Արտասուքի ձայնը

Արտասուքի ձայնը

Վերջերս ձեռքս ընկան արցունքների նկարներ, որոնք արվել էին մանրադիտակի օգնությամբ: Իրապես զարմանահրաշ նկարներ էին. կախված նրանից, թե ինչ տեսակ արցունքներ էին, դրանք խիստ տարբերվում էին իրարից ամեն ինչով, նման այն բանին, երբ ինքնաթիռից նայում ես փոփոխվող բնապատկերներին:

Իրականում այդ լուսանկարներից հասկացա, որ ուրախության, տխրության, ցավի, վշտի արցունքները՝ բոլորը տարբերվում են, և յուրաքանչյուրն ասես արվեստի մի ուրույն գործ լինի:

Այս ամենը միտքս եկավ, երբ քարոզում էի օրերս Սաղմոս 6-րդ գլխի խոսքերով: Սաղմոսերգուն իր սաղմոսի վերջում գրում է. «Արտասուքներովս թրջում եմ իմ մահիճը… Տրտմությունից մաշվեցավ իմ աչքը…»: Գուցե ձեզ համար էլ սա ծանոթ վերապրում է:

Բայց ինչն իսկապես ինձ տպավորեց, այն է, ինչ նա ասում է հետո. «Տերը լսեց իմ աղաչանքը»:

Եբրայերեն լեզուն պատկերավոր լեզու է: Այդ թարգմանության մեջ այս խոսքն այսպես է հնչում. «Տերը լսեց իմ լացի հնչյունը», իսկ «հնչյուն» բառը նաև ունի «ձայն» իմաստը. «Տերը լսեց իմ արտասուքի ձայնը»: Այստեղ ես այս իմաստն եմ տեսնում. «Աստված լավ գիտի իմ արտասուքի լեզուն»: Արցունքները խոսում են Նրա հետ, երբ բառեր չկան այլևս: Իհարկե, որպես Աստված, Նա ամեն բան գիտի դեռևս նախքան դա կլինի, բայց այստեղ մի խորը հայտնություն կա, որն առավել անձնական ու մտերիմ է յուրաքանչյուրի համար:

Եվ գուցե մենք կարիք ունենք սա հիշեցնելու ինքներս մեզ, քանզի երբ մենք հասնում ենք փորձության վերջին և մեր ներսում լսում խավարի այս շշունջները. «Աստծո հոգը չէ», «Նա չի տեսնում», այդ պահերին մենք կարող ենք զգալ, թե իբրև Աստված հեռու է մեզնից:

Բայց Դավիթը այս պատկերացումն է մեզ տալիս: Աստծո ժողովրդի արցունքները խոսում են այնպիսի հստակությամբ, որ Նա կարող է լսել: Ահա այստեղ է Աստված, Ում մոտ կարող ենք գալ, և Նա երես չի թեքի մեզնից:

Նա հասկանում է մեր արցունքների «բարբառը»: Քանի որ, որպես մեր Քահանայապետ, Նա «հարվածների տեր և ցավի տեղյակ» եղավ:

Այնպես որ, եկեք «համարձակությունով մոտենանք շնորհքի աթոռին, որ ողորմություն ընդունենք և շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու» (Եբրայեցիս 4.16):

Թող քո արցունքները բերեն քեզ Տիրոջ մոտ…

Մարկ Լաուրիջ