Աստված օգտագործում է մեզ՝ ուրիշներին օգնելու համար

Աստված օգտագործում է մեզ՝ ուրիշներին օգնելու համարԵս աշխատանքային օրից հետո իմ մեքենայով գնում էի տուն, հանկարծ մեքենաս ճանապարհին կանգ առավ, և շարժիչը չէր միանում:

Դա բենզալցակայանի մոտ էր: Եվ մինչ ես կզանգահարեի ամուսնուս՝ օգնություն խնդրելու համար, նկատեցի, որ մի երիտասարդ կին լցակայանի կողքը նստած լաց էր լինում:

Մոտեցա նրան: Նա շատ հոգնած ու հիասթափված տեսք ուներ:

– Ամեն բան կարգի՞ն է: Կարո՞ղ եմ ձեզ օգնել,- հարցրեցի ես և նկատեցի ոչ հեռու կանգնած մեքենան՝ երեք երեխաներով ու շատ իրերով լեցուն:

– Ես չեմ ուզում, որ իմ երեխաները տեսնեն, թե ինչպես եմ լաց լինում:

Հետո նա պատմեց, որ ամուսինը լքել է իրենց 2 ամիս առաջ, և հիմա նա հազիվ է ծայրը ծայրին հասցնում: Չկարողանալով այլևս վճարել վարձով բնակարանի դիմաց՝ նա խնդրել է իր ծնողներին՝ որոշ ժամանակ իրենց մոտ ապրելու երեխաների հետ միասին: Ծնողները հեռու էին ապրում, բայց նա հույս ուներ, որ նրանց մոտ գնալով՝ գոնե մի փոքր կվերականգնվեր:

Հետո ես ասացի.

– Չգիտեմ՝ դու աղոթե՞լ ես, թե՞ ոչ, բայց Աստված է ինձ ուղարկել քեզ մոտ:

Ես վճարեցի նրա բենզինի համար, հետո միասին գնեցինք շատ ուտելիք ու հյութեր: Նրա երեխաներն այնքան սոված էին, որ միանգամից տարվեցին սնունդով: Իսկ մենք մի քանի րոպե էլ կանգնեցինք մեքենայի մոտ ու զրուցեցինք:

Վերջապես նա գրկեց ինձ, շնորհակալություն հայտնեց ու ասաց.

– Դուք, երևի, հրեշտա՞կ եք:

Դա ինձ այնպես հուզեց, որ աչքերս արցունքներով լցվեցին:

– Թանկագի՛նս, տարվա այս եղանակին հրեշտակները շատ զբաղված են լինում, այնպես որ՝ երբեմն Աստված օգտագործում է ինձ նման հասարակ մարդկանց,- ժպիտով պատասխանեցի ես:

Դառնալ մի մարդու հրաշքի մասը՝ աներևակայելի զգացողություն է: Եվ գիտե՞ք՝ ինչն էր ամենահետաքրքիրը: Հետո իմ մեքենայի շարժիչը միանգամից միացավ, և ես բարեհաջող հասա տուն:

Հրաշքները կատարվում են ամեն օր, բայց նրանք երբեք չեն կատարվում իրենք իրենց: Աստված օգտագործում է մեզ՝ մեկին օգնելու և աղոթքի պատասխան լինելու համար:

Մտածեք այս մասին, երբ հաջորդ անգամ տեսնեք մեկին, ով օգնության կարիք ունի: Մի՛ եղեք անտարբեր:

Եղեք բարի շրջապատի հանդեպ: Մեկնեք ձեր ձեռքը՝ օգնելու համար, և բարությունը անպայման մի օր ձեզ կվերադառնա:

Աղբյուրը՝ bible-facts.ru