեք ու քաջալերեք հավատքի մեջ: Մարկոսը թողնում է առաքելությունը և վերադառնում Երուսաղեմ: Մենք չգիտենք նրանց տարաձայնությունների պատճառ դարձած ստույգ հանգամանքները, բայց միայն այն, որ Մարկոսը հեռանում է այն ժամանակ, երբ Պողոսն ու Բառնաբասը ակնկալում էին, որ նա կմնար և կավարտեր իր աշխատանքը: Չնայած ավելի ուշ Պողոսը գնահատում է Մարկոսի ծառայությունը և խնդրում եկեղեցուն՝ ընդունել նրան, եթե նա այցելի իրենց:

Ընկերներ, ում հետ զգում ես հարմարավետություն ու բարեկամություն՝ Հուստոս (Կողոսացիս 4)

Հուստոսը մեկն էր հրեա քրիստոնյաներից, ովքեր Պողոսի հետ էին՝ նրան մխիթարելու ու քաջալերելու համար: Պողոսը այդ ժամանակ հալածվում էր իր հայրենակիցների կողմից, բայց այդ եղբայրներն իր կողմից էին, և նրա համար դա մեծ մխիթարություն էր: Կա մի յուրահատուկ բան ընկերոջ մեջ, ում հետ դու ունես բարեկամական կապեր կամ նման ծագում, կամ ընդհանուր մշակույթ:

Պատերազմող մարտիկ՝ Եպափրաս (Կողոսացիս 4.12)

Մենք բոլորս կարիք ունենք նման ընկերոջ, ով մեզ համար կանգնում է աղոթքներով: Նման ընկերը Եպափրասն էր: Նա հիմնել էր եկեղեցի, և, ամենայն հավանականությամբ, ինքն էր տեղեկացնում Պողոսին՝ եկեղեցուն սպառնացող վտանգների մասին: Ինձ համար կարող եմ վկայել, որ գրքեր կպահանջվեն՝ թվարկելու այն բոլոր միջոցները, որոնցով ես ստացել եմ քաջալերանք, հաստատություն և հավատքի բարձրացում, հետևաբար՝ աճ Քրիստոսի հետ իմ ընթացքի մեջ, շնորհիվ իմ ընկերների աղոթքների:

Սիրելի ու հավատարիմ ընկեր՝ Ղուկաս

Բժիշկ Ղուկասը Պողոսին ուղեկցում էր իր միսիոներական ուղևորություններում և նրա հետ էր բանտում լինելու ժամանակ: Այնպես՝ ինչպես Արիստարքոսը և այլք, Ղուկասը հավատարիմ ընկեր էր, ում Պողոսը սիրում էր: Մենք բոլորս կարիք ունենք նման ընկերների, ովքեր պատրաստ են գալ մեզ մոտ՝ և՛ ոտաբոբիկ, և՛ գիշերազգեստով, և՛ աղոթքով, իսկ գուցե՝ շոկոլադով:

Ընկերներ, ովքեր մեզ դավաճանում են ու ընկնում աշխարհի թակարդը՝ Դեմաս (Բ Տիմոթեոս 4.9)

Դեմասը Պողոսի հետ էր բանտում՝ տառապելով հանուն Ավետարանի և կանգնելով Ղուկասի կողքին, ինչպես մտերիմ գործակից: Ավելի ուշ մենք իմանում ենք, որ Դեմասը փորձում էր մի ոտքով ընկնել Երկնային Արքայություն, իսկ մյուսով՝ մնալ աշխարհում: Բայց Պողոսը նրա հետ մտերիմ էր և շարունակում էր քաջալերել, մինչև սրտով չտեսավ, թե իր ընկերը ներսում ինչին է հավատարիմ: Մենք բոլորս էլ ունենք նման ընկերներ, ովքեր Աստծուն արժանի կերպով չեն վարվում, բայց մենք պետք է հետևենք Պողոսի օրինակին՝ քաջալերենք ու ջերմեռանդորեն աղոթենք նրանց համար:

Ընկեր, ով եղբոր պես է

Ընկերները հիասքանչ դեր են կատարում մեր կյանքում, և մենք կարող ենք հավատարիմ լինել, մխիթարող ու աղոթող միմյանց համար՝ մեր բացթողումներով ու տարաձայնություններով հանդերձ: Բայց որպես քրիստոնյա՝ մեզ համար ոչ մի երկրային ընկերություն չի կարող համեմատվել այն ընկերության հետ, որ մենք ունենք Քրիստոսի հետ՝ նրա հանդեպ հավատքի միջոցով: Հին Կտակարանում միայն Մովսեսն ու Աբրահամն էին կոչվում Աստծո ընկերները, բայց հիմա Քրիստոսը մեզ Իր բարեկամներն է կոչում: Ինչո՞ւ: Որովհետև Նա սիրեց մեզ այնպես, ինչը համեմատելի չէ ոչ մեկ այլ ընկերոջ սիրո հետ: Նա տվեց Իր կյանքը մեզ համար:

Ամենը, ինչ Հայրը բացահայտում է Քրիստոսին, Նա էլ բացահայտում է մեզ:

Մոտեցեք Քրիստոսին՝ որպես ընկեր, և ճանաչեք ճշմարիտ ընկերությունը, որը չի կարող համեմատվել ոչ մի այլ ընկերության հետ:

Քրիստի Էնյաբվայլ