Չմնանք գաղջ քրիստոնյաներ, վերցնենք մեր խաչը

«Թող տուր. ի՞նչ բան ունես մեզ հետ, Հիսուս Նազովրեցի. եկար մեզ կորցնելո՞ւ. գիտեմ քեզ, թե ով ես, Աստծո Սուրբդ» (Մարկոս 1.24):

Ո՞վ էր այս բռնվածը Կափառնայումի ժողովարանում: Մենք ոչինչ չգիտենք նրա մասին, բայց արդեն այն փաստը, որ Հիսուսը հանդիպում է նրան ժողովարանում, ոչ թե ինչ-որ մի տեղ փողոցում, կարող է շատ բան ասել:

Հավանաբար, նա գալիս է այդտեղ, ինչպես որ կանոն է՝ ամեն շաբաթ լինել ժողովարանում:

Ինչպե՞ս էր նա արձագանքում, երբ ռաբբին կարդում էր մարգարեական գրքերը կամ բացատրում Մովսեսի օրենքը:

Գուցե նա իրեն հանգիստ էր պահում, անգամ չկասկածելով, որ բռնված է, եթե այդ բռնվածությունը ոչ մի կերպ չէր դրսևորվում, իսկ գուցե մշտապես խանգարում էր ծառայությանը ինչ-որ աղաղակներով կամ ոչ ադեկվատ վարքով, ինչն էլ, հնարավոր է, առաջացնում էր դժգոհություն ներկաների մեջ: Այսպես, թե այնպես, նրա լիակատար բռնվածությունը դրսևորվում է Հիսուսի հետ հանդիպման ժամանակ, Ում մեջ մարդկային ցեղի թշնամին ճանաչում է իր համար վտանգավոր մեկին: Մահվան վախն է, որ ստիպում է պիղծ ոգուն հայտնել իրեն. «Եկար մեզ կորցնելո՞ւ»:

Սատանան լիովին դեմ չէ, որ մենք երբեմն եկեղեցի հաճախենք, ապրենք որոշակի քրիստոնեական կյանքով, եթե դրա հետևում չկա ճշմարիտ հավատք: Նա «թույլ է տալիս» մեզ լինել «գաղջ» քրիստոնյաներ: Նման «գաղջ» հոգում չարի համար էլ է տաք, և նա կարող է ոչ մի կերպ չդրսևորել իրեն, իսկ մենք մեզ համարենք օրինական քրիստոնյաներ: Բայց երբ մենք սկսում ենք հավատքը լրջորեն ընդունել, երբ հասկանում ենք, որ խոսքերի հետևում գործեր են, որ եկեղեցի հաճախումը ավանդույթ չէ, այլ հանդիպում կենդանի Աստծո հետ Իր խոսքի մեջ, ահա թե որտեղ և երբ է պիղծ ոգին սկսում մատնել իրեն:

Ահա թե ինչու, երբ իրականում Հիսուսը մտնում է մեր կյանքի մեջ, որպեսզի ծայրահեղ կերպով փոխի այն, մենք հաճախ ընդունում ենք Նրան ինչպես մեկին, ով ցանկանում է «խլել» մեր հանգստությունը: Եվ այդժամ ամենևին էլ ոչ պիղծ ոգին, այլ հենց մենք ինքներս ենք ասում Հիսուսին. «Ի՞նչ ունես մեզ հետ»:

Բայց եկեք չմնանք «գաղջ» քրիստոնյաներ, այլ մեր խաչը վերցնելով՝ հետևենք Նրան, թեկուզև կարճ ժամանակով կորցնելով մեր թվացյալ «հանգիստը»՝ նրանից առնենք իրական խաղաղությունը, որն այս աշխարհի մոլեգնող փոթորիկներն անգամ ի զորու չեն լինի խլել:

Իրինեյ Պոգորելցև