Մտորումներ սրբության մասին. Ալեքսանդր Շևչենկո

Այսօր ցանկանում եմ խոսել սրբության և մարդկային հոգու վրա սրբության ունեցած ազդեցության ավելի խորը ընկալման մասին:

«Բայց ճանաչեցեք, որ Տերն ընտրել է իր սուրբին» (Սաղմոս 4.3):

Ըստ էության՝ աշխարհը կարելի է հաղթահարել ոչ թե կամքի ուժով, այլ հավատքի զորությամբ. «Որովհետև ամեն ով որ Աստվածանից է ծնված՝ հաղթում է աշխարհքին. և սա է հաղթությունը, որ աշխարհքին հաղթեց, այսինքն մեր հավատքը» (Ա Հովհաննես 5.4):

Մի մարդ մեկ անգամ ինձ ասաց. «Ես սկսել եմ հավատալ բանտում: Իմ ազատվելուց երեք ամիս անց ես հասկացա, որ ցանկանում եմ բանտ վերադառնալ: Այնտեղ ավելի հեշտ էր այն բոլոր գայթակղությունների բացակայության պատճառով, որ կային ազատության մեջ»:

Նա ինչ-որ տեղ ճիշտ է, բայց սրբությունը չի սահմանափակվում մեղքի հանդեպ պաշտպանական արձագանքով: Սրբությունը գործուն է: Դա փակ տարածություն չէ, այլ ճնշում: Ժուժկալությունը իր էությամբ գրավիչ լինել չի կարող: Այն ոչնչի չի խրախուսում, ավելին՝ այն սրբության բնական հետևանքն է, քան սկզբնապատճառը:

Հավատքը գրավում է, զարգացնում, կենդանացնում, քանզի այն հավիտենական է: Կրոնը պահում է, քարացնում, քանզի այն անցողիկ է: Հայտնությունը, որ Աստծուց է գալիս, նախևառաջ պետք է հոգուց գիտակցված լինի:

Աշխարհի կերպարանափոխությունը՝ ահա Քրիստոսի մարդկային կերպարանաքով հայտնության սկզբնապատճառը: Հոգու կերպարանափոխությունը կարող է կատարվել միայն նորի, գերմարդկայինի գիտակցմամբ: Մենք միայն «Տիրոջ փառքն ինչպես հայելու մեջ տեսնելով՝  նույն պատկերի նման կերպարանափոխվում ենք» (Բ Կորնթացիս 3.18): Աստծո Որդու հետ կարելի է հանդիպել միմիայն Մարդու որդու միջոցով: Այդ պատճառով այս անգամ Հիսուսը եկավ ոչ թե Սինայից, այլ մսուրից:

Ինքնաճանաչողություն. արդյոք կարո՞ղ է արարչագործությունն ինքը ճանաչել իրեն՝ առանց Արարչի: Մարդն ինքը չի կարող ճշմարտապես իր անձը ճանաչել: Ինչպե՞ս դատել մեռած ես-ի մասին, եթե ոչ հարություն առածի միջոցով: