Հանձնի՛ր Նրան քո հոգին՝ վստահի՛ր Նրա մատակարարմանը. Չարլզ Սպերջեն

«Դու ես իմ ապաստանը. նեղությունից կպահես ինձ. փրկության երգերով կպատես ինձ» (Սաղմոս 32.7):

Մեկ անգամ մի տարօրինակ կտավ տեսա, որը, ինչպես ինձ թվաց, լավ էր պատկերազարդում Հիսուսին հավատալու միջոցով փրկության ճանապարհը: Ինչ-որ մեկը հանցանք էր գործել, որի համար պետք է մահապատժի ենթարկվեր: Այդ ժամանակներում եկեղեցիները ապաստան էին համարվում, որոնցում հանցագործները կարող էին թաքնվել ու այդպես մահից փրկվել:

Եվ ահա այդ նկարի մեջ հանցավոր մարդը վազում է դեպի եկեղեցի: Արյունարբու պահապանները հետապնդում են նրան մերկ սրերով: Նրան հետապնդում են մինչև եկեղեցու դռները: Նա բարձրանում է աստիճաններն ի վեր, և հենց այն պահին, երբ նրան գրեթե հասել էին և պատրաստ էին կտոր-կտոր անել հենց դռան շեմին, եկեղեցուց դուրս է գալիս քահանան և ձեռքի խաչը վեր բարձրացնելով՝ բացականչում. «Հե՛տ, հե՛տ: Արյամբ մի պղտորեք Աստծո տան շեմը: Հետ գնացեք»: Կատաղի պահապանները երկյուղածությամբ հեռանում են, իսկ դժբախտ փախստականը թաքնվում է քահանայի մեջքի հետևում:

Նույնն էլ Քրիստոսի հետ է: Մեղավորը վազում է Նրա մոտ, և չնայած որ նրան հետապնդում է արդարադատությունը, Քրիստոսը բարձրացնում է Իր խոցված ձեռքերը և ասում արդարադատությանը. «Հե՛տ: Ես պաշտպանում եմ այս մեղավորին: Ես թույլ չեմ նրան մահանալ, որովհետև նա Ինձ է ապավինում»:

Մեղավո՛ր, վազի՛ր Քրիստոսի մոտ: Որքան դու վատն ես, այնքան ավելի շատ պատիվ ես տալիս Նրան՝ հավատալով, որ Նա կարող է պաշտպանել քեզ:

Եթե դու թեթև հիվանդություն ունես և բժշկին ասում ես. «Ես լիովին ապավինում եմ ձեր կարողություններին», ապա դա դեռևս շատ մեծ հաճոյախոսություն չէ: Դժվար չէ բուժել հիվանդ մատը կամ թեթև տկարությունը: Բայց եթե դու պառկած ես ծանր, վտանգավոր հիվանդությամբ և, միևնույնն է, ասում ես. «Ես չեմ ցանկանում այլ բժիշկ փնտրել: Դուք լավագույն բժիշկն եք, ես կլսեմ ձեր բոլոր խորհուրդները և ուրախությամբ վստահում եմ ձեզ». սա բոլորովին այլ վստահություն է: Վարվի՛ր այդպես Քրիստոսի հետ: Հանձնի՛ր Նրան քո հոգին՝ վստահիր Նրա մատակարարմանը: