Հինգ Խոսք Աստվածաշնչից՝ տագնապալի իրավիճակների համար

Անհանգստություն, ճնշվածություն, տագնապ: Որքան հաճախ է մեր կյանքն ընթանում հենց այսպես, մեր առօրյա անելիքների ցուցակով, ծանրաբեռնված գրաֆիկով և աշխատանքային պարտավորություններով: Այս ամենն իր հետ բերում է անհանգստություն և ստիպում լարվել:

Սակայն այս ամենի մեջ Աստված մեզ խոստանում է խաղաղություն, հանգստություն Իր ներկայության մեջ: Ահա հինգ Խոսք Աստվածաշնչից, որոնք կհիշեցնեն մեզ համապատասխան ճշմարտությունները, երբ մենք գտնվում ենք առօրեական քաոսի մեջ:

  1. Սաղմոս 46.10. «Դադարեցեք և ճանաչեցեք, որ ես եմ Աստված. բարձր կլինեմ հեթանոսների մեջ. բարձր կլինեմ երկրի վրա»։

Բազմիցս ես փորձել եմ նստել ու հանդարտվել: Բայց ինձ մոտ գրեթե ամեն անգամ չէր ստացվում: Միայն վերջերս, երբ ես ուսումնասիրեցի այս հատվածը բնագրով, տեսա, որ «դադարել» բառը եբրայերենով գրված է՝ «բաց թող», այսինքն՝ «Բաց թող և տես, որ ես եմ Աստված»: Համաձայնեք, որ սա լրիվ ուրիշ բան է.

Բաց թող քո փորձերը՝ վերահսկելու իրավիճակը:

Բաց թող քո անկարողությունը:

Բաց թող քո անցյալը:

Բաց թող այն, ինչը դու փոխել, միևնույնն է, չես կարող:

Մենք այնքան ենք անհանգստանում իրավիճակների համար, որոնք փոխել չենք կարող: Ի՞նչ կլինի, եթե մենք կազմենք ցուցակ այն ամենի, ինչից կախվում ենք ու անհանգստանում, և հանձնենք այդ ցուցակը Տիրոջը: Ամեն օր պարզապես պետք է հիշեցնենք ինքներս մեզ, որ ամեն բան մեր կյանքում մեր Տիրոջ գերբնական վերահսկման ու առաջնորդության ներքո է:

  1. Մաթևոս 11.28-30. «Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։ Ձեզ վրա առեք իմ լուծը և ինձնից սովորեցեք, որովհետև ես հեզ եմ և սրտով խոնարհ. և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք։ Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»:

Մենք չենք ապրում հանգստի համար բարենպաստ մշակույթում: Նույնիսկ եկեղեցում մենք կարող ենք չափից շատ պարտավորություններ վերցնել մեզ վրա, քանի որ հաճախ ենք ասում՝ այո: Վերջիվերջո, ավելի հեշտ է հրաժարվել հարևանի երեկոյին մասնակցելուց, քան Աստվածաշնչի ուսումնասիրման դասերին գրանցվելուց: Եթե մի բան հնչում է հոգևոր, մենք շատ արագ ենթադրում ենք, որ պետք է հերթ կանգնենք բոլորի հետ միասին ու տոմս վերցնենք: Բայց վազվզելն Աստծո համար և Աստծուն ճանաչելը տարբեր բաներ են: Եվ հաճախ դրանք չեն համընկնում:

Մի անգամ, երբ Հիսուսը ամբոխի առաջ խոսում էր, Նա ուղիղ կերպով անդրադարձավ նրանց հոգնածությանը: Նա խոսում էր ոչ այն հոգնածության մասին, որը մենք զգում ենք լավ օրվա ավարտին: Ոչ, Հիսուսը խոսում էր նրանց հետ, ովքեր վատնել էին իրենց ուժերը՝ փորձելով ճիշտ վարվել, որպեսզի Տիրոջ բարեհաճությունը ստանային և վաստակեին փրկությունը:

Սակայն մեզ պետք է ընդամենը հիշել գլխավորը՝ Հիսուսը սիրում է մեզ, Նա սիրում է մեզ այնպիսին, ինչպիսին կանք: Նրա սիրո համար ոչ մի պայման չկա:   Նրա բարեհաճությունն ու փրկությունը մենք ունենք ոչ մեր ջանքերի շնորհիվ, այլ Նրա սիրո:

Այդպիսի սերը դժվար է գիտակցելը, երբ մենք, որպես գործունյա մարդիկ, մի գործունեությունից վազում ենք մի ուրիշ գործունեության:

Այդպիսի սերը կոչ է անում մեզ հանդարտվել, իրապես հանդարտվել՝ Նրա ներկայության մեջ, Ով արարել է մեզ, Ով գիտի ու ճանաչում է մեզ ավելի լավ, քան մենք ինքներս, Ով սիրում է մեզ:

  1. Հովհաննես 16.33. «Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք. աշխարհքումը նեղություն կունենաք, բայց քաջացեք. ես հաղթել եմ աշխարհքին»:

Մի պահ կանգ առեք ու լսեք ձեր ներսի աղմուկը: Ի՞նչն է ձեզ հետ պահում խաղաղությունից: Ամենայն հավանականությամբ՝ շատ բան, քանզի թեպետ մենք ձգտում ենք խաղաղության, մեր կյանք է ներխուժում իրական կյանքը. զանգ բժշկից, երեխայի վարքի մասին տեղեկացնող երկտող ուսուցչից, աշխատանքից ազատման հրաման ղեկավարից…

Իր մտերիմ ընկերների հետ վերջին լուրջ զրույցի ժամանակ Հիսուսը խոսում էր խաղաղության մասին, բայց ոչ այնպիսի, ինչպիսին մենք կսպասեինք Նրանից: Երբ ես կարդացի, որ Նա գրել է՝ «Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք», իմ առաջին հարցը հետևյալն էր. իսկ ի՞նչ էր խոսել: Կարդացեք Հովհաննեսի 15 գլուխը և կտեսնեք, որ Հիսուսն ասում էր իր մտերիմներին, որ նրանց կհետապնդեն ու այլևս չեն ընդունի այն վայրերում, որտեղ սովորաբար լինում էին:

Ակնհայտ է, որ այն խաղաղությունը, որի մասին խոսում էր Հիսուսը, բոլորովին այն չէ, ինչը մենք պատկերացնում ենք: Նա ասում էր իր աշակերտներին, որ թե՛ իր, թե՛ նրանց համար հեշտ չի լինելու, բայց պետք չէ անհանգստանալ, քանզի Նա մեզ հետ է: Նա խոստացավ, որ երբեք մեզ չի թողնի, որ Ինքը հենց մեր խաղաղությունն է:

  1. Առակաց 3.5-6. «Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը, և քո հասկացողությանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նրան, և նա կուղղի քո ճանապարհները»:

Երբ մենք իրապես ապավինում ենք Աստծուն, այլ ոչ թե պարզապես հենվում ենք այն ամենի վրա, ինչը մեզ համար պարզ ու իմաստալից է, այդ ժամանակ մենք ազնվորեն ցանկանում ենք կատարել Նրա կամքը, և Նա իսկապես ցույց է տալիս Իր որոշած ճանապարհը մեզ համար:

Հավատացյալի ճանապարհը բարակ ձողի վրայով քայլելը չէ՝ խոր անդունդի վրա: Դրա փոխարեն դուք կարող եք վստահաբար քայլել՝ ամրություն ունենալով ձեր ոտքերի տակ՝ քայլ առ քայլ առաջանալով մեր սիրող Հոր առաջնորդությամբ: Վերջիվերջո, մեր բարի Հովիվը փափագում է, որ Իր կամքը մեզ հայտնի լինի:

  1. Ա Պետրոս 5.7. «Ձեր բոլոր հոգսը նրա վրա գցեցեք, որովհետև նա հոգս է անում ձեզ համար»:

Պատկերացրեք, որ հիմա կիրակի առավոտ է, և դուք ուղևորվում եք եկեղեցի: Սակայն ճանապարհին գրեթե որոշում եք հետ դառնալ, քանզի վերջին ժամանակներում այնքան հոգնած ու հիասթափված եք: Կանգ եք առնում, նայում շուրջը, ձեր կյանքն եք քննում… ու հասկանում եք, որ կարիք ունեք ձեր բեռը, ձեր հոգսերը մի տեղ թողնելու, քանի որ այլևս ի վիճակի չեք դրանք քաշ տալու: Մտածե՛ք, ո՞ւր կարող եք դուք թողնել դրանք անվերադարձ, առանց պարտավորության ու հետագա պարտքի:

Միայն Հիսուսն է, Ում վրա դուք կարող եք գցել ձեր կյանքի, ձեր սրտի ու մտքի, ձեր առօրյայի ողջ հոգսը, քանզի Նա իսկապես հոգ է տանում ձեր մասին:

Կգնա՞ք դուք արդյոք այսօր Նրա մոտ: Թե՞ , այնուամենայնիվ, հետ կվերադառնաք…

Շեյլա Ուոլշ