Բարոյական օրենքը մեր մեջ է, աստղազարդ երկինքը՝ մեր գլխավերևում. Լյուդվիգ Վան Բեթհովեն

Դաժան մանկությունը, երիտասարդ տարիքում խլանալը, անձնական կյանքում երջանկության անպտուղ որոնումները… խստացրեցին նրա սիրտը, բայց ոչ այն աստիճան, որպեսզի մերժեր Ամենակարողի գոյությունն ու երաժշտական մրցավազքում թողներ քրտնաջան պայքարը: Լյուդվիգ Վան Բեթհովենը աշխարհին հայտնի է՝ որպես կարկառուն կոմպոզիտոր, հաստաբուն մի հիմնասյուն համաշխարհային երաժշտական պատմության մեջ:

Բայց այդ բարձունքը գուցե թե անհասանելի մի երազանք կմնար երիտասարդ շնորհաշատ Լյուդվիգի համար, եթե նա չունենար ներքին անսասան հավատք և անկոտրում համառություն՝ աշխատելու, չհանձնվելու, առաջ գնալու: Ներկայացնում ենք մեջբերումներ Բեթհովենի խոսքերից, որոնք կարող են շատ բան ասել նրա համոզմունքների, բնավորության ու ներաշխարհի մասին:

«Քրիստոնեության հիմքի վրա միայն կարելի է իսկական մարդ դաստիարակել: Բարոյական օրենքը մեր մեջ է, աստղազարդ երկինքը՝ մեր գլխավերևում: Ես մարդու մեջ միայն մեկ առավելություն եմ ընդունում. այն, ինչը թույլ է տալիս դասել նրան ազնիվ մարդկանց շարքում: Այնտեղ, ուր ես գտնում եմ այդ ազնիվ մարդկանց, համարում եմ իմ ընտանեկան օջախը»:

«Ես շատ եմ տառապել, բայց, վերջիվերջո, նորից վերստացել եմ կենսական ուժը և ասել ինձ՝ միայն արիություն: Իմ կյանքի սիմֆոնիան մարտական է: Մեր բոլոր մարմնական տկարությունների դեպքում պետք է հոգին հաղթանակի»:

«Իմ ընկերներից ոչ մեկը չպետք է ինչ-որ բանի կարիք ունենա, քանի դեռ ես ունեմ մի կտոր հաց։ Եթե իմ դրամապանակը դատարկ է, և ես այս պահին չեմ կարող օգնել, ինձ մնում է նստել սեղանի մոտ և սկսել աշխատել, և շատ շուտով կկարողանամ օգնել նրան դուրս գալ վատ իրադրությունից»։

«Սիրում եմ, ուրեմն գոյություն ունեմ, գոյություն ունեմ, քանզի սիրում եմ: Սիրտը` ահա բոլոր մեծ գործերի ճշմարիտ լծակը»:

«Յուրաքանչյուր իսկական ստեղծագործության մեջ միտք կա, և կոմպոզիտորը նույնպես բանաստեղծ է: Երաժշտությունն առավել բարձր հայտնություն է, քան իմաստնությունն ու փիլիսոփայությունը: Երաժշտությունը միշտ բովանդակալից է: Երաժշտությունը ժողովրդական պահանջմունք է: Երաժշտությունը պետք է մարդկային հոգուց հուր ցայտեցնի: Մեծ արվեստը չպետք է ապականի իրեն` դիմելով անբարոյական սյուժեների»:

«Իսկական արվեստագետը զուրկ է սնափառությունից, նա չափից ավելի լավ է հասկանում, որ արվեստն անհատնում է»:

«Միայն իսկապես ճշմարիտն է ժայռի նման անսասան»:

«Ես չգիտեմ գերազանցության այլ հատկանիշներ, բացի բարությունից»:

«Ձեր երեխաներին մեծացրեք առաքինի: Միայն դա կարող է երջանկություն տալ»:

«Մարդու մեծագույն արժանիքը ամենադժնդակ խոչընդոտները հաղթահարելու համառությունն է: Տաղանդավոր և աշխատասեր մարդու համար խոչընդոտ չկա»:

Պատրաստեց Գոհար Ավագյանը