Մեր երկիրը խնդրի մեջ է, և միայն Աստված է կարող բժշկել մարդկային սրտերը. Ֆրանկլին Գրեհեմ

Ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը օրեր առաջ իր ֆեսբուքյան էջում կիսվել է զգուշացմամբ այն մասին, որ «չարությունը» գլուխ է բարձրացնում Ամերիկայում: Նա խրախուսում է մարդկանց՝ քննելու «չարիքն» իրենց սրտերում, մանավանդ այն բանից հետո, երբ նրանք ականատես դարձան Լաս Վեգասում կատարված դեպքերի, երբ 60 հոգի մահացավ, իսկ վիրավորվեցին հարյուրավորները. գրում է CBN News-ը:

Իր ֆեսբուքյան գրառման մեջ Գրեհեմն ասում է, որ բազում ամերիկացիներ զարմանում են, թե ինչը 64-ամյա Սթեֆեն Փեդոքին ստիպեց վնասել այդքան մեծ թվով մարդկանց:

«Բազում մարդիկ չեն հասկանում, թե ինչը մարդու սրտում կարող է ստիպել փամփուշտներ արձակել ամբոխի մեջ՝ սպանելու ու վնասելու համար հնարավորին չափ շատ մարդկանց:

Կամ ի՞նչ կա այն մարդու սրտում, ով իր մեքենան Լոնդոնի կամրջով վարելիս՝ այն թեքում է ուղիղ մարդկանց ամբոխի մեջ, դուրս գալիս դանակը ձեռքին և խլում անմեղ մարդկանց կյանքեր,- նշում է նա՝ հղում անելով այս տարի ամռանը Լոնդոնում կատարված հարձակմանը:- Կամ ի՞նչ կա այն մարդու սրտում, ով կարող է վերցնել դանակը և կտրել մեկ այլ մարդ արարածի գլուխը»:

Գրեհեմը բացատրում է, որ կա մի ընդհանուր գիծ, որն առկա է այս բոլոր վայրենի արարքներում՝ չարիք:

«Չարիքը գոյություն ունի այսօր աշխարհում, և Աստվածաշունչը զգուշացնում է մեզ, որ «անօրենության շատանալու պատճառով շատերի սերը կսառչի» (Մաթևոս 24.12): Մենք տեսնում ենք չարության ալիքի բարձրանալը ոչ միայն այս երկրում, այլև ողջ աշխարհում»:

Գրեհեմը հավատացած է, որ Հոլիվուդը միայն նպաստում է այդ չարիքին:

«Հոլիվուդյան ֆիլմերի ստեղծողները շարունակում են առաջ տանել չարությունը, անբարոյությունը, բռնությունը՝ որպես զվարճանքի ձև»,- ասում է նա:

Հետևաբար, նա խրախուսում է իր էջի հետևորդներին քննելու սեփական սիրտը՝ բացահայտելու ամեն չար բան:

«Աստվածաշունչն ասում է. «Խորամանկ է սիրտն ամենից ավելի և ապականված. նրան ո՞վ կարող է հասկանալ» (Երեմիա 17.9):

Մեր երկիրը խնդրի մեջ է, և միայն Աստված է կարող բժշկել մարդկային սրտերը: Ահա թե ինչու Հիսուսը եկավ՝ վճարելու պատիժը մեր մեղքերի դիմաց և առաջարկելու ներում՝ Իր հանդեպ հավատքի միջոցով:

Ի՞նչ կա այսօր քո սրտում»: