Աստված պատրաստ է առաջնորդելու, երբ քրիստոնյան պատրաստ է հետևելու

Հիսուսն Իր աշակերտներին չսովորեցրեց, թե աղոթողի համար պայքար չկա, այլ սովորեցրեց, որ նեղությունների մեջ Աստծո առաջնորդության կարիքն ունեն: Հակառակ դեպքում՝ նրանք կընկնեին սատանայի որոգայթը, քանի որ նա խորամանկությամբ շարունակաբար ծուղակներ է պատրաստում և ամեն բան անում իր կարողությունների սահմանում, որպեսզի գայթակղեցնի ու պարտության մատնի քրիստոնյաներին: Սակայն աղոթող մարդը կարող է ապավինել Աստծո պահպանությանը:

Աղոթքի այս կողմը քննարկեցի Միացյալ Նահանգներ գաղթած ռումինացի հավատացյալների հետ: Նրանցից մեկը մի բան ասաց սատանայի խորամանկ հնարքների մասին. «Ռումինիայում սատանան մռնչացող առյուծի պես է, նա փորձում է քրիստոնյաներին ահաբեկել հալածանքներով ու տարբեր միջոցներով: Ամերիկայում լուսո հրեշտակի նման է: Նրա մեթոդներն են փոխհամաձայնությունը և բարեհամբույր վերաբերմունքը: Ինձ համար ավելի դժվար է մերկացնել լուսո հրեշտակին, քան թե մռնչացող առյուծին: Երբ նա մռնչացող առյուծ է, գիտես, թե ով է թշնամին, իսկ լուսո հրեշտակի հետ գործ ունենալիս՝ անպայման Սուրբ Հոգու առաջնորդությունը պետք է ունենաս»:

Եթե Հիսուսի հետևորդը ուզում է Սուրբ Հոգու ղեկավարությամբ ապրել, պետք է վերացնի Աստծո առաջնորդությանը խանգարող ամեն արգելք: Օրինակ՝ նա չի կարող այսպես աղոթել. «Մի տուր ինձ ցանկասիրության փորձություն», և միաժամանակ դիտել էրոտիկ ֆիլմեր: Կարդալ պիղծ ու անբարոյական գրականություն և խնդրել. «Հեռացրու ինձանից պիղծ մտքերը»: Քրիստոսնյան չի կարող հանձնվել Աստծո առաջնորդությանը՝ պահպանելով Սուրբ Հոգուն վշտացնող սովորույթները: Աստված պատրաստ է առաջնորդելու, երբ քրիստոնյան պատրաստ է հետևելու:

Փորձությունը միշտ կանգնելու է մեր առջև: Եթե ուզում ենք հաղթություն ունենալ, պետք է երկու ճշմարտություն հասկանանք: Նախ՝ փորձությունը մեղք չէ, բայց կարող է մեղքի տանել: Կարևորը մեր արձագանքն է: Մենք կարող ենք հանձնվել կամ փորձությանը, կամ էլ Սուրբ Հոգու առաջնորդությանը: Երկրորդ՝ կարևոր է հասկանալ փորձության աղբյուրը և մեզ մեղքի տանող միջոցները: Աստված Իր զավակներին չի գցում մեղքի տանող փորձության մեջ: Փորձիչը, չարիքի աղբյուրը սատանան է: Հիսուսի հետևորդներին գայթակղեցնելու համար նա օգտագործում է աշխարհը և մարմինը, սակայն չպետք է մոռանալ, որ նա պարտված թշնամի է:

Աշխարհի համակարգը հակառակ է Աստծո սկզբունքներին ու բնույթին: Քանի որ հավատացյալն ապրում է այդ համակարգում, սատանան շարունակ փորձում է գայթակղեցնել նրան աշխարհի այդ համակարգի ցանկություններով: Անկումից հետո մարդու մարմինը վնասվել է: «Հին մարդը» արտաքին ցանկություններով ու մղումներով ապրելու սկզբունք ունի, ուր բացակայում է Աստծուն հնազանդվելու ներքին միտումը:

Քրիստոսնյան պետք է աղոթքով Աստծուն հանձնվի՝ որոշելով չնմանվել աշխարհին, այլ իր մարմինը հարկ է ցանկություններով մեկտեղ խաչը հանի: Այս ամենօրյա ընտրությունը պետք է աղոթքի ծածուկ սենյակում անել: Նա, ով ամբողջությամբ հանձնվում է Աստծուն, կարողանում է ընթանալ ու ապրել Սուրբ Հոգու առաջնորդությամբ:

Սեմի Թիփիթ