Ամերիկուհին Ուգանդայում ծառայելով՝ որդեգրել է 13 երեխայի

Քեթի Դեյվիդ Մայորսը «Հույսի զգացումը» գրքի հեղինակն է:

Նա գալիս է Ուգանդա երեք-շաբաթ տևող գործուղման, երբ ընդամենը 18 տարեկան է լինում, սակայն վերադառնալով՝ մի զարմանալի լուր է հայտնում իր ընտանիքին:

Հրաժարվելով քոլեջում սովորելու իր ծրագրերից՝ Քեթին հայտարարում է, որ ինքը որոշել է անհապաղ Ուգանդա վերադառնալ և ապրել այնտեղ՝ որպես միսիոներ, ով կնվիրվի Ուգանդայի ժողովրդի ուսուցմանը:

Եվ նա դա անում է: Ուգանդա վերադառնալով՝ Քեթին մանկատանը ուսուցչությամբ է զբաղվում: Դառնալով 23 տարեկան՝ նա որդեգրում է 13 աղջիկների, և արդեն որպես մայր՝ հոգ տանում նրանց մասին: 2008թ-ին նա հիմնում է «Ամազիմի ծառայությունը»՝ (տեղացիների լեզվով «amazima» նշանակում է «ճշմարտություն») երիտասարդներին կրթելու նպատակով:

Տարիներ անց ծանոթանում է իր ապագա ամուսնու՝ Բենջի Մայորի հետ, ով նույնպես միսիոներ էր, և նրանք ամուսնանում են 2015թ-ին, իսկ նրանց առաջնեկը՝ Նոյը, ծնվում է 2016թ-ին: Իր հարցազրույցներից մեկում Քեթին ասում է. «Սա Աստծո մեծագույն նվերն է ինձ համար: Գտնել ամուսին, ով ոչ միայն պատրաստ էր, այլև ցանկանում էր մեր խելահեղ կյանքի մեջ հայտնվել»:

Այս տարի լույս է տեսել նրա երկրորդ գիրքը՝ «Ունենալով խիզախություն՝ հուսալու. գտնել Աստծո բարությունը քանդվածի ու հիասքանչի մեջ»:

Խոսելով Ուգանդայում իր ծառայության մասին՝ նա նշում է, որ իր փորձառությունն այնտեղ սովորեցնում է իրեն «հուսալ Աստծուն տառապանքի ու ողբերգությունների մեջ»:

«Ես իմացա, որ Աստված բարի է, Նա հավատարիմ է և Նա ցանկանում է մխիթարել Իր զավակներին»,- ասում է Քեթին:

Մարդիկ ողջ աշխարհում սիրահարվել են Քեթիի առատաձեռնությանն ու ուրախությանը, և նա շարունակում է ոգեշնչել ուրիշներին՝ տալու այն, ինչ իրենք ունեն, գտնելու Աստծուն այս կյանքի առօրեականության մեջ և բերելու Աստծո սերը ուրիշներին:

Աղբյուր՝ christian.by