Քո կյանքի «Գողիաթը» պետք է տապալվի…

Քո կյանքի «Գողիաթը» պետք է տապալվի...Իր անսահման իմաստությամբ Աստված դնում է Իր Ավետարանը թույլի և տկարի ձեռքում:

Ուստի մենք չպետք է ուժեղ լինենք մեզ համար, այլ ուժեղ Տիրոջ մեջ և Նրա հզոր զորությամբ: Մի՛ վախեցեք ձախողվելուց, վախեցե՛ք նահանջելուց:

Բնական երևույթ է, երբ մարդ ձախողվում է, սակայն նահանջելու դեպքում դուք բաց եք թողնում ճակատամարտի ողջ փառքը:

Ինչպե՞ս մենք կարող ենք փառքից փառք գնալ, երբ չենք պայքարում: «Կյանքը» սիրում է համարձակներին:

Դավիթը Գողիաթին հիշեցնում էր, որ վերջինս չի պայքարում խաշնարած տղայի հետ, ով նրա դեմ էր դուրս եկել քարերով և պարսատիկով, այլ Իսրայելի Աստծո: Աստված Իսրայելին խոստացել էր մի երկիր և նրա բնակիչների հպատակությունը այդ՝ Խոստացված երկրում: Ժամանակն էր տիրանալու այդ Երկրին: Եվ եթե դա պետք է իրականացներ մի երիտասարդ, անփորձ մարտիկ, ապա թո՛ղ լիներ այդպես:

Դավթի համարձակ հայտարարություններից հետո Գողիաթը զայրանում է և գալիս նրան ընդառաջ: Դավիթը կրկին չէր վախենում (1-ին Թագավորաց 17.48-51): Նա չէր էլ սպասում, որ այդ հսկա չեմպիոնը գա իր մոտ. նա է վազում և անցնում պայքարի սահմանը՝ Գողիաթին ընդառաջ:

Կարո՞ղ եք պատկերացնել՝ ի՞նչ էր անցնում այդ պահին այդ հսկա զինվորի մտքով: Այս մատնաչափիկ դեռահասը քիչ առաջ վիրավորել էր իրեն և ասել, թե պատրաստվում է սպանել և գլխատել:

Եվ ահա վճռորոշ պահին խաշնարած Դավիթը չի նահանջում և չի էլ զարհուրում, նա սկսում է վազել՝ վազել… Գողիաթին ընդառաջ: Այնուհետ դնում է քարը պարսատիկի մեջ և մի լավ պտտելով այն՝ արձակում հսկայի ճակատին:

Սա ավելին էր, քան պարզապես հաջող հարված. չեմպիոնն ընկնում է գլխիվայր. ինչպիսի՜ հարված… Այնուհետ Դավիթն ավարտում է այն, ինչ սկսել էր. վերցնելով Գողիաթի սեփական սուրը՝ նա սպանում է նրան և գլխատում: Իսկ երբ բարձրացնում է իր գլուխը՝ հաղթանակած, տեսնում է փղշտացիների բանակը՝ ապշած ու գլխիկոր կանգնած: Հաղթանակն Իսրայելինն էր…

Դավիթը ոչ միայն Գողիաթի սուրն է վերցնում, այլև նրա զրահը:

Ո՞րն էր դրա նշանակությունը. Գեթում ապրող միակ մեծամարմին զինվորը Գողիաթը չէր, նրանք ավելի շատ էին: Նրանցից յուրաքանչյուրը կարող էր հեշտությամբ վերադառնալ և նույնկերպ հարձակվել Իսրայելի վրա: Բայց Դավիթը արգելափակում է յուրաքանչյուր նման քայլ թշնամու կողմից: Գողիաթի սուրը, վահանը, նիզակը և զրահն այլևս երբեք չէին օգտագործվի թշնամու կողմից՝ ընդդեմ Դավթի և Իսրայելի:

Հիմա հերթը ձերն է. երբ հաղթեք ձեր «չեմպիոնին», դուք նույնպես պատասխանատվություն կկրեք ձեր եղբայր քույրերի համար: Պայքարը չի ավարտվում, երբ մեղքին լռեցնում եք կամ հրաժարվում դրանից: Ձեր վկայությունն է հաղթում թշնամուն, զինաթափ անում նրան և խրախուսում մյուս քրիստոնյաներին:

Պետք է պատմել մյուսներին, թե ինչպես էր թշնամին փորձում հարձակվել ձեզ վրա և ինչպես Աստված օգնեց հաղթահարելու ամեն դժվարություն: Երբ պատմում եք նրանց, թե ինչ է արել Տերը ձեզ համար, ապա «կառուցում», զորացնում եք նրանց հավատքը, ձեր հավատքը և փառավորում Նրան, Ով օրհնել է ձեր կյանքը:

Սա իրական հաղթանակ է:

Երբ վարվեք այսպես, նրանք նույնպես կզորանան Տիրոջով: Երկինքը կտոնի ևս մեկի հաղթանակը, քանի որ դուք բաց արեցիք ձեր բերանը, և «չեմպիոնն» ընկավ:

Երբ հաղթենք «ներսի» պատերազմում, առավել հեշտ կլինի մեր հավատքի մասին պատմել մյուսներին, քայլել միաբանության և Աստծո հետ խաղաղության մեջ՝ դառնալով անպարտելի:

 Ալեն Գրիֆֆին