Այս օրը պատմության մեջ. Ցեղասպանության ականատեսը

Այս օրը պատմության մեջ. Ցեղասպանության ականատեսըՀոկտեմբերի 20-ը ամերիկացի քրիստոնյա Էլիզաբեթ Բերոուզ Աշերի ծննդյան օրն է: Նա եղել է Հայոց ցեղասպանության ականատես և այն որակել է որպես «համակարգված և խոշորածավալ կոտորած»:

Ծնվել է 1873 թվականին Կեսարիա քաղաքում՝ ամերիկյան քրիստոնյա միսիոներների ընտանիքում։

Էլիզաբեթի եղբոր թույլ առողջական վիճակի պատճառով Բերոուզների ընտանիքը 1875 թվականին որոշում է տեղափոխվել արևմտյան Թուրքիա՝ հուսալով, որ մթնոլորտի փոփոխությունը դրական կերպով կանդրադառնա երեխայի առողջական վիճակի վրա։

Երբ Էլիզաբեթը բոլորում է յոթ տարեկանը, Բերոուզների ընտանիքը որոշում է այցելություն կատարել Միացյալ Նահանգներ: Եվ նրանք ի վերջո հաստատվում են ԱՄՆ-ի վարչական շրջաններից մեկում՝ Ատկինսոնում:

Տասնմեկ տարեկանում Էլիզաբեթը մկրտվում է Ատկինսոնի եկեղեցում և ստանում հոգևոր կրթություն:

Ճեմարանն ավարտելուց հետո Բերոուզը որոշում է վերադառնալ Օսմանյան Կայսրություն որպես միսիոներ։ Նա ուղևորություն է կատարում դեպի Տրապիզոն, հետո մեկնում է Էրզրում, և վերջապես՝ Վան, որտեղ էլ նրան դիմավորում են Կլերենս Աշերը՝ նրա ապագա ամուսինը, և մյուս միսիոներները։

Սակայն շուտով Կոստանդնուպոլսից հրաման է արձակվում, որ Բերոուզն անմիջապես վերադառնա մայրաքաղաք, քանի որ թուրքական իշխանությունները նրան կասկածում են Հայ ազգային-ազատագրական շարժմանը որոշակի մասնակցություն ունենալու մեջ։

Կասկածի պատճառն այն էր, որ Բերոուզը հեռագիր էր ստացել «Հայ օգնության միության» Անգլիայի մասնաճյուղից, որում նրան խնդրում էին խնամել հայ որբացած մանուկներին։ Էրզրումի ամերիկյան հյուպատոսարանի միջամտությամբ Բերոուզին թույլատրվում է խնամել հայ երեխաներին։

1900 թվականի հունիսի 26-ին Բերոուզն ամուսնանում է Աշերի հետ։ Պսակադրության արարողությունը տեղի է ունենում Վանի եկեղեցիներից մեկում։ Արարողությանը մասնակցում են բազմաթիվ օսմանյան գործիչներ, ինչպես նաև հայկական համայնքի երևելի անդամներ։

Ամուսնությունից հետո Էլիզաբեթ Աշերը սկսում է դասավանդել Վանի աղջիկների դպրոցում, ինչպես նաև զբաղեցնել դպրոցի երաժշտական բաժնի ղեկավարի պաշտոնը։

Բացի այդ, Աշերը սկսում է երկրամասի մի շարք այլ դպրոցներում «Աստվածաշնչյան ուսումնասիրություններ» առարկան դասավանդել և դառնում է Վանի «Երիտասարդ կանանց քրիստոներական ասոցիացիայի» (YWCA) անդամ։

Աշերի միջնորդությամբ օթևան է տրվում հայ որբ մանուկներին և այրի կանանց: Նա նաև հոգում է, որ նրանք հնարավորություն ունենան արհեստ սովորելու։

Որբերի և այրիների ձեռքերով պատրաստված արտադրանքը հաջողությամբ վաճառվում է աշխարհի տարբեր անկյուններում։ Մի քանի տարի ուսուցանելուց հետո Աշերը 1908 թվականին որոշում է վերադառնալ Միացյալ Նահանգներ և այցելել ընտանիքին։

Կոնեկտիկուտ նահանգի Սթոնինգթոն բնակավայրում ընտանիքի հետ մեկ տարի անցկացնելուց հետո նա կրկին վերադառնում է Արևմտյան Հայաստան: Մի քանի տարի անց սկսվում է Առաջին աշխարհամարտը։

Հայոց ցեղասպանության տարիներին Էլիզաբեթ Աշերը հաստատված էր Վան քաղաքում։ Վանի ինքնապաշտպանության ժամանակ նա իր անձնական օրագրում գրի է առնում ամենօրյա դիպվածների մասին, որոնք հետագայում՝ 1917թ-ին, հրատարակվում են հոր` Ջոն Օտիս Բերոուզի կողմից` «Արարատի երկրում` Թուրքիայի միսիոներ և Առաջին աշխարհամարտի մարտիրոսուհի Միսս Էլիզաբեթ Ֆրիման Բերոուզի կյանքից մի պատառ» վերնագիրը կրող գրքում։

Աշեր ամուսինները հսկայական օգնություն են ցուցաբերում Վիլայեթի գաղթական հայերին՝ հարյուրավոր ընտանիքների ապաստան տալով իրենց իսկ տանը։ Տանը տիրող վիճակի մասին Էլիզաբեթը գրում է. «Յուրաքանչյուր հնարավոր անկյուն լեփ-լեցուն է ընտանիքներով` անկողնային աննշան հարմարանքներով, լացող երեխաներով և մերկության, սննդի պակասի ու վախի պատճառով տկարացածներով»։

Իր բարի և օգտակար առաքելության ժամանակ նա գաղթականներից վարակվում է այն ժամանակ տարածված սարսափելի հիվանդությամբ՝ տիֆով, և մահանում է 1915 թվականի հուլիսի 14-ին:

Պատրաստեց Էսթեր Զաքարյան