Ինչպե՞ս կարող եմ պահպանել սրբությունս…

Ինչպե՞ս կարող եմ պահպանել սրբությունս… Մեկ անգամ իմ կայքին գրել էր մի երիտասարդ աղջիկ: Նա 18 տարեկան էր, սովորում էր համալսարանում: Նա ցանկանում էր իմանալ, թե ինչպես պահպանի իր հոգու և մարմնի սրբությունը:

Նա ասում էր, որ մարդիկ մարմնի սրբությունը պահպանելու խորհուրդներ տալիս են միայն տղամարդկանց, բայց չէ՞ որ միայն տղամարդիկ չեն պայքարում սեռական ցանկությունների դեմ: Ես ուրախ էի, որ ուշադրություն եմ դարձրել այդ գրառմանը: Ահա թե ինչ եմ ես նրան գրել: Գուցե դա օգտակար լինի նաև այլ աղջիկների:

«Սիրելի՛ Քեյսի, շնորհակալ եմ ձեր նամակի համար: Ես կարող եմ խորհուրդ տալ, որ հեռու մնաք տղաներից, որոնք վստահություն չեն ներշնչում: Սակայն կա մեկ այլ կարևոր խնդիր: Դա մեր սրտի ցանկություններն են:

Գայթակղությունները բոլորին են պաշարում՝ թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկական բնագավառում:

Խնդիրն այն է, որ այն, ինչ անում ենք մարմնի հետ, սկիզբ է առնում մեր մտքի և սրտի մեջ: Մենք մտածում ենք, խորհում դրա շուրջ, իսկ հետո ձգտում վերապրել կյանքում: Եթե ես պայքարում եմ ինչ-որ բանի դեմ, ուրեմն իմ սիրտը սխալ դիրքում է գտնվում: Իմ առաջնահերթությունը պետք է լինի Հիսուսին սիրելը իմ ողջ զորությամբ, ողջ սրտով և մտքով: Իմ բավականությունը և բավարարվածությունը Նրա մեջ միայն պետք է լինի:

Ավելի լավ է խնդրենք Հիսուսին, որ Նա ցույց տա մեզ Իր ճանապարհը: Աստվածաշնչի ընթերցումից, աղոթքից և տարիքով մեծերի հետ շփումից հետո դու ի վիճակի կլինես ճիշտ որոշումներ կայացնելու, որոնք էլ կբերեն լուծումներ:

Աղոթի՛ր և խնդրի՛ր Աստծուն, որ Նա փոխի քեզ ներսից: Աղոթիր Սաղմոս 139. 23-24 խոսքերով. «Փորձիր ինձ, ով Աստված, և ճանաչիր իմ սիրտը. Քննիր ինձ և ճանաչիր իմ մտածմունքները. Եվ տես, թե որ չար ճանապարհում լինեմ, և առաջնորդիր ինձ դէպի յաւիտենական ճանապարհը»: Եթե մտքերդ սկսեն թափառել, աղոթիր ըստ Ա Կորնթացիս 2.14-16 խոսքերի: Խնդրի՛ր Աստծուն՝ տալու քեզ Քրիստոսի միտքը:

Նաև հիշի՛ր, որ Աստված, Ով արարել է տիեզերքը, կարող է քեզ զորացնել (Ես 40.28-31): Նա կարող է օգնել քեզ անցնելու այդ ամենի միջով: Եվ վերջապես, աղոթի՛ր քո ապագա ամուսնու համար: Աղոթի՛ր նրա սրբության, նրա զորության և նրա ցանկության համար, որ պահի իրեն՝ քեզ համար: Ես երաշխավորում եմ. եթե աղոթես նրա համար, դա կդրդի քեզ՝ լինելու և վարվելու հենց այդ կերպ:

Աղոթում եմ քեզ համար,
Թրիսիա»

Թրիսիա Գոյեր