«Երբ լիովին հնազանդվենք Ավետարանին, նախկին մեղքերը հետևում կթողնենք». Մարտին Լյութեր

«Երբ լիովին հնազանդվենք Ավետարանին, նախկին մեղքերը հետևում կթողնենք». Մարտին ԼյութերՄիգուցե շատերը հարցնեն՝ եթե Քրիստոս Իր հարությամբ ազատ է արձակել մեզ մեղքից, ապա ինչո՞ւ ենք նախկինի պես մեղքի և մահվան զգացողություն ունենում: Մեղքը շարունակում է խոշտանգել մեզ, խղճի խայթ ենք զգում, որը դժոխային վախ է ծնում…

Այս հարցին ես կպատասխանեմ հետևյալ կերպ՝ շատ անգամներ եմ ասել, որ զգացողությունը և հավատքը տարբեր բաներ են: Հավատքը հակում չունի դեպի զգացմունքները, նրան բնորոշ են հրաժարումը բանականությունից, Խոսքին բացարձակորեն հնազանդվելն ու հետևելը:

Զգացումը, սակայն, սահմանափակված է մտքին և զգացմունքերին ենթակա սահմաններով: Զգայարաններով կարելի է լսել, տեսնել, զգալ և ճանաչել: Այսպիսով՝ զգացողությունը հակասում է հավատքին, իսկ հավատքը՝ զգացողությանը: Ահա պատճառը, թե ինչու եբրայեցիներին ուղղված նամակում հեղինակը գրում է. «Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունն է և չերևացած բաների ապացույցը»:

Ի վերջո, եթե մենք մեր աչքերով տեսնեինք Քրիստոսին երկնքում, ինչպես տեսնում ենք արեգակը, կարիք չէինք ունենա հավատալու Նրան: Սակայն, քանի որ Քրիստոս մահացել է մեր մեղքերի համար և հարություն է առել մեր արդարացման համար, ուստի չենք կարող ո´չ տեսնել, ո´չ էլ զգալ այդ ամենը: Չենք կարող նաև գիտակցել դա սեփական բանականությամբ:

Հետևաբար, չպետք է ուշադրություն դարձնենք մեր զգացողություններին. պետք է հիմնվենք միայն Սուրբ Գրքի վրա: Պահենք այն մեր սրտում և կառչենք դրանից, նույնիսկ երբ զգում ենք, որ մեղքերը կարծես «չեն թողել» և շարունակում են «քայլել» մեզ հետ:

Կարիք չկա զգացողություններին չափազանց մեծ տեղ տալու, սակայն պետք է մշտապես պնդենք, որ մահը, մեղքը և դժոխքը պարտված են, թեկուզև զգացմունքներն ասում են, որ դրանց իշխանության ներքո ենք գտնվում: Նույնիսկ, երբ զգում ենք, որ մեղքը շարունակում է մնալ մեզանում, Աստված այդ ամենը թույլ է տալիս, որպեսզի մեր հավատքը մեծանա և հաստատվի: Նա թույլ է տալիս այդ ամենը, որպեսզի հիմնվենք Նրա Խոսքի վրա և ավելի ու ավելի մեր սրտերը «կապենք» Քրիստոսի հետ: Այսկերպ, հավատքը շատ մեղմորեն՝ հակառակ բոլոր զգացմունքներին և բանականության ձայնին, օգնում է հաղթահարելու մեղքին, մահվանը և դժոխքին:

Այդժամ մեր աչքերով կտեսնենք փրկությունը, այդժամ լիովին կգիտակցենք, թե ինչին ենք հավատացել, որ մահը և բոլոր վշտերը հաղթահարված են:

Որքան մեծանում է հավատքը, այնքան փոքր և աննշան են դառնում զգացմունքները: Եվ հակառակը:

Մեղքը և մահն «ուղեկցում են» մեզ մինչև վերջ, որպեսզի կարողանանք աճեցնել հավատքը, որպեսզի մարմնով և հոգով առավել նմանվենք Քրիստոսին: Քանզի, երբ մեր սրտերը «կպչում են» Աստծո Խոսքին, զգացմունքները և բանականությունը պետք է նահանջեն: Ժամանակի ընթացքում կամքը ևս կառչում է Խոսքից, իսկ դրա հետ միասին՝ մնացած ամեն բան՝ ցանկությունն ու սերը:

Երբ լիովին հնազանդվենք Ավետարանին, կնորոգվենք և նախկին մեղքերը հետևում կթողնենք: Այդժամ կգա նոր լույս, այլ զգացմունքներ, այլ տեսիլք, գործողություն և խոսք և բարի գործերի նոր պտուղներ:

Մարտին Լյութեր

Պատգամ «Քրիստոսի հարության օրը»