Աստված կանցկացնի քեզ փոթորկի միջով

Ինչպես ենք մենք անցնում կյանքի տարբեր ընթացքները, երբ ընկերները հեռու են, լուսավոր նավահանգիստը թաքնված է հորիզոնի հետևում, ծովը մեզ տատանում է՝ մի կողմից մյուսը թափահարելով, և մենք զրկված ենք այն ամենից, ինչի կարիքն ունենք:

Դուք կորցրել եք աշխատանքը: Տապալել եք մի քանի դասընթացներ: Ձեր տունը նման է պատերազմի դաշտի: Վերջերս ձեզ մոտ հայտնաբերել են լուրջ հիվանդություն: Եկեղեցին այնքան էլ լավ վիճակում չէ: Նման իրավիճակներում մեզ երբեմն թվում է, թե անհրաժեշտ է ինչ-որ թարմ մի բան, նոր Խոսք Աստծուց, որը կվերաբերի հատուկ մեր իրավիճակին:

Գործք Առաքելոց գրքում կարդում ենք, որ ավելի քան 2 տարի սպասումից հետո Պողոսը գնաց Հռոմ: Նրա ամբողջ կյանքը բերվում էր այդ պահին: Ամբողջ նրա ուսումը և փորձը պատրաստում էին նրան քարոզելու Ավետարանը կայսեր առջև: Բայց Երուսաղեմից Հռոմ տանող ճանապարհին Պողոսը վերապրեց իր կյանքի ամենաուժեղ փոթորիկը: Ուժը, որի կարիքը նա ուներ, եկավ ոչ թե նոր խոստմունքից, այլ՝ հին, այն, որը Աստված տվել էր նրան տարիներ առաջ:

Հաջողություն, բարի նավահանգիստներ

Ճանապարհորդությունը սկսվել էր լավ: Առաջին նավահանգստում Պողոսին անգամ հաջողվեց ընկերներին տեսնել: Բայց հետո ամեն բան սկսեց գնալ ոչ ծրագրավորածի համաձայն:

«Եվ այնտեղից ճանապարհվելով նավով գնացինք Կիպրոսի ցած կողմովը՝ քամու ներհակ լինելու պատճառով։ Եվ շատ օրեր ծանր նավելով հազիվ հասանք Կնիդի կողմերը. և երբ որ քամին չթողեց մեզ, նավով գնացինք Կրետեի ցած կողմը Սաղմոնայի մոտ։ Եվ երբ որ նրանով դժվարությունով անցանք՝ եկանք մի տեղ, որ կոչվում էր Գեղեցիկ նավահանգիստ, որի մոտ էր Ղասեա քաղաքը: Եվ որովհետև շատ ժամանակ էր անցել՝ և նավով գնալու համար վտանգավոր էր, ծոմի ժամանակն էլ արդեն անցած լինելով՝ Պողոսը խրատ էր տալիս» (Գործք Առաքելոց 27.4,7-9):

Քամին, որ հետապնդում էր Պողոսին միսիայի ճանապարհին, հանկարծակի փոխեց ուղղությունը: Երբ նավը թողեց Բարի նավահանգիստը և դուրս եկավ փոթորկոտ ծով, թվում էր, թե Ինքն Աստված քամին ուղղեց Պողոսի դեմ: Կարո՞ղ եք պատկերացնել Պողոսին նավի տախտակամածին կանգնած. «Հիսո՛ւս, ես գիտեմ, Դու ես ինձ ուղարկել Հռոմ: Դու խոստացար, որ ես կվկայեմ Քո մասին այնտեղ: Ինչո՞ւ ես ուրեմն ճանապարհն այսքան դժվար դարձնում»:

Դուք երբևէ նման բան զգացե՞լ եք. «Հիսո՛ւս, Դու կանչեցիր ինձ այս եկեղեցի: Դու կանչեցիր ինձ այս աշխատանքին: Դու տվեցիր ինձ այս ընտանիքը, այս ամուսնությունը: Դու բերեցիր ինձ այս քաղաք: Աստվա՛ծ իմ, ես պարզապես փորձում եմ ինչ-որ բան անել Քեզ համար. ինչո՞ւ ես Դու դա անհնար դարձնում»:

Երբ բոլոր քամիները հակառակ են, և բարի նավահանգիստը չի երևում, մեզ պետք է վերախմբագրել ամեն բան: Մենք այնքան զբաղված ենք մեր գործերով՝ Աստծո համար: Սակայն Նա ավելի շատ մտահոգ է նրանով, թե ինչ է անում մեր մեջ: Նա տանում է մեզ փոթորկի և քամու մեջ միայն նրա համար, որպեսզի ցույց տա, թե որքան անխորտակելի ու անսխալական են Իր խոստմունքները:

Հիշիր խոստմունքը

Պողոսը նավի անձնակազմին զգուշացրեց, որ փոթորիկ կլինի: Եվ փոթորիկ եղավ: Քամին ոռնում էր Կրետե կղզու վրա՝ Պողոսին և նավի վրայի իր ընկերներին տանելով ծովի սարսափազդու խորքերը:

«Եվ երբ որ մենք շատ նեղություն էինք քաշում փոթորկից, հետևյալ օրը բեռները ծովի մեջ էին գցում։ Եվ երրորդ օրը մեր ձեռքովը նավի գործիքը դուրս թափեցինք։ Եվ երբ որ շատ օրեր ոչ արև և ոչ աստղեր էին երևում, և փոթորիկն էլ քիչ չէր, որ մեզ վրա կար, ապա մեր ազատվելու բոլոր հույսը կտրվեցավ» (Գործք Առաքելոց 27.18-20):

Այդ հուսահատության մեջ Աստված Պողոսի մոտ է ուղարկում հրեշտակին՝ հետևյալ խոսքերով. «Մի վախեցիր, Պողոս. պետք է քեզ Կայսեր առաջին կանգնես. և ահա Աստված շնորհել է քեզ այդ բոլոր քեզ հետ նավողներին» (Գործք Առաքելոց 27.24):

Խոստմունքը, որ Պողոսը պետք է կանգներ կեսարի առջև, նոր չէր: Երկու տարի առաջ Պողոսի ազատազրկման ժամանակ Հիսուսը հայտնվեց նրա առջև բանտում և ասաց. «Քաջացիր, Պողոս, որովհետև ինչպես ինձ համար Երուսաղեմումը վկայեցիր, այնպես էլ պետք է Հռոմում վկայես» (Գործք Առաքելոց 23.11):

Սարսափելի փոթորկի մեջ Պողոսին անհրաժեշտ չէր ստանալ նոր խոստմունք կամ նոր հայտնություն: Նա կարիք ուներ պարզապես հիշելու այն խոստմունքը, որ Աստված արդեն տվել էր իրեն:

Աստված զրկեց Պողոսին և նրա թիմակիցներին այն ամենից, ինչ նրանք ունեին նավի վրա, որպեսզի նրանք իրենց հույսները չդնեին ոչ ունեցած բեռի վրա, ոչ էլ նավի: Պողոսի միակ հույսը Աստծո խոստմունքն էր: Այդ գիշեր Պողոսը ամրացրեց իր թիմակիցների վստահությունը այդ խոստմունքի հանդեպ (Գործք Առաքելոց 27.21-26):

Աստված կկատարի Իր խոստումը

Փոթորկի մեջ մենք վստահաբար ասում ենք. մեզ պետք է նոր խոստմունք, նոր հայտնություն:

Իսկ Աստված գալիս ու ասում է. «Քեզ անհրաժեշտ չէ նոր խոստմունք, քեզ պետք է նորից լսել նույն խոստմունքը»: Աստված խոստացել է, որ դու ապահով կանցնես փոթորկի միջով. դու կհասնես քո ճանապարհի ավարտին Քրիստոսի մեջ:

«Եվ հաստատ համոզված եմ սրան, թե նա որ ձեզանում սկսեց այս բարի գործը, կկատարի էլ մինչև Հիսուս Քրիստոսի օրը» (Փլիլիպպեցիս 1.6):

«Մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետև ես քո Աստվածն եմ. Ես զորացրել եմ քեզ, նաև օգնել եմ քեզ. նաև քեզ հաստատել եմ իմ արդարության աջովը» (Եսայի 41.10):

«Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, և ես ճանաչում եմ նրանց, և իմ ետևից գալիս են։ Եվ ես հավիտենական կյանք եմ տալիս նրանց, և նրանք հավիտյան չեն կորչի, և ոչ ով չի հափշտակի նրանց իմ ձեռիցը» (Հովհաննես 10.27-28):

«Եվ իմ Աստվածը լրացնի ձեր ամեն կարոտությունն իր հարստության չափովը՝ փառքով Քրիստոս Հիսուսումը» (Փիլիպպեցիս 4.19):

«Որ և կհաստատի ձեզ մինչև վերջը՝ անմեղադրելի մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրումը» (Ա Կորնթացիս 1.8):

Խելագար փոթորիկների, նավաբեկությունների, մութ գիշերների, ամպամած օրերի մեջ մենք չգիտենք, թե Աստված ինչպես մեզ կփրկի: Բայց մենք ունենք Նրա խոստմունքը: Եվ, մոտենալով մեր օրերի ավարտին, մենք կարող ենք ասել. «Ես գաղափար չունեի, թե ինչպես Նա կազատեր ինձ, թե ինչպես ես կհասնեի մինչև վերջ: Բայց Նա դեռ մեկ անգամ չի խախտել Իր խոստումը»:

Չեդ Էշբի