Ես չէի ցանկանում թողնել ծխելը…

Ես չէի ցանկանում թողնել ծխելը…Ես ծխել եմ մոտավորապես 30 տարի շարունակ: Եվ անկեղծ խոստովանեմ՝ ծխելը թողնել ես ոչ թե չէի կարողանում, այլ կարելի է ասել՝ չէի ուզում:

Ես Աստծուն եմ դարձել 45 տարեկանում: Թվում էր՝ արդեն հնացած սովորություն է հասուն տարիքում, էլ ինչպե՞ս կարելի է դա թողնել:

Բայց եկավ մի ժամանակ, երբ արդեն զգում էի, որ որպես հոգևոր մարդ իմ կարգավիճակը ոչ մի կերպ չէր համապատասխանում ծխողի իմ կերպարի հետ: Եվ այդ ժամանակ ես լուռ նայեցի ծխախոտի իմ կիսատ տուփին ու սկսեցի աղոթել Աստծուն.

-Տե՛ր, Դու գիտես ճշմարտությունը: Ես ամաչում եմ Քո առջև, բայց պետք է ազնիվ լինեմ: Ես իրականում չեմ ուզում թողնել այս կեղտը: Ինձ դուր է գալիս ծխելը, հատկապես ճաշից հետո…, քնելուց առաջ… Ես ձևական բաներ չեմ անի. չեմ նետի այս տուփը, որպեսզի 15 րոպե հետո փնտրեմ, թե ումից կարող եմ մի հատիկ ծխախոտ վերցնել: Ես կծխեմ այս տուփի մեջ եղած ամբողջը, իսկ հետո ինչ ուզում ես՝ արա ինձ հետ:

Պետք է տեսնեիք, թե ինչ ագահությամբ էի ես ծխում այդ վերջին մի քանի հատիկները… Վերջացնելուց հետո նետեցի դատարկ տուփը:

Եվ հրաշք տեղի ունեցավ. ես նույնիսկ չզգացի, որ բաժանվել եմ այդ լուրջ սովորությունից: Պարզապես կորել էր ցանկությունը ծխելու: Ես պարզապես չէի հիշում այդ մասին: Ես ուղղակի չէի ծխում:

Անցավ որոշակի ժամանակ: Մի քանի տարի: Եվ ահա քայլում եմ փողոցով ու տեսնում եմ, որ տատիկներ են նստած ու հատիկով ծխախոտ են վաճառում: Այդ հիմա եմ ես հասկանում, թե ինչ նկատի ուներ Պողոս առաքյալը, երբ ասում էր. «Ուրեմն ով որ համարում է, թե հաստատ կանգնած է, թող զգույշ լինի, որ վայր չընկնի» (Ա Կորնթացիս 10.12):

Բայց այդ ժամանակ ես նույնիսկ չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ: Ասես մեկ ուրիշը, այլ ոչ ես, մոտեցավ այդ տատիկներին և գնեց ծխախոտ: Ասես ինչ-որ մեկը դուրս եկավ իմ միջից ու արեց այդ քայլը: Հաջորդ ծխախոտը ես ծխեցի երկու օր հետո, հաջորդը՝ մեկ օր հետո, իսկ դրանից հետո արդեն՝ օրը երկու անգամ: Հետո արդեն մի ամբողջ տուփ գնեցի…

Շատ շուտ ես հասկացա, որ չեմ ուզում թողնել ծխելը: Այդպես շարունակվեց մոտ մեկ ամիս: Բայց «ոչինչ չկա ծածուկ, որ չհայտնվի. և թաքուն, որ չիմացվի։ Ուստի ինչ որ խավարումն ասեցիք, լույսի մեջ կլսվի. և ինչ որ ներսի սենյակներումն ականջում խոսեցիք, կտուրների վրա կքարոզվի» (Ղուկաս 12.2-3):

Իմ այդ անկման մասին եկեղեցում իմացան: Եվ պարզ է, որ տեղի ունեցավ ոչ հաճելի զրույց ինձ հետ: Ինձ ընտրության հնարավորություն էր տրված. կամ ծառայությունը, կամ ծխախոտը:

Այդ օրը Աստված ինձ տեսիլք ցույց տվեց: Ես տեսա մի կշեռք, որի մի նժարին մի հիասքանչ տաճար էր դրված, իսկ մյուսին ծխախոտի մնացորդներ: Եվ պատկերացրեք՝ կշեռքը ճոճվում էր, քանզի տաճարով նժարը չէր կարողանում հաղթահարել ծխախոտի մնացորդների ծանրությանը ու չէր իջնում ներքև:

Նույնիսկ՝ հակառակը… Եվ ամենասարսափելին այն էր, ինչ ես զգում էի իմ ներսում. ես չէի ցանկանում, որ տաճարով նժարը ավելի ծանր լիներ…

Եվ հանկարծ ուժեղ վախ պարուրեց ինձ, այնպես ուժեղ, ինչպիսին ես չէի զգացել իմ ողջ կյանքում, որքան էլ սարսափելի վիճակում հայտնված լինեի: Դա էլ երևի թե հենց Աստծո երկյուղն էր. վախ՝ մնալու առանց Աստծո, վախ՝ հետ գնալու աշխարհ…

«Ահա Տիրոջ երկյուղն է իմաստությունը, և չարությունից հեռանալը հանճար է» (Հոբ 28.28):

Այդ օրվանից անցել են շատ տարիներ: Աստծո ողորմությունն այնքան մեծ է, որ ես ոչ միայն ծխել չեմ ցանկանում, այլ այդ մասին մտածելը նույնիսկ տհաճ ու սարսափելի է ինձ համար: Նա ազատագրեց ինձ նորից, և ես հավատում եմ, որ վերջնականապես:

«Ձեզ ուրիշ փորձություն չի պատահի, բացի մարդկային փորձությունից: Բայց Աստված հավատարիմ է, որ չի թողնի ձեզ ձեր կարողությունիցը վեր փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք համբերել» (Ա Կորնթացիս 10.13):

Իվան, iscelen.org