Այս օրը պատմության մեջ. Մարտին Լյութերի ծնունդը

Այս օրը պատմության մեջ. Մարտին Լյութերի ծնունդը1483 թ-ի այս օրը` նոյեմբերի 10-ին, ծնվում է գերմանացի աստվածաբան, մեծ բարեփոխիչ, բողոքականության հիմնադիր Մարտին Լյութերը (1483-1546):

1505թ-ին 21-ամյա Մարտինն ընդգրկվում է հռոմեական եկեղեցու օգոստինոսյան կարգի կազմում, իսկ 3 տարի անց նրան ուղարկում են Վիտենբերգի համալսարան` դասավանդելու:

Կարճ ժամանակ անց դառնում է քահանա: Արդեն 23 տարեկանում մեկնում է Հռոմ, ունենում բազմաթիվ հաջողություններ, սակայն ոչ մի կերպ չի կարողանում գտնել հոգու խաղաղություն:

29 տարեկան հասակում փորձելով հանդարտեցնել ներքին խուճապը` Լյութերն իր աստվածճանաչության ընթացքում սկսում է գիտակցել, որ Աստված մարդուն արդարացնում է հավատքի միջոցով` միմիայն Քրիստոսի զոհի շնորհիվ:

Եվ ահա 1517թ-ին նա Վիտենբերգի եկեղեցու դռներին փակցնում է իր 95 թեզիսները` ընդդեմ ինդուլգենցիաների վաճառքի:

Այդ թեզիսները պարունակում էին նրա նոր կրոնական վարդապետության հիմնական դրույթները, որոնք մերժում էին այն գաղափարը, որ հոգևորականությունը մարդու և Աստծո միջև անհրաժեշտ միջնորդներն է: Լյութերը հայտարարեց՝ քրիստոնյայի հավատքը հոգու փրկության միակ ճանապարհն է: Կողմ էր հանդես գալիս լեհ ռեֆորմատոր Յան Հուսի գաղափարներին:

Այս ամենն արժանանում է հռոմեական եկեղեցու առաջնորդների մեծագույն դիմադրությանը. 1521թ-ին Լյութերը հեռացվում է կաթոլիկ եկեղեցուց:

Այսպես է սկսվում Բողոքական Ռեֆորմացիան: Այսօր Մարտին Լյութերին ճանաչում են իր` հավատքով արդարացման վարդապետությամբ և հայտնության քրիստոսակենտրոն ընկալմամբ:

Հետագայում` 1525թ-ին, Լյութերն ամուսնանում է Կատրինա ֆոն Բորայի` նախկին միանձնուհու հետ: Վերջինս դառնում է նրա իրական օգնականն առաջիկայում նրան սպասվող դժվարին աշխատանքերում:

Գերմանացիները մեծապես պարտական են Լյութերին Աստվածաշունչն առավել հասկանալիորեն թարգմանելու և հրատարակելու համար. այս կերպ հասարակ մարդիկ հնարավորություն են ստանում անձամբ ընթերցելու Սուրբ Գրությունները: Լյութերը շարունակ պնդում էր նաև, որ Սուրբ Գիրքը հանրության գիրք է, և այն պիտի կարդան բոլորը:

Լյութերը, գերմանական հասարակական մտքի պատմության մեջ մտել է որպես մշակույթի գործիչ՝ կրթության, լեզվի և երաժշտության ռեֆորմարտոր:

Նա նաև բազմաթիվ օրհներգերի հեղինակ է. նրա գրչին պատկանող ստեղծագործություններից հատկանշական է «Մեր Աստված ամուր ամրոց է» օրհներգը (1529թ):

Մեծանուն բարեփոխիչը` Մարտին Լյութերը, մահանում է 1546թ-ի փետրվարի 18-ին, Սաքսոնիայում:

Աղբյուր` christianity.com