Երբ երեխաները, առավոտ կանուխ անկողիններում պառկած, լսում են իրենց ծնողի աղոթքի ձայնը…

«Դուք երբեք չե՞ք կարդացել, թե մանուկների և կաթնակերների բերանից օրհնություն կատարեցիր» (Մաթևոս 21.16):

Ես 7 երեխաների մայր եմ և բազմիցս լսել եմ Աստծո ձայնը այս փառահեղ պարգևների շուրթերից:

Ես գիտեմ, որ ինչպես իմ, այնպես էլ մյուս քրիստոնյա ծնողների մոտ ժամանակ առ ժամանակ գլուխ է բարձրացնում մեր երեխաների համար անհանգստանալու զգացողությունը: Հատկապես, երբ նրանք մեծանում են, և երևի թե ամենաուժեղ անհանգստությունը գալիս է այն ժամանակ, երբ պետք է թողնենք նրանց մենակ գնալ դպրոց:

Ես լավ եմ հիշում, երբ 5 տարի առաջ ճանապարհում էի իմ ավագ դստերը դպրոց: Այն գտնվում էր մեր տանից 3 կմ հեռավորության վրա: Նա պետք է ոտքով գնար և ոչ այնքան հրապուրիչ նեղ ու թեք ճանապարհով, ուստի ես շատ էի անհանգստոնում նրա համար:

Նաև այդ ժամանակ շշունջներ կային, իբրև թե մի միկրոավտոբուս է շրջում այդ փողոցներով ու խաբում երեխաներին… Այնքա՜ն ծանր էր իմ հոգուն՝ մենակ բաց թողնել մեր դստերը, ով մեծացել էր քրիստոնեական ընտանիքում, ծնողական սիրո հայացքի ներքո:

Մի անգամ ես կանգնել էի այդպես պատուհանի մոտ ու երկար նայում էի նրա հետևից: Դա աշնանային ցուրտ մի առավոտ էր, ժամը 8-ին, երբ դրսում դեռ խավար էր, և նա պետք է մենակ գնար դպրոց, քանի որ ամուսինս աշխատանքի էր, իսկ ես պետք է տանը մնայի՝ մեր մյուս փոքրիկների մոտ: Այնքա՜ն դժվար էր նրան բաց թողնելը: Եվ ես իմ ներքին այդ տրտմությունից ու անհանգստությունից ուղղակի աղաղակեցի Աստծուն, աղաչեցի, որ Նա լինի իմ դստեր պահապանը: Եվ հիշում եմ շատ պարզ, ասես այսօր եղած լինի, թե ինչպես Աստված հանդիմանեց իմ սրտին անվստահության համար՝ ասելով. «Դու մտածում ես, թե իմ պաշտպանությունը այն է, երբ դո՞ւ ես տեսնում, հետևում ու պաշտպանում քո երեխաներին, իսկ հետո, երբ դու նրանց կողքին չես ու չես տեսնում նրանց, ես էլ ոչինչ չե՞մ անում առանց քո օգնության, թողնում եմ նրանց իմ տեսադաշտից դո՞ւրս, իմ օգնությունը որոշակի ժամկետով դադարո՞ւմ է»:

Ես այնպես էի ամաչում, որովհետև հաճախ ասում էի, թե հավատում եմ անտեսանելիին, բայց իրականում չէի վստահում Նրան, Ում անվանում էի ինձ Հայր: Այդ օրը ես հասկացա խորությամբ, որ հավատքը հենց անտեսանելիին հավատալն է, երբ մենք չենք տեսնում մեր երեխաներին, ու հենց այդ ժամանակ Նա պահպանում է նրանց: Որովհետև Նա ընտրել է նաև մեր երեխաներին դեռևս մոր որովայնից՝ պահպանելով նրանց այն պահից սկսած, երբ մեր աչքերը դեռ չէին տեսել նրանց (Սաղմոս 139.16):

Երբ ես հասկացա, թե ինչ բան է հավատալ անտեսանելիին, ստացա մեծ ազատագրում ամեն տագնապներից: Ես կարողացա իմ բեռը գցել Նրա վրա, Ում ես Հայր եմ անվանում:

Եվ ինչն էր հետաքրքիր, որ երբ իմ աղջիկը վերադառնում էր տուն, հաճախ պատմում էր. «Մայրի՛կ, ես այնպես էի վախենում առավոտյան այդ խավարին գնալ դպրոց այն էլ այդ տհաճ նեղ փողոցներով, բայց ես ամբողջ ճանապարհին աղոթեցի, և Տերը օգնեց ինձ բարեհաջող տեղ հասնել»: Ես հասկացա, որ ոչինչ և ոչ ոք չէր կարող ստիպել 7-ամյա երեխային աղոթել 45 րոպե շարունակ, ինչպես դա անում էին դպրոցական ճանապարհի այդ դժվարությունները: Նստելով տաք ու ապահով տանը՝ նա չէր սովորի այդպես աղոթել, ինչպես նրան սովորեցրեցին ցուրտն ու մութը…

Անցան տարիներ, և ես սկսեցի անցնել երկրորդ ընթացքը՝ իմ երեխաների մասին անհանգստանալու: Դա նրանց անցումային տարիքի հետ էր կապված: Այս ընթացքում շատ քրիստոնյա ծնողներ են տագնապում, թե ինչպես են իրենց զավակները հաստատուն մնալու հավատքի մեջ այս սարսափելի աշխարհում: Չէ՞ որ աշխարհը հիմա ավելի չար ու պիղծ է, քան մեր պատանեկության տարիներին:

Բայց հենց այս դաժան աշխարհի դաժան դպրոցներում են մեր երեխաները կոփվելու և համբերություն սովորելու, ամրանալու հավատքի մեջ: Նրանց այդ ամենից մեկուսացնելով՝ մենք կմեծացնենք թույլ ու տատանվող քրիստոնյաների:

Ես երբեք ոչ մի ջերմության և հարմարավետության հետ չէի փոխի իմ կյանքի փորձությունները, որովհետև հենց դրանցում ես սովորեցի ճանաչել Նրան, Ով տառապեց Խաչի վրա իմ և քո փոխարեն ու հույս տվեց մեզ մեկ օր Իր հետ հանդիպման: Եվ եթե այսօր մենք կանգնել ենք Նրան հավատալու ճանապարհին, Ում մեր աչքերով չենք տեսնում, ապա ես հավատում եմ նաև, որ հենց Նա էլ զորություն ունի՝ պահպանելու մեր պատանիներին այս աշխարհի ազդեցությունից: Եվ ոչ միայն կպահպանի, այլև այնպիսի ուժ կտա նրանց, որ գտնվելով աշխարհի մեջ՝ նրանք չեն լինի աշխարհից: Նա կտա մեր երեխաներին զորություն՝ ապրելու հենց այս ժամանակի մեջ և Սուրբ Հոգու շարժով լինելու Իր վկաները այն սերունդի մեջ, որում իրենք կան:

Անցյալ ամառ սատանան նորից ցանկացավ ինձ գցել տագնապների շղթայի մեջ՝ շշնջալով. «Նայի՛ր, ձեր եկեղեցում երիտասարդություն գրեթե չկա, հավաքույթներն էլ այնպես չոր են անցնում, պարզ է, որ քո երեխաներին կձգի աշխարհը»:

Բայց այժմ Աստված անում է այն, ինչ որ խոստացել էր: Բոլորովին վերջերս Նա ասաց ինձ, որ եթե ծնողները արթնանան հոգևոր թմբիրից, եթե մեր տներում վառված մնա աղոթքի զոհասեղանը, ամեն բան այլ կերպ կլինի: Դա երեխաների հետևից վազելու զոհասեղանը չէ, երբ նկատում ես նրանց իրենց անկման ժամանակ և ամեն կերպ հանդիմանում սխալ քայլերի համար, այլ դա այն զոհասեղանն է, երբ մեր երեխաները առավոտ կանուխ իրենց անկողիններում դեռ պառկած՝ լսում են իրենց ծնողի աղոթքի ձայնը և այդ աղոթքի մեջ իրենց անունները, որոնց վրա մենք օրհնություն և լիություն ենք հռչակում:

Դա այն զոհասեղանն է, երբ մեր պատանիները լուռ հետևում ու տեսնում են, որ մենք իրոք մտերիմ հարաբերություններ ունենք մեր երկնային Հոր, մեր Սիրելիի հետ: Եվ դա նույնպես զոհասեղանն է ապավինության, երբ մենք մեր երեխաներին պարզապես վստահում ենք մեր ամենակարող ու ամենագետ սիրող Հոր ձեռքերի մեջ:

Այսօր ես և ամուսինս վայելում ենք այն հիասքանչ ժամանակը, երբ Աստծո կանչը հասել է մեր երեխաների սրտերին: Աստված բարձրացնում է նրանց՝ անկախ տարիքից, և լցնում վկայության ուժով: Ինձ համար սա չտեսնված մի բան է, որ Տերն օգտագործում է անգամ հնգամյա փոքրիկ երեխաներին:

Նա վերցնում է նրանց վստահող ու դեռևս ոչ կարծրացած սրտերը, որպեսզի նրանցով փառավորվի: Եթե ես և դու մի կողմ քաշվենք, ես սա հասկացել եմ ավելի խորը, Նա անպայման կգտնի նրանց, ովքեր պատրաստ կլինեն ուղարկվելու և անելու Իր կամքը: Նա կգտնի, թե ում միջոցով կարող է դրսևորել Իր ուժն ու զորությունը հրաշքներ ու նշաններ անելու համար:

Նա Պետրոսին ասաց. «Քե՞զ ինչ. դու իմ ետևիցը եկ» (Հովհաննես 21.22): Տերը արդեն պատռել է սրբության սրբոց մտնելու վարագույրը, և դու այսօր կարող ես լինել ազատ՝ հաճո լինելու Նրան և լսելու հենց այն, ինչ Նա ինքը քեզ կասի անել: Իսկ Նա ուղարկել է քեզ այսօր լինելու իր վկան՝ պատմելու այն, ինչ Նա արել է իմ և քո համար, և այն, որ յուրաքանչյուր մարդ այս երկրի վրա նույնպես թանկ է Իր համար, ինչպես ես և դու:

Իրինա Սյալլինեն Կոզիցկայա