Խորագետը տեսնում է չարիքն ու իրեն ետ պահում

Խորագետը տեսնում է չարիքն ու իրեն ետ պահում«Խորագետը տեսնում է չարիքը և իրեն պահում, բայց պարզամիտները անց են կենում՝ վնասվում» (Առակաց 27.12)։

Շատերս ելք ենք փնտրում, երբ արդեն իսկ հայտնվել ենք խնդիրների մեջ: Շատերիս աղոթքները հենց մեր խնդիրների մասին են, և մենք ելք ենք փնտրում մեր կյանքում առկա բարդ իրավիճակներից:

Աստծո Խոսքը մեզ` հավատացյալներիս, իմաստություն է փոխանցում` խորագետը նախօրոք տեսնում է չարիքը: Մեր կյանքի բազմաթիվ խնդիրներ չէին այցելի մեզ, եթե մենք ունակ լինեինք նախօրոք տեսնելու չարիքը: Սա մի պարգև է Աստծուց, որը տրված է միայն խորագետներին: Եթե մեկն իմաստության կարիք ունի, թող խնդրի:

Մենք շատ ենք խնդրում Տիրոջից, որ Նա միջամտի և օգնի մեզ մեր խնդիրներից ազատվելու հարցում: Բայց Տերը սովորեցնում է մեզ ավելի լավ ճանապարհ` իմաստություն խնդրիր Ինձնից, որ խորագետ դառնաս, որ նախօրոք տեսնես չարիքը և հեռու քեզ պահես դրանից:

Սա հրաշալի մի աղոթքի թեմա է, որը պետք է դառնա յուրաքանչյուր հավատացյալի կարևորագույն փափագներից ու աղոթքներից մեկը: Խորագետը տեսնում է չարիքը և իրեն պահում, իսկ պարզամիտները անց են կենում և վնասվում:

Տեր Հիսուսի անունով Տիրոջից իմաստություն խնդրելու փափագ և չարիքը տեսնելու խորագիտություն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան