Լավությունը մեկ օր կվերադառնա. պատմություն

Կար ժամանակ իմ կյանքում, երբ ես սովորական վաճառող էի աշխատում կահույքի խանութում: Իմ աշխատավարձը հազիվ բավարարում էր կենցաղային վարձերը վճարելու համար, և օրեր էին լինում, որ սոված էի անցկացնում:

Մեկ օր, երբ ոչինչ չէի վաճառել, խանութ մտավ տարեց զույգ: Վաճառողներից ոչ ոք չէր ուզում նրանց հետ գլուխ դնել, քանզի տարիքով մարդիկ հիմնականում երկար հարցեր էին տալիս, բայց վերջում ոչինչ չէին գնում, կամ էլ շատ էժան մի բան հազիվ էին գնում:

Ես մոտեցա նրանց՝ մտածելով, որ գոնե մի բան կվաճառեմ այդ օրը: Նրանք գնեցին հեռուստացույցը վրան ամրացնելու պատվանդան: Թեպետ մեր խանութն ուներ առաքելու և տանը այդ պատվանդանը տեղադրելու ծառայություն՝ համապատասխան վճարումով, բայց ես առաջարկեցի նրանց իմ ծառայությունը՝ այն տեղադրելու, եթե աշխատանքի ավարտին իմ հետևից մեքենայով գային:

Այդպես երեկոյան ես հայտնվեցի այդ բարեհամբույր տարեց զույգի բնակարանում: Խնամքով տեղադրեցի գնված ապրանքը: Այդ ամբողջ ընթացքում նրանց խոհանոցից քթիս էր հասնում թարմ եփվող ճաշի անուշ բույրը: Երբ ավարտեցի աշխատանքս, տանտիրուհին առաջարկեց ընթրել իրենց հետ միասին, ինչից ես հրաժարվեցի, թեպետ չափազանց դժվար էր դա ինձ համար. արդեն երրորդ օրն էր, ինչ ես գրեթե ոչինչ չէի կերել:

Սակայն այդ բարի կինը պնդեց ու իրականում համոզեց ինձ իրենց հետ ընթրել: Ես հազիվ էի զսպում արցունքներս՝ ազդված լինելով այդ տարեց մարդկանց հոգատարությունից: Վաղուց էր, ինչ տաք տնական կերակուր չէի կերել:

Ավարտելուց հետո խորին շնորհակալություն հայտնեցի, և ի զարմանս ինձ՝ հրաժեշտի պահին նրանք էլ, որպես շնորհակալություն, ինձ մեկնեցին մի ծրար:

Տպավորված լինելով այդ մարդկանց վերաբերմունքից, հատկապես ուրախ լինելով, որ վերջապես մեկ օր կքնեմ ոչ դատարկ ստամոքսով, ես ասես մոռացա այդ ծրարի մասին և միայն տանը բացեցի այն: Ի զարմանս ինձ՝ այնտեղ գտա 100 դոլարանոց ու հուզմունքից արտասվեցի…

Այդ դեպքից հետո ես փորձում էի միշտ օգնել մարդկանց ամենատարբեր հարցերով ու, ամենակարևորը, փոխադարձաբար չսպասելով ոչինչ, անշահախնդրորեն: Եվ գիտեք, դա շատ էր օգնում հենց ինձ: Իսկ որոշ ժամանակ անց ես ավելի բարձր աշխատավարձով աշխատանքի անցա: