Առյուծների դեմ նետված քրիստոնյան. Հոկտեմբերի 17-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Առյուծների դեմ նետված քրիստոնյան. Հոկտեմբերի 17-ը՝ քրիստոնեության պատմության մեջՄեզնից շատերը տեսած կլինեն առյուծների դեմ նետված քրիստոնյաների լուսանկարներ. Անտիոքի եպիսկոպոսն այդ նահատակներից մեկն էր:

Փոքր Ասիա կատարած իր արշավանքի ընթացքում Տրայանոս կայսրը ձերբակալում է Անտիոքի եպիսկոպոս Իգնատիոսին: Երբ վերջինս խոստովանում է իր հավատքն առ Քրիստոս, կայսրը մահվան դատավճիռ է կայացնում և նրան շղթայակապ ուղարկում Հռոմ:

«Հանրային ներկայացումներն» արդեն ավարտին էին մոտենում, երբ բերում են եպիսկոպոսին և ասպարեզ նետում. երկու սարսափազդու առյուծները միանգամից հոշոտում են նրան: Ավանդույթին համաձայն՝ նա մահանում է 107թ-ի այս օրը՝ հոկտեմբերի 17-ին:

Կարդալով նրա մասին՝ տեսնում ենք, որ Իգնատիոսը ոչ մի կերպ չի փորձում խուսափել սեփական մահից: Ընդհակառակը՝ դեռևս հռոմեական զինված պահակազորի հսկողության ներքո, նա շղթայակապ նստած նամակ է գրում եկեղեցուն:

Նամակում գրված է. «…սրին մոտ լինելը Աստծուն մոտ լինելն է. լինել վայրի գազանների մեջ, նույնն է, թե հայտնվել Տիրոջ բազուկներում, միայն թե թո´ղ այս ամենը լինի հանուն Հիսուս Քրիստոսի: Ես ամեն բանի համբերում եմ, որպեսզի կարողանամ զգալ Նրա տանջանքները, մինչ Նա, Ով կատարյալ մարդ դարձավ, կզորացնի ինձ»:

Այս ամենը նրա հավատքի արտաքին դրսևորումներն էին, ինչի մասին տարիներ շարունակ նա խոսում էր. «Մենք չպետք է միայն կոչվենք քրիստոնյա, մենք պետք է լինենք քրիստոնյա»,- գրում էր նա:

Մեռնել Քրիստոսի համար՝ նույնիսկ դառնալով արնախում գազանների բաժին, նշանակում է հավիտենական փառքը ժառանգել: Իգնատիոսը մահվանից առաջ խնդրում է, որպեսզի իր հավատակիցներն ու ընկերները չմիջամտեն իր «իրական նվիրաբերությանը»:

Աղբյուր՝ christianity.com