Անդադար երկխոսություն

Անդադար երկխոսությունԱյս գլուխը ես գրում եմ տանից հեռու: Ձմեռ է: Ամեն երեկո հեռախոսով զրուցում եմ կնոջս հետ: Մենք խոսում ենք ամեն ինչի մասին, ինչ կատարվում է օրվա ընթացքում: Ես պատմում եմ Ջենեթին, թե որքան եմ գրել, և թե ինչն է խանգարել ինձ գրելու:

Պատմում եմ, թե ինչ եմ կերել ճաշին: Նա էլ պատմում է, թե ինչպես է պայքարում հիվանդության դեմ, նամակների մասին, որոնք իմ անունով են եկել, և այն մասին, թե հարևաններից ում է ինքը հանդիպել այսօր:

Մենք քննարկում ենք եղանակը, քաղաքականությունը, լուրերը բարեկամների կյանքից, միջոցառումները, որոնք մենք պետք է այցելենք: Ընդհանուր առմամբ, մենք միասին մտորում ենք նախորդ օրվա մասին, և որոշ իրադարձություններ մեր աչքերի առջև հառնում են նոր լույսի ներքո:

Այն, ինչ հենց նոր նկարագրեցի, զարմանալիորեն նման է աղոթքի: Հնագույն սահմանումը, որ վերագրվում է Կյուրեղ Ալեքսանդրացուն, ասում է. «Աղոթքը շփում է Աստծո հետ»: Ինձ դուր է գալիս այդ միտքը: Նման սահմանումը իր մեջ ներառում է բոլոր փոքր «աստվածհայտնությունները», որոնք ուղեկցում էին ինձ այսօր. գորշ աղվեսը, որը մի պահ երևաց ճամփեզրին, արևամուտին լեռնային գագաթների վարդագույն փայլը, հանդիպումը խանութում իմ հին ընկերոջ հետ: Այս իրադարձությունները ներառելով աղոթքիս մեջ՝ ես երկարացնում եմ դրանց ազդեցությունը, վայելում դրանք, որպեսզի չափից դուրս արագ չտեղափոխվեն իմ հիշողության գաղտնասենյակներ և չկորչեն այնտեղ:

«Աղոթքն օգնում է մեզ քաղելու հնարավորինս գերագույնը մեր տեսածներից,- գրում է Ալան Էքլսթոունը՝ անգլիացի քահանան, ով հայտնի է աղոթքի մասին իր գրվածքներով:- Դուք մտորում եք կատարվածի մասին, ասես ձեր ձեռքերում նվեր եք թափահարում: Դուք ջանում եք հասկանալու, թե ինչպես է կատարվածը կապվում անցյալի հետ, և ինչպես է այն ազդելու ապագայի վրա: Դուք մտորում եք այն մասին, թե ինչպիսի հնարավորություններ է դա բացահայտում ձեր առջև: Այսինքն՝ դուք Աստծո լույսի մեջ եք բերում ամենը, որ թաքնված է այդ իրադարձության մեջ»:

Ջենեթը իմ հետ կիսվում է իր տպավորություններով, որոնք լսել է իմ պատմածի մեջ հեռախոսային զրույցի ժամանակ: Իսկ Աստված չէ՞ որ միշտ ինձ հետ է:

Մյուս կողմից, Աստծո հետ լիակատար շփումն անհնար է առանց Նրան մեր վշտի ու հուսահատության մասին պատմելու: Մի ֆիլմ կա՝ «Ջութակահարը տանիքում», որտեղ հերոսը՝ Տևյեն, ողջ ընթացքում Աստծո հետ երկխոսության մեջ է. մեկ գոհանում է Նրանից ամեն լավ բանի համար, մեկ բողոքում, երբ իր հետ վատ բան է պատահում: Եվ ահա մի տեսարանում նրան տեսնում ենք իր կաղ ձիու հետ. «Ես կարող եմ հասկանալ,- ասում է նա Աստծուն,- երբ Դու պատժում ես ինձ սխալ արածիս համար: Կամ իմ կնոջն ես պատժում: Նրան արժե պատժել, նա չափից դուրս շատ է խոսում: Բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ. ի՞նչ դու ունես իմ ձիու դեմ»:

Հիսուսը աղոթքի կյանքի օրինակ է տալիս, որի էությունը Աստծո հետ մտերիմ հարաբերությունների պահպանումն է: Հին Կտակարանում մենք գտնում ենք բազում հիասքանչ, փառահեղ աղոթքներ, որոնց մեծ մասը դուրս է գալիս արքաների կամ մարգարեների շուրթերից. հրեաներին հատուկ էր վարողի հետևից երգելով աղոթքի տեքստը կրկնելը: Սաղմոսում կան հատուկ ցուցումներ այն մասին, թե ինչպես է պետք կատարել առանձին սաղմոսներ ծառայության ժամանակ, բայց անձնական աղոթքի մասին ոչինչ գրված չէ:

Քրիստոսի խոսքերում «Հայր» բառը հանդիպում է 170 անգամ: Նա մեզ թողել է աղոթքի օրինակ, որում խոսքը գնում է կենսական բաների մասին. Աստծո կամքի կատարման, կերակուրի, պարտքերի, ներման ու գայթակղությունների մասին: Իսկ Նրա սեփական աղոթքները անկեղծության և անմիջականության օրինակ են: Աշակերտները, իրենք էլ սկսնակ չլինելով աղոթքի մեջ՝ չէին կարողանում ըմբռնել Հիսուսի աղոթքների առանձնահատկությունները: Չէ՞ որ դա է պատճառը, որ նրան խնդրեցին. «Սովորեցրու մեզ աղոթք անելը…» (Ղուկաս 11.1):

Քրիստոսի համար աղոթելը նույնքան բնական էր, որքան շնչելը: Այնուամենայնիվ, մեզ՝ Նրա հետևորդների համար, դա ցավոք սրտի այդպես չէ: Հիսուսն աղոթքի մեջ վերականգնում էր ուժերը, իսկ ինձ համար աղոթքը դժվար աշխատանք է երբեմն: Ես ջանում եմ աղոթքին վերաբերվել՝ որպես երկխոսության, ոչ թե մենախոսության: Բայց ինչպե՞ս պահպանել շփումն Աստծո հետ, եթե Նա, որպես կանոն, մարդկային լսելիքի համար սովորական բառերով չի պատասխանում:

Աղոթքի մեջ վարժվելու համար ես Սաղմոսներ եմ կարդում, ինչպես նաև Հիսուսի ու Իր աշակերտների աղոթքները: Եվ ընթացքում սկսում տեսնել Աստծո ճանապարհների անհունությունը. Նրա տարօրինակ բարեհաճությունը բռնկուն մարդկանց հանդեպ (դա ինձ մխիթարում է): Նրա հակվածությունը՝ մեր հավատքը փորձությունների ենթարկելու, Նրա երկայնամտությունը, համեստությունը և անբացատրելի հարգանքը մարդկային կամքի ազատության հանդեպ: Նաև ես հասկացել եմ, որ մենք տարբեր կերպ ենք օգտագործում իշխանությունը և ընկալում՝ ժամանակ: Ու վերջապես, Աստծուն պետք չէ ոչ ոքի ոչինչ բացատրել:

Սկսելով աղոթել՝ ես նախևառաջ տեղ-տեղ լռում եմ: Բարի կամքով Աստծուն եմ պատմում այն, որ Ինքն Ամենագետ է, արդեն գիտի ամեն բան: Սաղմոսերգուները աղոթող մարդուն նկարագրում են որպես մեկի, ում օդը չի բավականացնում, ով փափագում է կենդանի Աստծուն, ասես չորացած հողը՝ ջրին: Սաղմոսերգուները նման են կարոտահար սիրահարի. ըստ էության՝ այդպիսին է յուրաքանչյուրը, ով փնտրում է Աստծուն: Ես համոզում եմ ինձ, որ Աստված ականջ է դնում իմ աղոթքներին. ժամանակի հետ եկավ հավատքը, որ Աստված ականջ է դնում իմ աղոթքներին:

Համառորեն շարունակելով աղոթել՝ ես սկսել եմ զգալ իմ Զրուցակցին, վերապրել Նրան որպես իմ, այսպես կոչվող, «երկրորդ ես», որն Աստծո կողմից է: Երբ ես հատուցման եմ փափագում, «երկրորդ ես»-ը հիշեցնում է ինձ ներման մասին: Երբ ինձ պարուրում են եսասիրական ցանկություններ, «երկվորյակս» հիշեցնում է ինձ այլ մարդկանց կարիքների մասին: Եվ ես հանկարծ գիտակցում եմ, որ ներքին երկխոսության մեջ չեմ ինքս ինձ հետ: Դա Աստծո Հոգին է աղոթում իմ ներսում և ինձ հայտնում Հոր կամքը:

Ես սովորում եմ զրուցել Աստծո հետ, և այդ ուսման վերջը չի լինելու, քանզի մենք անհավասար զրուցակիցներ ենք: Մեր անհավասարությունը ճանաչելով՝ ես խոնարհվում եմ Նրա առջև և միայն այդ ժամանակ եմ ձեռք բերում Նրան լսելու կարողությունը: Չնայած մեր միջև եղող տարբերությանը՝ ես ձգտում եմ Աստծուն, և միայն այդ ժամանակ են իմ շուրթերը բացվում, իսկ դրանց հետևից էլ՝ սիրտս:

Ֆիլիպ Յանսի

Հատված «Աղոթք» գրքից