«Վեր կացեք և աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք»

«Վեր կացեք և աղոթեք, որ փորձության մեջ չընկնեք»Ինչպիսի փորձության, գայթակղության հետ էլ պայքարենք, աղոթքը այն զենքն է, առանց որի չենք կարող: Գայթակղության նպատակը մեզ ցանցի մեջ գցելն ու Աստծուց հեռացնելն է: Իսկ աղոթքն ու Աստծո հետ շփումը դրա հակառակ նպատակն ունեն. դրանք օգնում են մեզ պահպանել մեր կապը երկնային Հոր հետ:

Օ՜, ինչ մեծ են Հորից եկող սերն ու մխիթարությունը, և ինչ մեծ ուժ են ստանում նրանք, ովքեր Նրան դիմելով են հակառակ կանգնում թշնամուն:

Այն գիշեր, երբ Տեր Հիսուսին ձերբակալեցին Գեթսեմանյան այգում, Նա ասաց Իր աշակերտներին.

«Արթուն կացեք և աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք. Հոգին հոժար է, բայց մարմինը տկար» (Մաթևոս 26.41):

«Երբ որ այն տեղը հասավ, նրանց ասաց. աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք» (Ղուկաս 22.40):

«Եվ ասաց նրանց. Ինչո՞ւ եք քնում. վեր կացեք, աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք» (Ղուկաս 22.46):

Փորձությունն այստեղ նկարագրվում է՝ որպես մի բան, ինչի մեջ աշակերտները կարող էին ընկնել, իսկ դիմակայել դրան նրանք կարող էին աղոթքով: Այսպիսով, աղոթքն ու փորձությունը հակառակ են միմյանց: «Աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք»,- ասաց նրանց Տերը:

Ուրեմն եթե նրանք չաղոթեին, ապա անպայման կընկնեին փորձության մեջ: Աղոթքն ու Աստծո հետ շփումը, Նրա հետ չկտրտվող կապ ունենալը և Նրանից անհրաժեշտ օգնություն ու պաշտպանություն ստանալը այն անհրաժեշտ վահանն է, որը պահպանում է մեզ գայթակղությունից:

Սա, իհարկե, չի նշանակում մեր կյանքում գայթակղության լիովին բացակայություն: Սակայն տալիս է մեզ վստահություն նրանում, որ եթե անգամ փորձությունը հայտնվի, ապա նրան չի հաջողվի մեզ անակնկալի բերել. մենք ամուր կկանգնենք հավատքի մեջ և կխուսափենք թշնամու ցանցից:

Ըստ memo.im-ի