Շարունակեք թակել. մի՛ հանձնվեք

Դուք աղոթում եք մի բանի մասին տարիներ շարունակ, հետո մեկ օր արթնանում եք, շունչ քաշում և ասում ինքներդ ձեզ. «Ոչինչ չի կատարվում: Հավանաբար Աստված չի լսում ինձ»:

Շնորհավորում եմ: Եթե ձեզ հետ նման մի բան է կատարվել, դուք միայնակ չեք: Դուք հենց նոր ներգրավվեցիք «Համառ աղոթքի դպրոց» և ոչ մեկ կիսամյակով:

Դա կյանք տևող ճամփորդություն է, որ նախատեսվում է այն բանի համար, որպեսզի զորացնի ձեր հավատքը, կատարելագործի ձեր բնավորությունը, մաքրի ձեր շարժառիթները, փորձի ձեր համբերությունը և մեծացնի Աստծո զարմանահրաշ սերը վերապրելու ձեր կարողությունը:

Ես արդեն վաղուց եմ այս դպրոցում սովորում: Մտածում եմ, որ գուցե մի քանի դասեր ձախողել եմ և պետք է նորից դրանք անցնեմ: Ինձ մոտ միշտ չէ, որ ստացվում է բարձունքում լինել:

Անցյալ շաբաթ, անկեղծ ասած, ես տրտնջում էի, որ Աստված դանդաղում է: Շատ ամիսներ շարունակ ես դիմում էի Աստծուն նույն խնդրանքներով, բայց պատասխանները շատ հեռու էին թվում: Իմ հավատքը տատանվում էր՝ անհոգ վստահությունից հասնելով հիասթափության: Երբ գերագույնս թուլանում էի, խուճապի մատնվում, հիմարություններ ասում, ինչպես օրինակ՝ «Ես հանձնվում եմ», հետո, իհարկե, զղջում էի:

Այնուամենայնիվ, երբ իմ բողոքներն եմ արտահայտում Աստծուն, Նա միշտ հանգստացնում է ինձ: Վերջերս նա հիշեցնում էր ինձ խոսքեր Եսայի մարգարեությունից. «Քո պարիսպների վրա, ով Երուսաղեմ, պահապաններ եմ դրել. նրանք բոլոր օրը և բոլոր գիշերը բնավ պիտի չլռեն. դուք, ով Տիրոջը հիշողներ, մի լռեք և նրան դադար մի տվեք, մինչև որ նա հաստատի և մինչև որ նա Երուսաղեմը օրհնություն շինի երկրումը» (Եսայի 62.6-7):

Չկա ոչ մի միջոց՝ անտեսելու այն փաստը, որ աղոթքը համառություն է պահանջում: Իմ ընկերներից մեկը մի այդպիսի արտահայտությամբ ամփոփում է իմ միտքը. «Աստված բնակվում է սպասման մեջ»:

Հիսուսն առակ է պատմում մի անարդար դատավորի մասին, ով աղքատ որբևայրիի խնդրանքը կատարում է, որովհետև վերջինս գիշեր-ցերեկ հանգիստ չէր տալիս նրան: Հիսուսը հարցնում է. «Բայց Աստված մի՞թե իր ընտրյալների համար իրավունք չի անի, որ ցերեկ և գիշեր աղաղակում են դեպի նա, թեև նրանց վրա երկայնամիտ էլ լինի» (Ղուկաս 18.7): Ինչի համար էլ խնդրեք Աստծուն և որքան էլ հիշեցնեք Նրան այդ մասին, հիշեք հետևյալ պահերը՝ սպասելով Նրանից պատասխան ստանալ:

  1. Աստծո աշխատանքը ժամանակ է պահանջում:

Մարդկանց մեծամասնությունը Աստվածաշնչում, ովքեր Աստծուն խնդրում էին մեծ բաների համար, երկար էին պատասխանի սպասում: Աբրահամը, ում կոչում են հավատքի հայր, ծերանում է՝ սպասելով խոստացված ժառանգին: Հեսուն ժողովրդի մնացորդի հետ 40 տարի թափառում է անապատում, նախքան Քանանին տիրելը:

Աղոթքը կախարդական բանաձև չէ, ձեր գործը կարիքը խնդրելն է, ոչ թե հրամայելը կամ վերահսկելը: Դուք պետք է թույլ տաք Աստծուն՝ Աստված լինել: Դուք պետք է թույլ տաք համբերությանը՝ կատարելու Իր հիասքանչ աշխատանքը; Վերջիվերջո, դուք կհնձեք, եթե չթուլանաք:

  1. Ճշմարիտ աղոթքն իր մեջ ներառում է սուրբ ընթացք:

Աղոթքը հաճախ ծնունդի հետ են համեմատում: Երբ Աստված տալիս է ձեզ խոստում, դուք, ըստ էության, սկսում եք այն կրել: Եթե դուք ծրագրում եք այն մինչև վերջ կրել, ապա պետք է սպասեք, իսկ հետո «լույս աշխարհ» բերեք այն:

Անկասկած, դա հենց այն է, ինչ Պողոս առաքյալն էր վերապրում, երբ ասում էր գաղատացիներին. «Ձեզ կրկին ծնում եմ ցավով, մինչև որ Քրիստոսը կերպարանվի ձեզանում» (Գաղատացիս 4.19): Մենք հաճախ մտածում ենք, որ հավատքի աղոթքն այն է, որ բերում է վայրկենական պատասխան, բայց Պողոսի հետ այդպես չէր լինում: Չնայած, իհարկե, Աստված կարող է միանգամից պատասխանել, անգամ պատասխանել՝ երկնքից կրակ իջեցնելով, բայց հաճախ Նա խնդրում է մեզ կառչել խոստումներից, մինչև մենք հասնենք հասունության՝ պատասխանը ստանալու համար:

  1. Դուք ունեք օգնական, ով աղոթում է ձեզ համար:

Դուք միայնակ չեք այդ ընթացքի մեջ: Սուրբ Հոգին բարեխոսում է ձեզ համար, ինչպես Պողոսն է գրում, «անբարբառ հառաչանքով բարեխոս է լինում» (Հռոմեացիս 8.26): Նա աղոթում է Աստծո կատարյալ կամքի համար և մեզ հրավիրում՝ համաձայնելու Նրա հետ:

Երբ մենք իրապես աղոթում ենք Սուրբ Հոգով, մենք հրաժարվում ենք մեր ծրագրերից և թույլ ենք տալիս Նրան՝ աղոթելու մեր միջոցով: Եվ դա մեզ մոտեցնում է Աստծուն:

Երբևէ եղե՞լ եք ինը ամսական հղի կնոջ կողքին: Նա հաճախ գտնվում է տագնապի վիճակում՝ պատրաստ ծննդաբերելու, բայց հոգնած ծանրությունից: Այսօր ես գիտեմ բազում քրիստոնյաների, ովքեր նույն՝ հոգևոր ծննդաբերության վիճակում են: Նրանք երկար ժամանակ պահել են այդ խոստումները: Նրանցից ոմանք հիասթափվել էին, որովհետև արդեն երկար ժամանակ են սպասում:

Հիսուսն ասում է. «Ամեն խնդրող առնում է, և որոնողը գտնում է. և դուռը թակողին կբացվի» (Մաթևոս 7.8):

Շարունակե՛ք թակել: Մի՛ հանձնվեք: Աստված, ով սարերն է շարժում, լսում է ձեր աղաչանքը: Դուք հիմա ավելի մոտ եք հոգևոր ճեղքման, քան երբևէ նախկինում:

Ջեյ Լի Գրեյդի