Ռեֆորմացիայի 500 ամյակին ընդառաջ. Բողոքական վարդապետության հիմնարար կետերը

Ռեֆորմացիայի 500 ամյակին ընդառաջ. Բողոքական վարդապետության հիմնարար կետերըԲողոքականությունը ոչ թե օտար կամ նոր վարդապետություն էր, այլ հնի բարենորոգումը՝ կոչ՝ վերադառնալու քրիստոնեական հիմնարար սկզբունքներին ու աստվածաշնչյան անաղարտ ակունքներին:

Բողոքականությունը, ընդունելով Նիկեական տիեզերաժողովում առաջ քաշված սկզբունքները, կիսում է Աստծո, Սուրբ Երրորդության, Սուրբ Հոգու, հավիտենական կյանքի, դրախտի և դժոխքի (միաժամանակ հերքելով քավարանի մասին կաթոլիկական պատկերացումը), աստվածային հայտնության համաքրիստոնեական պատկերացումները:

Բողոքականները որպես հավատի հիմք ընդունում են Աստվածաշունչը՝ Աստծո անսխալ գրավոր Խոսքը: Աստվածաշունչ մատյանն ամբողջությամբ ոգեշնչված է Սուրբ Հոգու կողմից և բարձրագույն, վերջնական և անհերքելի հեղինակություն է բոլոր բողոքականների համար: Կարևոր է նշել, որ բողոքական վարդապետությունը չի հակասում Տիեզերաժողովներում ընդունված որոշումներին:

Բողոքականության դավանաբանությունը կարելի է արտահայտել հինգ հանրահայտ դրույթների միջոցով.

  1. Sola Scriptura – Միայն Սուրբ Գիրքը.

«Հավատում, սովորեցնում և դավանում ենք, որ միակ և բացարձակ օրենքն ու չափանիշը, համաձայն որի պետք է գնահատվեն բոլոր պնդումներն ու բոլոր ուսուցիչները, Հին և Նոր կտակարանների մարգարեական և առաքելական Գրքերն են»:

Բողոքականությունը որպես հավատի միակ հիմք ընդունում է  Աստվածաշունչը: Աստվածաշունչ կարդալը, ուսումնասիրելը և սեփական կյանքում կիրառելը յուրաքանչյուր հավատացյալի կարևորագույն խնդիրն է: Չկա այլ գիրք՝ նրան հավասար: Ամեն գրվածք, աշխատություն, մեզ հասած ամեն ավանդություն պետք է քննվի Աստվածաշնչի լույսի ներքո և որևէ կերպ չհակասի դրան:

«Բայց եթե մենք էլ, կամ երկնքից մի հրեշտակ ավետարանի ձեզ նրանից ուրիշ, քան թե որ մենք ավետարանեցինք ձեզ, նզովված լինի» (Գաղատացիս 1.8):

  1. Sola fide – Միայն հավատով. 

Սա ուսուցում է այն մասին, որ արդարանալ հնարավոր է միայն հավատով՝ անկախ բարի գործեր կատարելուց և ցանկացած արտաքին հոգևոր գործունեությունից: Բողոքոկան վարդապետությունը չի արժեզրկում բարի գործերը, սակայն ժխտում է դրանց նշանակությունը որպես հոգու փրկության աղբյուր կամ պայման: Բարի գործերը հավատի անխուսափելի պտուղն են և պետք է լինեն քրիստոնյայի կյանքում, սակայն առանց հավատքի դրանք մարդուն փրկել չեն կարող:

«Որովհետև շնորհքով եք փրկված հավատքի ձեռքով. Եվ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է» (Եփ. 2.8)։

  1. Sola gratia – Միայն շնորհով.

Սա վարդապետություն է այն մասին, որ փրկությունը շնորհ է, այսինքն՝ Աստծո կողմից մարդուն տրված ձրի պարգև: Մարդը չի կարող վաստակել փրկությունը, գնել այն ինչ-որ կերպ: Պարզապես պետք է հավատալ և ընդունել այն որպես պարգև:

«Որովհետև շնորհքով եք փրկված հավատքի ձեռքով. Եվ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է. ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա» (Եփ. 2.8-9)։

  1. Solus Christus – Միայն Քրիստոսը.

Բողոքականության տեսակետից Քրիստոսը միակ միջնորդն է Հայր Աստծո և մարդու միջև, և փրկությունը հնարավոր է միայն առ Քրիստոս ունեցա հավատի միջոցով՝ ապաշխարելով և նրան ընդունելով որպես Տեր ու Փրկիչ:

«Որովհետև մեկ Աստված կա, և մեկ միջնորդ Աստծո և մարդկանց մեջ՝ Քրիստոս Հիսուս մարդը» (Ա Տիմ. 2.5):

«Սա գրում եմ ձեզ, որ չմեղանչեք, և եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր մոտ Հիսուս Քրիստոս արդարին» (Ա Հովհաննես 2.1):

Աստվածաշունչը չի խոսում սրբերի բարեխոսության ու միջնորդության մասին, այլ հակառակը, նշում է, որ մեկ միջնորդ ու բարեխոս կա մարդկության համար, ինչն էլ որպես հիմք է ծառայում բողոքական ուղղության հավատացյալների համար:

  1. Soli Deo gloria – Փառքը միայն Աստծունն է.

Սա վարդապետություն է այն մասին, որ մարդ պետք է մեծարի ու երկրպագի միայն Աստծուն, քանի որ փրկությունը շնորհվում է միայն Նրա կամքով: Ոչ ոք իրավունք չունի հավակնելու Աստծուն հավասար փառքի ու մեծարանքի՝ ոչ Հռոմի պապը, ոչ էլ որևէ եկեղեցական ծառայող:

«Որովհետև երեք են, որ [երկնքում վկայում են, Հայրը և Բանը և Սուրբ Հոգին. Եվ այս երեքը մի են» (Ա Հովհ. 5.7):

CrossNews.am