Ապացույցներ Նոր Կտակարանի նամակներից. Ջոշ Մաք-Դաուել

Քրիստոսի կյանքի վերաբերյալ մանրամասնությունների մեծ մասը Նոր Կտակարանում արձանագրված է Ավետարաններում, իսկ Պողոսի գրվածքները պարունակում են նշանակալի տեղեկություններ, որոնք հաստատում և հավաստում են Քրիստոսի կյանքի դեպքերը: Այս նամակները վավերական են համարվում, քանի որ դրանք գրվել են Քրիստոսի ժամանակին այնքան մոտ, երբ Նրա կյանքի, մահվան ու հարության բազմաթիվ ականատեսներ դեռևս ողջ էին: Պողոսի նամակներից երեքը՝ ուղղված հռոմեացիներին, կորնթացիներին (Ա) և թեսաղոնիկեցիներին (Ա), հավանաբար գրվել են նախքան որևէ Ավետարանի երևան գալը:

Պրոֆեսոր Գարի Հաբերմասը բացատրում է Պողոսի նամակների կարևորությունը Հիսուսի պատմականության ուսումնասիրության առումով. «Պողոսը ներկայացնում է Հիսուսի կյանքի վերջին շաբաթվա վերաբերյալ մանրամասների մեծ մասը՝ հաճախ խոսելով այս դեպքերի մասին Ավետարանի մեջ դրանց կենտրոնական դերի պատճառով: Նա մանրամասներ է հաղորդում Տիրոջ Ընթրիքի վերաբերյալ՝ անգամ մեջբերելով Հիսուսի խոսքերը, որ Նա այդ առիթով ասել էր (Ա Կորնթացիս 11.23-25): Պողոսը հաճախ է խոսում Հիսուսի մահվան մասին (Հռոմեացիս 4.25, 5.8)՝ առանձնացնելով խաչելությունը (Հռոմեացիս 6.6, Գաղատացիս 2.20) և հիշատակելով հրեաների սադրանքն այդ հարցում (Ա Թեսաղոնիկեցիս 2.14-15): Նա պատմում է, թե ինչպես է Հիսուսը թաղվել, երեք օր հետո հարություն առել և երևացել բազմաթիվ մարդկանց՝ թե անհատապես, թե խմբովի (Ա Կորնթացիս 15.3-8)»:

Փորձենք ամփոփել պատմաբան Պոլ Ջոնսոնի բառերով. «Մի բան կասկածից դուրս է. թեև 19-րդ դարում պատմությունը հակված էր կասկած գցել քրիստոնեական գրվածքների վավերականության վրա և խարխլել Աստվածաշնչում ներկայացված Աստծո և Նրա Որդու հանդեպ ընդհանուր ընդունված հավատի հիմքերը, սակայն 20-րդ դարում այն շարժվեց ճիշտ հակառակ ուղղությամբ, և դրա ավարտի վերաբերյալ ոչ մի նշան չկա: Հիմա ոչ թե հավատի մարդիկ, այլ թերահավատներն են, որ պատճառ ունեն վախենալու հայտնագործությունների ընթացքից»: