Աստծո արքայությունը ոչ թե խոսքով է, այլ՝ զորությունով

Աստծո արքայությունը ոչ թե խոսքով է, այլ՝ զորությունով«Որովհետեւ Աստծո արքայությունը ոչ թե խոսքով է, այլ՝ զորությունով» (Ա Կորնթ. 4.20)։

Մեզ` Քրիստոսին հավատացածներիս մեծ հանձնարարական է տրված` վկայել Քրիստոսին ու տարածել Նրա Ավետարանը մեր շրջապատում և բոլոր այն վայրերում, որտեղ մեզ կառաջնորդի Աստծո Սուրբ Հոգին:

Եվ մենք խոստում ունենք Տիրոջից, որ եթե Նրա կամքի մեջ մնանք և գործենք հնազանդությամբ, Աստված նշաններով ու հրաշքներով հաստատելու է մեր քարոզած Ավետարանն ու վկայությունների ճշմարիտ լինելը: Շատերը կարող են գեղեցիկ շարադրել իրենց մտքերը, սակայն Աստծո Խոսքը մեզ հստակ ուղղորդում է` Աստծո Արքայությունը խոսքով չէ, այլ՝ զորությունով:

Եթե խոսքն իր մեջ չունի զորության դրսևորումներ, ապա դեռ քննել է պետք, թե ո՞ր աղբյուրից է այն բխել: Արքայության Խոսքն իր մեջ զորություն է պարունակում, որն ի զորու է կյանքեր փոխելու, բնավորություններ կերտելու, բժշկություններ գործելու, կապանքներ քանդելու, մոլություններից ազատագրելու, սգավորներին մխիթարելու, տկարներին ուժով լցնելու, հիասթափվածներին հույսով լցնելու, գայթակղվածներին նոր սկիզբ ու ոգևորություն պարգևելու, ընկածներին բարձրացնելու, մեղավորներին ապաշխարության առաջնորդելու: Աստծո արքայությունը խոսքով չէ, այլ զորությունով:

Արքայության հպումը մարդու կյանքին տեսանելի է իր թողած փոփոխությամբ և բերած արդյունքներով: Առանց այս շոշափելի և տեսանելի հետևանքների ցանկացած խոսք ու վկայություն անզոր է և, հետևաբար, Արքայության հետ առնչություն չունեցող:

Աստված մեզ` հավատացյալներիս համար Իր Հոգով հասանելի է դարձրել Արքայության զորությունը, և խոնարհները վերցնում են այդ զորությունը:

Տեր Հիսուսի անունով Արքայության զորությամբ լեցուն խոսք ու վկայություն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան