Աստված ուղարկել էր հատուկ Խոսք ինձ համար. Դեյվիդ Ուիլքերսոն

Երբ ես թափառում էի Փենսիլվանիայի բլուրներով, Տերը տվեց այս Խոսքը իմ սրտին, և ես կրկնում էի այն նորից ու նորից, մինչև այն պահը, երբ թուլությունը առհավետ լքեց ինձ: Դա մի պարզ Խոսք էր. «Ձեր բոլոր հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա հոգս է անում ձեզ համար» (Ա Պետրոս 5.7):

Իհարկե, մի բան է մեջբերել Խոսքը, այլ բան՝ դրան հավատալը: Երբ ես քայլում էի այնտեղ անտառով, Նա հիշեցնում էր ինձ, որ հոգ է տանում իմ մասին և իմ բոլոր գործերի մասին: Եվ ես լացում էի. «Օ՜, Տե՛ր, Դու իրոք հոգ ես տանում իմ մասին: Դու սիրում ես ինձ: Դու մշտապես հետևում ես ինձ»:

Եվ հանկարծ Սուրբ Հոգին շշնջաց հոգուս. «Ահա գաղտնիքը: Ահա, թե ինչի համար է Հայրն Ինձ ուղարկել. որպեսզի օգնեմ քեզ համոզվել այդ Խոսքի ճշմարտության մեջ: Դու պետք է հավատաս, որ, անկախ նրանից, թե ինչի միջով ես անցնում, և ինչպիսին է քո բեռը, Նա հոգ է տանում քո մասին: Աստված չի բարկանում քեզ վրա: Նա չի թաքնվում քեզնից: Հակառակը՝ Նրա սիրտը դեպի քեզ է ուղղված: Նա հոգ է տանում ամեն բանի մասին, ինչը որևէ կերպ քեզ է վերաբերում: Հավատո՞ւմ ես արդյոք դու սրան, Դե՛յվիդ: Կգցե՞ս հիմա քո բոլոր հոգսերը Նրա վրա, բոլոր մեղքերը, բոլոր անկումները, բոլոր դժվարություններն ու կարիքները»:

Թանկագի՛ն հավատացյալ, եթե դուք իրոք հավատում եք, որ Աստված սիրում է ձեզ, և գցում եք ձեր բոլոր հոգսերը Նրա վրա, դուք կարող եք փառավոր ազատության մեջ քայլել: Ձեր երեսը բարձրացված կլինի, ինչպես բարձրացավ և իմը: Հիմա, երբ ես քայլում եմ Նյու Յորքի սառը, անհյուրընկալ փողոցներով, իմ բոլոր հոգսերը Տիրոջ վրա եմ գցում: Եվ հիշեցնում եմ ինքս ինձ. «Իմ երկնային Հայրը հետևում է ինձ: Նա սիրում է ինձ և հոգ է տանում իմ մասին»: