Այս մարդը հատել է 1800 մղոն՝ տեղադրելով խաչեր ի հիշատակ զոհվածների

Ամերիկյան Չիկագո քաղաքի բնակիչ Գրեգ Զանիսը մեքենայով անցել է Լաս Վեգաս տանող ճանապարհը՝ խաչեր տեղադրելով ի հիշատակ Լաս Վեգասում կիրակի օրը ողբերգական դեպքերի ժամանակ զոհված մարդկանց:

Գրեգ Զանիսը հատել է 1800 մղոն տարածություն՝ տեղադրելով 59 խաչ «Բարի Գալուստ Լաս Վեգաս» ցուցանակի մոտ. մեկական խաչ յուրաքանչյուր մահացած մարդու համար: Խաչերի վրա նա փակցրել է զոհվածի լուսանկարը, անունը և մեծ կարմիր սիրտ. տեղեկացնում է WABC-TV-ին:

Զանիսը մասնագիտությամբ ատաղձագործ է: Այս բոլոր պարագաներից բացի, նա ազգությամբ հրեա զոհվածների խաչերի վրա տեղադրել է նաև Դավթի աստղը:

«Այսօր ես պատրաստում եմ 59 խաչ,- ասել է նա WGN-TV-ին՝ նախքան մեկնումը:- Սկզբում որոշել էի 50 հատ պատրաստել, բայց այս առավոտ ևս 9-ը պատրաստեցի»:

Ինչպես պարզվել է՝ Զանիսն ունի այս հուշարձաններ ստեղծելու իր պատմությունը. նա նախկինում ուղևորվել է նաև Լիթլտոն (Կոլորադո), Նյութաուն (Կոնեկտիկուտ) և Օռլանդո (Ֆլորիդա)՝ անելու նույնը այդ քաղաքներում կատարված հրաձգությունների զոհերի հիշատակը պատվելու համար:

Զանիսը կիսվել է, որ իր նպատակը այն մարդկանց հույսով լցնելն է, ովքեր կորուստ են ունեցել:

«Խաչերի այս շարանը ցույց կտա այստեղ կատարվածի իրական դաժանությունը,- ասել է նա:- Ցույց կտա ավելին, քան կարող են թղթի վրա գրված թվերն ու նկարներն անել»: