Երիտասարդնե՛ր, դուք զորավոր եք…

Երիտասարդնե՛ր, դուք զորավոր եք...Յուրաքանչյուր պետության և հասարակության ներսում կարևորվում է երիտասարդությունը՝ որպես ուժի, նորարարության և ապագայի կայուն երաշխիք:

Եկեղեցում ևս անգնահատելի է յուրաքանչյուր երիտասարդի դերը: Սակայն ցավալի է նաև այն, որ շատ հաճախ հենց երիտասարդներն են թողնում եկեղեցին՝ տրվելով մեղքի գայթակղությանն ու փորձություններին:

Ինչո՞վ է առանձնահատուկ երիտասարդը:

Երիտասարդներ դուք ուժեղ եք: Երիտասարդությունն ուժ է, որը, սակայն, պետք է ճիշտ գործածել:

Սիրելի՛ երիտասարդ, ուզում եմ այսօր մի պահ մտածես, թե ինչի վրա ես կենտրոնացնում ուժերդ, ինչի վրա ես ծախսում դրանք, և արդյոք ճի՞շտ ես գործածում այն:

Իմ վստահ կարծիքն է, որ եկեղեցում չպետք է լինի «անգործ» երիտասարդ: Ուստի ուզում եմ քաջալերել քեզ, որ ամբողջ օրդ ճիշտ կազմակերպես և ավելորդ ու ոչ պետքական բաների վրա չվատնես ուժերդ: Պահիր ուժերդ Աստծո գործերի համար:

Երիտասարդներ, դուք զորավոր եք: Բոլորիս կյանքում գալիս են նեղություններ ու դժվարություններ, սակայն հիշի՛ր, որ դու զորավոր ես: Զորավոր ես ոչ թե նրա համար, որ ֆիզիկապես ուժեղ ես, այլ նրա համար, որ դու Քրիստոսինն ես: Ու եթե այսօր ընկել ես կամ տկարացել, հանդիպել ես փորձության ու դժվարության, ուզում եմ՝ նայես Հիսուս Քրիստոսին:

Աստված չի ուզում տեսնել թուլացած ու տկարացած երիտասարդներ, այլ հակառակը, նա ուզում է, որ այսօր դու ճախրես արծվի պես: Թույլ մի՛ տուր, որ հոգսերն ու խնդիրները, երիտասարդական ցանկություններն ու գայթակղությունները կոտրեն թևերդ: Մի կողմ դիր տկարություններդ և զորացած կանգնիր Աստծո առաջ:

Երիտասարդներ, դուք գեղեցիկ եք: Այո՛, յուրաքանչյուր երիտասարդ գեղեցիկ է յուրովի, սակայն որքա՜ն առավել մենք գեղեցիկ ենք, երբ արտաքին գեղեցկությունը համահունչ է ներքին գեղեցկության հետ: Թող քեզ համար ներքին գեղեցկությունը ևս կարևոր լինի, հոգ տար քո սրտի, մտքի և հոգու գեղեցկության համար, չէ՞ որ դրանց է ուղղված քո Տիրոջ աչքերը:

Ինչի՞ն կարիք ունենք ուշադրություն դարձնելու մենք՝ որպես երիտասարդներ:

Ուշադրություն դարձրու Սուրբ Գրքի ընթերցանությանը: Այսօր որքան էլ հաճելի լինի գեղարվեստական ու գիտական գրքեր կարդալը, որքան էլ համացանցը բավարարի մեր՝ տեղեկացված լինելու կարիքները, երբեք չանտեսես ու չմոռանաս Աստծո Խոսքի մասին:

Լսի՜ր, դու երբեք չես կարող ուժեղ լինել, եթե Աստծո Խոսքը չի բնակվում քո մեջ: Դու երբեք չես կարող հաղթել քեզ հանդիպած գայթակղությանը, չես կարող անցնել փորձության միջով և ընտիր գտնվել, եթե քո ուսուցիչը նախ և առաջ Աստվածաշունչը չի: Քո սեղանից երբեք մի՛ հեռացրու Աստվածաշունչը. այն քո՝ ուժեղ լինելու երաշխիքն է:

Ուշադրություն դարձրու աղոթքի կյանքին: Մենք հաճախ ենք աղոթում, սակայն երբեմն մեր կյանքից բացակայում է հարատև աղոթքը, աղոթք, որ ոչ միայն խնդրվածքների ու պահանջների շարան է, այլ հանդիպման վայր է, աղոթք, որի ժամանակ դու պարզապես զրուցում ես քո Հոր հետ, լսում Նրան, պատմում քո երազանքների ու նպատակների մասին:

Սիրելի՛ երիտասարդ, եթե ուզում ես զորավոր գործեր անել Աստծո համար, թող քո կյանքից երբեք չբացակայի աղոթքը: Սկսիր օրդ Նրա հետ, շարունակիր և ավարտիր օրդ՝ դարձյալ Նրա հետ: Չէ՞ որ աղոթքն է, որ բացելու է քո առաջ երկնքի դռները, և միայն աղոթող աչքերն են, որ տեսնում են երկնային արքայության թաքնված շատ գանձեր, խոստումներ ու օրհնություններ:

Ուշադրություն դարձրու եկեղեցի մասնակցելուն: Այսօր այնքա՜ն շատացել են մեր զբաղմունքները և երբեմն այնքա՜ն կարող ենք տարվել դասերով, աշխատանքով, առօրյա զբաղմունքներով, որ եկեղեցի հաճախելը դառնա երկրորդական:

Երբեմն պատճառաբանում ես, թե ժամանակ չունես, զբաղված ես… Եկեղեցի հաճախելը հոբբի կամ նախասիրություն չէ, որ դրանով զբաղվենք միայն ազատ ժամանակ:

Այն պետք է քո օրակարգի մեջ զբաղեցնի կարևորագույն տեղերից մեկը: Եվ եթե այսօր դժվարանում ես ժամանակ գտնել եկեղեցի հաճախելու համար, մի՛ կարծիր, թե քո կյանքում կտեսնես Աստծո զորավոր գործերն ու նշանները, որովհետև Աստված գործում է իր եկեղեցու հետ և իր եկեղեցու միջոցով:

Որքան էլ զբաղված լինես, մի անտեսիր միաբանությունն ու եկեղեցական ժողովները, հակառակ դեպքում այն սառնություն կբերի քո հոգևոր կյանքում և քեզ քիչ-քիչ կհեռացնի Եկեղեցուց, միաբանությունից ու Աստծո ներկայությունից:

Ուշադրություն դարձրու սրբությանը: Այսօր անընդհատ փոխվում են աշխարհի չափանիշները, բարքերն ու սովորությունները, և, քանի որ ապրում ենք հասարակության մեջ, ամեն օր ստիպված ենք առնչվել ամենատարբեր ժամանակակից դրսևորումների:

Այսօր շատ բառեր, ինչպիսիք են պարկեշտությունը, ամոթխածությունը, առաքինությունը, կամաց-կամաց դուրս են մղվում երիտասարդների բառապաշարից ու հասկացողությունից՝ համարվելով հետամնացություն…

Մի՛ վախեցիր տարբերվել աշխարհից, մի՛ վախեցիր ի ցույց դնել քո ներքին գեղեցկությունը, մի՛ վախեցիր ի հակառակ աշխարհի պղծության՝ պահել քո սրբությունը:

Դու Աստծո համար մի անոթ ես, որին Աստված ուզում է գործածել և կգործածի միայն այդ դեպքում, երբ այն մաքուր լինի, զերծ աշխարհիկ ամեն պղծությունից ու ժամանակի թելադրած մեղքերից: Եվ ինչ էլ այսօր աշխարհն առաջարկի, հիշի՛ր, որ Աստծուն կարող են տեսնել միայն նրանք, ովքեր սրտով մաքուր են (Մատթ. 5:8):

Նոյեմբերի 10-ը նշվում է որպես երիտասարդության համաշխարհային օր: Կարծում եմ, Աստծո կամքն է, որ տարվա յուրաքանչյուր օրը լինի քո օրը, սիրելի՛ երիտասարդ, քո գործելու ու վազելու օրը, քո ճախրելու օրը, քո՝ զորանալու և Հոգով լցվելու օրը:

Արմեն Նիազյան