Աստծո մեծագույն խոստումը հավատացյալներին

Աստծո մեծագույն խոստումը հավատացյալներին

«Արդ այսպիսի խոստումներ ունենալով, սիրելիներ, մեր անձերը սրբենք հոգու և մարմնի ամեն պղծությունից, սրբությունը կատարենք Աստծո ահովը». Բ Կորնթացիս 7.1։

Ինչպիսի՞ խոստումների մասին է խոսքը: Տեր Աստված մեծագույն խոստում է տալիս հավատացյալներին`դուք Իմ տաճարը կլինեք, կբնակվեմ ձեր մեջ, ձեր Աստվածը կլինեմ և դուք կլինեք Իմ որդիներն ու դուստրերը, եթե աշխարհի մեջ ապրելով` աշխարհի նման և աշխարհինը չլինեք, եթե ձեր կյանքն ու գործերը ցույց տան, որ թողել եք անօրինության ճանապարհներն ու կանգնել եք արդարության ճանապարհի վրա, որ ոչ թե խավար եք, այլ լույս, անհավատների հետ այլախառն լծակից չեք լինում, այլ հստակ երևում է ձեր և նրանց ապրելակերպի տարբերությունը: Սա մեծագույն խոստում է, որին արձագանքելու համար մեզնից մի կարևոր որակ է պահանջվում` սրբություն:

Խոսքն ասում է, որ մենք մեր հոգիներն ու մարմինները պետք է սրբենք բոլոր պղծություններից: Սա մեր հավատքի, սիրո և նվիրման արձագանքն է Տեր Աստծո այս սքանչելի ու պատվական խոստմանը: Եվ այդ արձագանքն իրագործելու համար մեզ մեկ ուրիշ շատ կարևոր որակ է անհրաժեշտ` աստվածավախություն: Որովհետև միայն Աստծո ահով` աստվածավախություն զարգացնելով մեր մեջ, մենք կարող ենք հասնել սրբության կարևորագույն վիճակին, առանց որի, ինչպես Աստծո Խոսքն է ասում, ոչ ոք Աստծուն չի տեսնի:

Տեր Հիսուսի անունով հավատք, աստվածավախություն, սրբություն և Աստծո զավակ լինելու խոստման իրականացում եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան