Մանկությունս անցկացրել եմ «որջում». վկայություն

Մանկությունս անցկացրել եմ «որջում». վկայությունԻմ անունը Լարիսա է: 28 տարեկան եմ: Այսօր ես կարող եմ համարձակորեն ինձ երջանիկ մարդ համար: Ինձ այժմ շրջապատում են երջանիկ, իրենց կյանքերում բավարարություն գտած մարդիկ: Բայց միշտ չէ այսպես եղել:

20 տարի իմ կյանքից ես անցկացրել եմ մի անդունդում, որտեղից ելք չկար: Իմ ծնողները շատ երիտասարդ էին, երբ ես ծնվեցի: Նրանք չէին կարողանում զբաղվել իմ դաստիարակությամբ, և ես ստիպված էի անընդհատ մի տատիկի մոտից գնալ մյուս տատիկի մոտ:

Մանկությանս մեծ մասն անցկացրել եմ «որջում», այնտեղ ևս երկու երեխա կար. իմ զարմիկն ու զարմուհին: Գրեթե ամեն օր մեր տանը հավաքվում էին տարբեր մարդիկ: Նրանք խմում էին, զվարճանում, իսկ գիշերվա ժամերին կռվում, իրար խփում, իրենք իրենց կամ մեկը մյուսին դանակով վնասում: Առավոտյան տան ապակիների վրա մենք կարդում էինք արյունով գրված բառեր. «Ներիր ինձ» կամ «Ես սիրում եմ քեզ»: Դա սարսափելի էր:

Մենք բոլորս տառապում էինք: Ինձ համար ցավալի էր նաև տեսնելը, թե ինչպես էին տանջվում հենց այդ մարդիկ: Մենք երեխաներով ամեն երեկո հետևելով այդ ամենին՝ գոռում ու լաց էինք լինում: Զարմիկս շատ գոռալու հետևանքով ճողվածք էր ստացել:

Մեզնից յուրաքանչյուրը երազում էր մեծանալ ու որքան հնարավոր է՝ շուտ հեռանալ տանից: Ես մտածում էի, թե իմ կյանքում այլևս երբեք նման բան չի կրկնվի: Երազում էի ունենալ իմ տունը, իմ ընտանիքը, շատ գումարներ, երազում էի ինձ մոտ տանել նաև մայրիկիս ու երջանիկ ապրել:

14 տարեկանում հեռացա տանից: Եվ որքան էլ ջանացի, իմ կյանքում անընդհատ կրկնվում էր նույնը, միայն թե՝ ավելի վատ տարբերակներով:

Դեպրեսիան դարձել էր իմ անբաժանելի «ընկերը»: Ինչ էլ փորձում էի կառուցել՝ քանդվում էր: 19 տարեկանում արդեն բաժանվել էի ամուսնուցս, կորցրել բարեկամներիս հետ շփումը և ունեի մեծ պարտքեր: Ինձ հետևում էին հանցագործները՝ սպառնալով սպանել, և սկսել էի շատ խմել: Կորցրել էի վերահսկումը ինքս ինձ վրա ու շատ չար բաներ էի անում: Վախենում էի: Աներևակայելի արագությամբ ներքև էի ընկնում:

Չէի ուզում այդպես ապրել, բայց մեռնել էլ վախենում էի: Ուզում էի ամեն բան մոռանալ, անհետանալ ու ծնվել նորից: Իմ ընկերները գալիս ու ասում էին, որ ես պետք է կանգ առնեմ, ասում էին, թե դեռ կարող եմ երջանիկ լինել: Ես ծիծաղում էի, ասում էի նրանց ցույց տալ ինձ գոնե մեկ երջանիկ մարդ աշխարհում, և ես կհավատամ նրանց ասածներին: Նախապես ես արդեն վստահ էի, որ նրանք չէին գտնի մեկին, որպեսզի ինձ մատնացույց անեին՝ որպես երջանիկի, քանզի նրանք իրենք էլ դժբախտ էին:

Եվ ահա 1995 թվականի ապրիլ ամիսն էր, մեկն ինձ եկեղեցական ծառայության հրավիրեց: Ես իմ ծանոթի հետ լուռ նստել էի աթոռին ու հետևում էի, թե ինչպես էին մարդիկ երգում ու երկրպագում Աստծուն: Հանկարծ հենց երկրպագության ժամանակ եկեղեցու հովիվը բարձր ձայնով ասաց. «Այսպես է ասում Տերը. Լարիսա, Ես կանչում եմ քեզ քո անունով, Ես քո Աստվածն եմ, Ես երկար եմ սպասել քեզ, արի Ինձ մոտ, Ես սիրում եմ քեզ…»:

Արցունքներս թոփվում էին ու չէին սպառվում, ասես հենց սրտիս խորքերից էին պոկվում ու հորդում: Ես մեկ վայրկյանում հասկացա, որ Աստված կենդանի է: Նա սիրում ու ճանաչում է ինձ: Նա հաղթել է ամեն չարի, և Նրա Անունը վեր է ամեն անունից: Ու հասկացա նաև, որ միակ բանը, ինչն ինձ բաժանում է Նրանից՝ իմ մեղքերն են: Առանց կասկածի որևէ նշույլի ես փափագեցի այդ պահին արագ ապաշխարել: Այդ խոսքը կենդանացրել էր ինձ, այդ նորությունը փոխեց իմ ողջ կյանքը:

Ես պատմում էի Հիսուսի մասին բոլորին, ում հանդիպում էի: Ամեն օր աղոթում էի ու թափում Նրա առջև իմ սրտի մեջի ողջ եղածը: Եվ դրանից հետո իմ կյանքում կատարվող իրադարձությունների միջոցով հասկանում էի, որ Նա լսում է ինձ: Մեկ տարվա ընթացքում Նա նրբորեն մաքրում ու սրբում էր ինձ, և իմ գրեթե բոլոր ընկերներն այդ ընթացքում Աստծուն դարձան:

Ամեն բան կամաց-կամաց կարգավորվում էր, միայն սրտիս մեջ ցավ կար այն մարդկանց հանդեպ, ովքեր հարազատ էին իմ սրտին, բայց գտնվում էին կախվածության մեջ խմիչքից ու թմրադեղերից: Ամեն քայլի ես հանդիպում էի հարբեցողների, փողոցներում ընկած մարդկանց, դե իսկ իմ մանկության ընտանիքում նույնպես այդ խրախճանքները դեռ շարունակվում էին:

Սկզբում դա ինձ նյարդայնացնում էր, չէի կարողանում աչքերս փակ անցնել նրանց կողքով, իսկ օգնել՝ չգիտեի ինչպես: Սկսեցի աղոթել դրա համար: Իմ գլխում անընդհատ մտքեր էին պտտվում այն մասին, թե ինչպես կարող եմ նրանց ծառայել:

Ցանկանում էի ստեղծել հյուրանոցային համալիր, որտեղ հնարավոր կլիներ ընդունել ցանկացած մարդու՝ փողոցայինների, անտունների, թմրամոլների, հարբեցողների… և օգնություն ցուցաբերել նրանց, որն իսկապես անհրաժեշտ էր, հետո հնարավորություն տալ՝ գումար վաստակելու որևէ քրիստոնեական ձեռնարկությունում, օգնել բնակարանի հարցում…

Այդ մտքերը ինձնից մեծ էին: Ես ինքս դեռ մնալու տեղ չունեի, իսկ աշխատավարձս բավարարում էր միայն սնունդի համար, դեռ պարտքերս էլ մնում էին: Երբ ես փորձում էի իմ այդ մտքերով կիսվել որևէ մեկի հետ, բախվում էի բազմանշանակ ժպիտի:

Որպեսզի այդքան չմտածեի, իմ այդ մտքերը փոխանցեցի թղթին ու սկսեցի այսպես աղոթել դրանց համար. «Տե՛ր, եթե այս մտքերը Քեզանից են, տուր հնարավորություն՝ ի կատար ածելու, իսկ եթե՝ ոչ, ուղղակի հեռացրու դրանք իմ մեջից»: Ես այդ մտքերով այս ու այն կողմ էի գնում և շատ ծիծաղելի տեսք էի ստանում:

Որոշ ժամանակ անց ծանոթացա տղամարդկանց վերականգնողական կենտրոնի եղբայրների հետ: Դա Տիրոջից պատասխան էր ինձ համար: Տեսա շատ մարդկանց, որոնց Տերը ազատել էր սարսափելի կախվածություններից: Եվ նրանք այժմ աղոթում էին կանանց օգնելու նման մի կենտրոնի բանցման համար: Ես, իհարկե, միացա նրանց: Այդպես հետզհետե այդ եղբայրների և նրանց հետ միաբան աղոթքների միջոցով Աստված հաստատում ու ամրացնում էր ինձ հավատքի մեջ: Վերջապես ես լիովին վստահեցի ու ապավինեցի Նրան:

Մի քանի ամիս անց մեզ նվիրեցին տուն՝ կանանց վերականգնողական կենտրոն ստեղծելու համար, և 2000 թվականի դեկտեմբերի 1-ին այդ կենտրոնը բացվեց: Անցավ երկու տարի: Այդ կարճ ժամանակում Աստված ազատագրեց շատ կանանց: Նրանցից շատերն այսօր երջանիկ են, ունեն ապագայի հանդեպ հույս ու ամրություն Տիրոջ մեջ: Շուտով վերականգնված կանանցից արդեն 6-րդի հարսանիքը կլինի:

Այսօր ես շատ եմ լացում՝ տեսնելով այն օրհնությունները, որ Աստված շարունակում է անել: Ես սիրում եմ Նրան և ուզում եմ ծառայել Նրան: Ինքս մի քանի անգամ վերականգնողական ընթացք եմ անցել հենց այդ կենտրոնում: Տերը փրկագնեց ու ազատագրեց ինձ դեպրեսիայից:

Այժմ աղոթում եմ, որ Նա լայնացնի իմ սահմանները: Ցանկանում եմ Նրա Խոսքը հասցնել ամենամութ վայրերը, տանել Նրա Բարի Լուրը այն մարդկանց, ովքեր վաղուց կորցրել են հույսը, որոնց սատանան խաբել է և ներշնչել, թե կյանքը նվաստացուցիչ մի բան է:

Ես ցանկանում եմ, որ Տերը փառավորվի իմ ու իմ ընտանիքի միջոցով:

Նրա համար չկա անհնարին որևէ բան: Եվ երազանքները Նրա հետ դառնում են իրականություն: Փառք Հիսուս Քրիստոսին:

Լարիսա Զաիկինա