Հարցազրույց Բարձրյալ Աստծո հետ (տեսանյութ)

Հարցազրույց Բարձրյալ Աստծո հետ Մի անգամ երազիս մեջ հարցազրույց էի վերցնում Աստծուց.

– Ուրեմն դու ուզում ես հարցազրո՞ւյց վերցնել ինձնից,- հարցրեց Նա:

– Եթե դու ժամանակ ունես,- պատասխանեցի ես:

Նա ժպտաց.

– Իմ ժամանակը հավիտենությունն է:  Ի՞նչ հարցեր ես ուզում տալ ինձ:

– Ի՞նչն է Քեզ ամենից շատ զարմացնում մարդկության մեջ:

Աստված պատասխանեց.

– Նրանց ձանձրացնում է մանկությունը, և նրանք շտապում են մեծանալ, իսկ մեծանալուց հետո երազում են նորից մանուկ դառնալ… Նրանք կորցնում են առողջությունը՝ գումարներ վաստակելու համար, իսկ հետո կորցնում են գումարները՝ առողջությունը վերականգնելու համար: Նրանք այնքան շատ են մտածում ապագայի մասին, որ մոռանում են ներկան և այնպես են մոռանում, որ չեն ապրում ո՛չ ներկան, ո՛չ էլ ապագան: Նրանք ապրում են այնպես, կարծես երբեք չեն մեռնելու, և մեռնում են այնպես, կարծես երբեք էլ չեն ապրել:

Այդ պահին Աստված իմ ձեռքն իր ափի մեջ վերցրեց, և մենք միառժամանակ լուռ մնացինք:

Հետո հարցրեցի Նրան.

– Որպես ծնող՝ կյանքի ի՞նչ դասեր կցանկանայիր տալ Քո որդիներին:

Աստված պատասխանեց.

– Թող իմանան, որ անհնար է ստիպել ինչ-որ մեկին, որ սիրի իրենց: Այն, ինչը նրանք կարող են անել՝ ընդամենը թույլ տալն է, որ իրենց սիրեն… Թող իմանան, որ լավ չէ, երբ քեզ ուրիշների հետ ես համեմատում… Թող սովորեն ներել՝ զարգացնելով ներողամտությունը:

Թող իմանան, որ մտերիմին վիրավորելու համար ընդամենը մի քանի վայրկյան է անհրաժեշտ, իսկ այդ վերքերը բժշկելու համար կպահանջվեն տարիներ…

Թող հասկանան, որ հարուստ չէ այն մարդը, ով շատ ունի, այլ նա, ով քիչ է պահանջում…

Թող իմանան, որ կան մարդիկ, ովքեր սիրում են իրենց, պարզապես նրանք դեռ չեն սովորել արտահայտել իրենց սերը:

Թող հասկանան, որ տարբեր մարդիկ կարող են նայել միևնույն առարկային և այն տարբեր ձևով տեսնել:

Թող իմանան, որ քիչ է միմյանց ներելը, պետք է կարողանալ ներել նաև ինքդ քեզ:

– Շնորհակալ եմ Քո ժամանակի համար,- հուզված ասացի ես:- Կա՞ էլի ինչ-որ բան, որ կուզեիր փոխանցել մարդկությանը:

Աստված ժպտաց և ասաց.

– Թող իմանան, որ Ես եկել եմ իրենց համար և հավիտյան իրենց հետ եմ:

Ես քեզ սիրում եմ…